Կա մեկ ճանապարհ և մեկ լուծում՝ ձևավորել համաժողովրդական և համազգային դիմադրություն․ Իշխան Սաղաթելյան
25 Նոյեմբեր 2021
«Քանի դեռ այս իշխանությունները գոյություն ունեն, Հայաստանի գլխին կախված են նոր վտանգներ, նոր զիջումներ և նոր կորուստներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Իշխանություններին հեռացնելու նպատակով, ըստ Սաղաթելյանի, համատեղ պայքար է պետք իրականացնել։
Մտահոգությունները՝ երկրի անվտանգային խնդիրների շուրջ, օրեցօր ավելանում են։
«Մտահոգություն չէ՞, որ թշնամին 41 կմ ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, մտահոգություն չէ՞, որ Գորիս-Կապան ճանապարհն այլևս նրանց հսկողության տակ է։ Մտահոգվելու այնքան պատճառ և առիթ կա, բայց մեր ժողովուրդը, կարծես, կորցրել է իր իմունիտետը։ Այսինքն, արդեն «սովորական» է դարձել՝ անհետ կորածներ, զոհեր, մահեր, թշնամու ագրեսիա, ներխուժում։ Շարունակ մեր ժողովրդին այս իշխանությունները տրամադրում են պարտության։ Երկրում ստեղծել են մի մթնոլորտ, թե սա «ճակատագիր է», այլ ելք չունենք, հատուկ մարդկանցով քարոզչություն են իրականացնում՝ ինչ ուզում են, եկեք հիմա տանք, թե չէ՝ հետո ավելի ծանր կլինի․․․»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ գործող ղեկավարությունն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը։
«Կա մեկ ճանապարհ և մեկ լուծում՝ ձևավորել համաժողովրդական և համազգային դիմադրություն, այս իշխանություններին հեռացնելու պահանջը և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու պահանջը դարձնել համաժողովրդական և օր առաջ լուծել այս վիճակը։ Յուրաքանչյուր օրը կորուստ է մեր երկրից, ժողովրդից, պետականությունից»,- ընդգծեց Սաղաթելյանը։