Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ
25 Փետրվար 2022
Այսօր, փետրվարի 25-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ բողոքի ակցիա են իրականացրել Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։
Նրանց ձեռքին կային հետեւյալ գրառումներով պաստառներ. «Դադարեցրեք սպիտակ ցեղասպանությունը», «Դադարեցրեք մշակութային կհուշարձանների ոչնչացումը»:
Հերթական անգամ մենք ականատես ենք լինում ադրբեջանաթուրքական հերթական ցեղասպանական քաղաքականությանը․ ասաց ՀՅԴ ՆԱՈւՄ վարչության ատենապետ Տարոն Ղազարյանը:
«Այս անգամ Ցեղասպանությունն իրականացվում է մեր մշակույթի հանդեպ։ Ընդամենը հարյուրամյա պետությունը իրեն հռչակում է մեր հազարամյա մշակույթի կրող և հեղինակ ու փորձում է խեղել մեր բազմադարյա ժառանգության հայկական ինքնությունը»,-ասաց Տարոն Ղազարյանը։
Նա ասաց, որ իրենք վստահ են, որ հայկական երկու հանրապետությունների իշխանություններն այս ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկում և նաև վստահ են, որ դրան զուգահեռ ՀՀ քաղաքացիները պետք է շարունակաբար պահանջատեր լինեն այդ հարցում։
Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր ունեն որոշակի ինքնություն և այդ ինքնությունից բխող մտահոգություն․ իր խոսքւմ ասաց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տիգրան Չանդոյանը։
Նրանք մտահոգված են Ադրբեջանի մշակույթի նախարարի այն հայտարարությունից, որ Ադրբեջանը ձևավորել է հատուկ մասնագետների հանձնախումբ, որն զբաղվելու է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող «ալբանական» մշակութային կոթողների «ինքնության վերականգնմամբ»։
Նա նշեց, որ այս ակցայից բացի իրենք նախատեսում են կազմակերպել ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն այն մշակութային կոթողների լուսանկարները, որոնք այսօր գտնվում են անմիջական վտանգի ներքո։ Չանդոյանը նշեց, որ դա լինելու է նաև տեղեկատվական ակցիա, քանի որ մեր հանրության մեծ մասը չգիտի ինչի մասին է խոսքը։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/Mjk-yBV9YGQ
Ստորեւ ներկայացնում ենք ուսանողական միության տարածած հաղորդագրությունը․
Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։ Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։
Արցախը հայությանն է, և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործին։
Սիրելի՛ հայրենակիցներ
Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։
Ելնելով վերոնշալ համոզումներից՝ սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք։