Ինձ չեմ հարգի՝ ես մեկնեմ գործուղման, երբ մյուսներն ապօրինի զրկված են այդ իրավունքից
09 Դեկտեմբեր 2021
Խորհրդարանի երկրորդ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որ իշխանությունը վերացնի քրեական գործերով անցնող պատգամավորների՝ երկրից դուրս գալու արգելքը: Կասեցնում են միջազգային կազմակերպություններին մասնակցությունը, մինչև չկատարվի իրենց պահանջը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդգրկված են միջազգային խորհրդարանական բոլոր պատվիրակություններում, խմբերում։ «Պատգամավորները զրկված են իրենց լիազորություններն իրացնելու հնարավորությունից, չենք հանդուրժելու սա», – azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Խմբակցությունը պահանջ է դնում բացել բոլորի հնարավորությունները, որպեսզի իրենք կարողանան իրենց լիազորությունները լիարժեք իրականացնել, այն, ինչ որ Սահմանադրության և օրենքների պահանջն է», – նշեց Արմեն Ռուստամյանը։
Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի թիմին մեղադրում է արտաքին քաղաքականությունը ձախողելու, խորհրդարանական դիվանագիտությունը տապալելու համար, բայց միաժամանակ հրաժարվում խորհրդարանական դիվանագիտության իր լծակներից՝ միջազգային հարթակներում Հայաստանի խնդիրների ու իշխանության սխալների մասին բարձրաձայնելու հնարավորությունից։
Երկրից դուրս գալու արգելքը ոչ բոլորին է վերաբերում, ինչո՞ւ են մյուսները հրաժարվում միջազգային հարթակներում իրենց իսկ պատկերացրած դիվանագիտությամբ աշխատելու, Հայաստանի շահն առաջ մղելու հնարավորությունից։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Հայաստանից դուրս գալու արգելք չունի։
«Լավ, ի՞նչ կապ ունի, Արմեն Ռուստամյանն էլ հրաժարվում է այդ իրավունքից այնքան ժամանակ, մինչև մյուսին ապօրինի զրկած իրավունքները չվերականգնվեն։ Բա Արմեն Ռուստամյանի պայքարը հենց այստեղ պետք է սկսի, ոչ թե այնտեղ, գնամ այնտեղ, ի՞նչ ասեմ», – ասաց Ռուստամյանը։
«Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 12-ը երկրից դուրս գալու խնդրի առջև են կանգնած, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը։ Նրանք անցնում են քրեական գործերով, դատարանը պատգամավորներին թույլ չի տվել գործուղման մեկնել։
Արմեն Ռուստամյանն ասում է՝ ինքն էլ չի մասնակցի ԵԽԽՎ նիստին, քանի դեռ նույն պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը զրկված է այդ իրավունքից։ «Խմբակցության կեսին թույլ են տալիս, մյուս կեսին թույլ չեն տալիս, էն մյուս կեսը պիտի օգտվի՞ իր հնարավորություններից և որևէ ձևով չպաշտպանե՞ն ընդհանուր արժեքները, այսինքն` ո՞նց կարող է դա ընդհանրապես դիտվի: Ես ինքս որպես անձ ինձ չեմ հարգի», – ասաց պատգամավորը։
Գայանե Սարիբեկյան