Դիմադրությո՛ւն ապօրինություններին․ ընդդիմության ակցիան ԲԴԽ-ի եւ Դատախազության դիմաց
17 Դեկտեմբեր 2021
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը այսօր, դեկտեմբերի 17-ին համատեղ բողոքի ակցիա են իրականացրել Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ։ Մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել«քաղաքական բռնաճնշումների» դեմ:
Հայաստանում համատարած ապօրինություններ ու բռնաճնշումներ են տեղի ունենում՝ ամեն օր ազատությունից զրկվում են աձինք իրենց քաղաքական հայացքներ համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԲԴԽ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
«Այդ բոլոր հրահանգները իջնում են այս շենքից և Գլխավոր դատախազությունից, ովքեր Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք՝ Հայաստանում բռնություններ իրականացնելու և մեկ մարդու բռնապեություն հաստատելու համար։ Հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր կալանավորված են բացառապես իրեն քաղաքական գործունեության համար։ Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման դեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր են կանխել այս ամենը և չարիքի կառավարությանն «ուղարկել գրողի ծոցը», որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում են մեր ժողովրդի դիմադրողականությունը, տանում նոր պարտությունների և զիջումների։
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլի շահերը սպասարկող իրավապահ մարմինները, դատավորները, դատախազները գտնվում են ճնշման տակ, քանի դեռ Հայաստանում որոշումներ են կայացնում Նիկոլի ցանկությամբ, որոնք հակասում են Սահմանադրությանը եւ օրենքին։ «Զգուշացնում ենք, որ մենք վաղը եւ մյուս օրը կարող ենք նորից այստեղ լինել, եթե դատավորները Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ շարունակեն կատարել մեկ անձի ցանկությունը»,-ասաց նա։
Այն գործը, որ դուք անում եք ապօրինի հանձնարարություններ կատարելով, փորձում եք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը, մենք դա թույլ չենք տալու, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այն քրեական գործերը, որոնցով դուք հանդես եք գալիս որպես հսկող դատախազներ, այդ գործերով ինքներդ եք պատասխան տալու։ Կոչ ենք անում ձեզ դադարել ծառայել ապօրինի հրամաններին, հրամաններ տվողներին», – ասաց պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց են սկսելու.
«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»։
https://youtu.be/i8uemdBG4co