Քանի դեռ կա թշնամական մթնոլորտ, ապա բիզնես հարաբերություններ դժվար է կառուցել. Սուրեն Պարսյան
15 Դեկտեմբեր 2021
Երկաթուղու վերագործարկման դեպքում նախ պետք են երկկողմանի անվտանգության երաշխքիներ, լուրջ ներդրումներ։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։
Որքանով է սա իրատեսական և ինչ երկաթուղու մասին է խոսքը։
Սուրեն Պարսյանի խոսքով՝ այս պահին կարող են դիտարկվել Ղազախի և Երասխի հատվածով երկաթուղին։ Դա նշանակում է, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել Ռուսաստան կամ դեպի արևելք, իսկ Ադրբեջանը հնարավորություն կունենա երկաթուղային կապ հաստատել Նախիջևանի հետ: Այսինքն, ըստ տնտեսագետի, երկաթուղու ապաշրջափակման երկու հնարավորություն կա։
«Սակայն երկաթուղու ապաշրջափակումը չի ենթադրում, որ շուկաներն են բացվելու, երկկողմանի հարաբերություններն են ամբողջությամբ կարգավորվելու։ Օրինակ, մենք ունենք Թուրքիայի հետ ավտոմոբիլային տարանցման հնարավորություններ, մեր բեռնատարները կարող են գնալ Թուրքիա և հակառակը, բայց մենք երկկողմանի հարաբերություններ չենք ստեղծում այդ երկրի հետ։
Հիմա երկաթուղու բացումը Հայաստանի տրանսպորտի համար կարող է այլընտրանքային հնարավորություն ունենալ։ Իրականում դեպի Եվրոպա, Ռուսաստան մեր արտահանման համար սա էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ամենակարճ ճանապարհը Վրաստանի տարածքով բեռնափոխադրումն է, որն ավելի էժան է, քիչ ժամանակ է պահանջում։ Իսկ երկաթուղու դեպքում, եթե բեռները Ղազախով հասնեն Բաքու, Բաքվից՝ Ռուսաստան, ապա տրանսպորտային ծախսը թանկ կլինի և ժամանակատար։
Բայց, որպես այլընտրանք, ցանկացած երկիր պետք է ունենա նման հնարավորություն։ Բացի այդ, կան որոշակի խումբ ապրանքներ, որոնք հնարավոր են տեղափոխել միայն երկաթգծով։ Դրանք ծանր, մեծ չափեր ապրանքներն են, ուստի բեռնափոխադրման տեսանակյունից այդ տարբերակը կարելի է օգագործել»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել անվտանգության հարցրերին։ Ըստ նրա՝ այսօր հայկական երկաթուդին գտնվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարման ներքո, նրանք միգուցե կարողանան ադրբեջանական կողմի հետ գտնել անվտանգային երաշխիքներ, որ հայկական բեռները Ադրբեջանի տարաքով բեռնափոխադրման դեպքում չեն վնասվի։
«Սա պետք է հաջորդ փուլը լինի, ինչը բավականին բարդ է։ Այսինքն՝ պետք է լինեն երկկողմանի երաշխիքներ անվտանգության առումով։ Զուտ հայտարարություններով, որ մենք հաստատում ենք երկկողմանի երկաթծի շահագործումը, դա քիչ է»,- նշեց տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանի դեպքում Ղազախի հատվածում կան տեխնիկական որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, հակառակ դեպքում հնարավոր չէ այն շահագործել։
Այսինքն, ըստ նրա, այն երկար ժամանակ այն չի շահագործվել և ներդրումներ պետք է արվեն։
Սուրեն Պարսյանը նշեց նաև, որ մինչ այդ կարող են օգտագործել Վրաստանի տարբերակը՝ երկաթգծով բեռները տեղափոխել Վրաստան, այդտեղից՝ Ադրբեջան, որից հետո էլ՝ Ռուսաստան։ Սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ տնտեսական տեսանկյունից դա ձեռնտու տարբերակ չէ։
«Դա որպես այլընտրանք կարող է լինել , բայց չպետք է դրանից տնտեսական հրաշքներ սպասենք։ Այսինքն՝ սա այլընտրանք է, բայց տնտեսական տեսանկյունից մեծ սպասումներ չպետք է ունենանք։ Այո, ցանկացած երկիր պետք է ունենա այլընտանքային ճանապարհ, չենք կարող ասել՝ մեզ պետք չէ, հատկապես այդ ճանապարհը կարող ենք օգտագործել դեպի Չինաստան, Միջին Ասիայի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար։
Օրինակ, մենք Չինաստանից ապրանքներ ենք ներկրում, կամ հակառակը՝ արտահանում։ Բայց սրանք ուղղակի հնարավորություններ են, որոնք պետք է ուսումնասիրվեն։ Նախ հարց է առաջանում՝ մեր բիզնեսները կկարողանա՞ն ադրբեջանական կողմի հետ լուծումներ գտնել, բայց քանի դեռ կա թշնամական մթնոլորտ, ապա բիզնես հարաբերություններ դժվար է կառուցել»,- ընդգծեց նա։
Տնտեսագետի խոսքով՝ քաղաքական առումով կան լուրջ խնդիրներ, եթե դրանք չուծվեն , ապա բիզնես հարաբերություններ չեն կարող լինել։ «Սպառնալիքներն Ադրբեջանի կողմից լինելու են, փոխադարձ անվտահությունը լինելու է։ Հիմա, եթե հակական ընկերությունը ցանկանում է Ադրբեջանի տարածքով բեռ տեղափոխել, պետք է կապ հաստատի ադրբեջանական լոգիստիկ ընկերության հետ։ Արդյո՞ք այդ վստահությունը կա կամ հայկական ըկերությունը նման ռիսկի կգնա՞։ Այսինքն՝ թղթի վրա կարող է ամեն ինչ գրված լինել, բայց կյանքի չկոչվել»,- ասաց Սուրեն Պարսյանը։