Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նույն օրն անցկացնելու կետն իրենից մեծ վտանգ է պարունակում
02 Փետրվար 2022
«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծն Արցախի ԱԺ նիստում կքննարկվի վաղը՝ փետրվարի 2-ին։ Այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, ըստ ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, բխում է այն մարտահրավերներից, որոնք կանգնած են Արցախի առջև։
«Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս կառավարման կայուն համակարգ ունենալ։ Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նույն օրն անցկացնելու կետն ինքնին մեծ վտանգ է պարունակում։ Մեզ պես երկրում, որտեղ մշտապես կա պատերազմի վտանգ, կառավարման ճգնաժամին նպաստող կետ չպետք է լինի Սահմանադրության մեջ»,- Փաստինֆո-ի հետ զրույցում ասել է Բալայանը։
Բացի այդ, նրա փոխանցմամբ Արցախում ու Հայաստանում գործող իրավական ռեժիմները պետք է կամ նույնը, կամ գոնե շատ մոտ լինեն իրար։ ՀՅԴ կուսակցությունում դեռ այս թեմայով քննարկում չի եղել։
«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կհստակեցվի, թե Արցախում կառավարման որ ձևն է ավելի նպատակահարմար։ Ի դեպ, հանձնաժողովը մասնագիտական է, բայց կան նաև անդամներ տարբեր կուսակցություններից, քաղաքական ուժերից, խմբակցություններից»,-ասել է նա։
Քանի որ ընդամենը երկու օր առաջ է ստեղծվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, Բալայանը դժվարացավ մանրամասներ հաղորդել։