Իշխող կուսակցության եւ դրա կցորդների հետ կոալիցիաները բացառված են․ Իշխան Սաղաթելյան
07 Դեկտեմբեր 2021
ՀՅԴ-ն, հետեւելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, կարող է կոալիցիա ձեւավորել այլ ուժերի հետ, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ դրա կցորդների հետ նման համագործակցությունը բացառվում է։ Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա պարզաբանեց, որ ապագայում կլինեն նաեւ համայնքներ, որտեղ ոչ իշխանական ուժերը կմիավորվեն եւ կձեւավորեն իշխանությունը տեղերում։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն վայելում ժողովրդի աջակցությունը, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա արտացոլվի փողոցներում․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ կառավարության վարկանիշի անկումը կապված է խոստացված խաղաղության բացակայության հետ։
Նա նշեց, որ վերջին երկու ընտրությունների արդյունքներով իշխող կուսակցությունը 240 հազար ձայնով պակաս է հավաքել, քան հավաքում էր նախկինում։
Նա նշեց, որ սուտ են ասում ՔՊ-ականները, որ 25 համայնքում հաղթել են։ «Հերթական անգամ մանիպուլյացիա է։ Կարող են միայնակ իշխանություն ձևավորել 14-15 համայնքում։ Մնացած համայնքներում ընդդիմության և այլ ուժերի հավաքած քվեներն ավելի շատ են։ Այստեղ այլ հարց է. իրենք ունեն կցորդ, սպասարկող քաղաքական ուժեր, որոնք որոշ համայնքներում ձայներ փախցնելով՝ կմիավորվեն իրենց հետ և ձևավորեն իշխանություն»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունը չունի համաժողովրդական աջակցություն. «Հունիսի 20-ին մարդկանց խոստացել էին անվտանգություն, խաղաղություն, 5 ամիս է անցել, մարդիկ տեսնում են՝ մենք չունենք անվտանգություն, խաղաղություն, ունենում ենք զոհեր, գերիներ, տարածքային կորուստներ։ Հետևաբար, իրենց տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն, այսօր ամեն ինչ պետք է անենք, որ դա դրսևորվի փողոցում»։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Արցախի հիմնախնդրին, նաև արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չկա Արցախի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, այլ կա լուծում:
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, քանի դեռ ինքը կա, Արցախին հայանպաստ լուծում չի լինելու: Վերջերս եմ Արցախում եղել ու ունեցել եմ տարբեր հանդիպումներ: Առնվազն Արցախի արտաքին գործերի նախարարության, Արցախում գործող բազմաթիվ քաղաքական ուժերի մակարդակով հստակ հայտարարվում է Արցախի կարգավիճակի, անկախության անհրաժեշտության մասին: Այս իշխանությունը դրությունը բերել-հասցրել է մի իրավիճակի, երբ թշնամին Վարդենիսից, Սյունիքից մտել է ՀՀ տարածք, և Հայաստանի պաշտպանությունն են արդեն ձեռքբերում ներկայացնում: Թշնամին մտնում է մեր հայրենիք, 5-6 դիրք վերցնում է, եթե մեկին հետ են ուղարկում, դա ներկայացնում են մեծ ձեռքբերում: Այս իմաստով, այո, հասել ենք նրան, որ Արցախի հարցն այսօր ՀՀ իշխանության օրակարգում դարձել է երկրորդական»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: