Բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը
03 Մարտ 2022
Արցախյան հիմնահարցի հիմնարար դրդապատճառներից մեկը մշակութային ճնշումներն էին, որոնց Ադրբեջանում ենթարկվում էր հայությունը, նաև՝ Խորհրդային Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Ազատագրելով մեր հայրենիքը, մենք 30 տարի անց բախվեցինք այդ նույն խնդրին, երբ խնդրո առարկա է ոչ միայն հայերի ապրելու իրավունքն Արցախում, այլ նաև հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, որն Ադրբեջանը կա՛մ ձգտում է ոչնչացնել, կա՛մ ծայրահեղ դեպքում փորձում է զրկել հայկական պատկանելիությունից: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով, որոշ դեպքերում դա եկեղեցիների «ուղղափառացումն» է, մյուս դեպքերում՝ հայկական մշակութային ժառանգության «աղվանացումը», որոնց մասին ուղղակի հրահանգները տվել է Ադրբեջանի ղեկավարը: «Խորհրդային Միությունում հեշտ չէր այդպիսի գործողություններ կատարել, որովհետև կար վերադաս Մոսկվա, որը զսպիչ դեր էր կատարում. մեկ երկիր էր միասնական ղեկավարությամբ: Հիմա դա չկա»,- նշում է նա:
«Վերջերս ակտիվացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելության խնդիրը: Ադրբեջանը կարծես թե իր համաձայնությունը ևս տվել է, ու մենք պետք է պատրաստ լինենք այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ փոխհարաբերություններին»,- կարծում է հասարակական գործիչը: Սերգեյ Շահվերդյանը ցավով է նշում, որ այդ ուղղությամբ ամեն ինչ արված չէ. այսօր օրախնդիր է դարձել պետական տարբեր մարմինների համակարգված գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելությանը պատրաստվելու և, առհասարակ, Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը մշակույթի առումով հակազդելու ուղղությամբ: Նա առանձնացնում է մի շարք հրատապ գործողություններ, որոնք պետք է իրականացնի պետությունը՝ հասարակության և մասնավոր հատվածի հետ համատեղ.
— Անհրաժեշտ է բռնազավթված տարածքներում մնացած հուշարձանների և արվեստի գործերի, թանգարանային հավաքածուների վերաբերյալ միասնական տեղեկատվական շտեմարան ստեղծել:
-Հենց ադրբեջանական աղբյուրները վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են հրապարակել: Դա վերաբերում է թե՛ եկեղեցներին, թե՛ գերեզմաններին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի նահատակների հիշատակին կառուցված հուշարձաններին, թե՛ Խորհրդային Միության հայազգի հերոսներին նվիրված հուշակոթողներին: Մեզ անհրաժեշտ է շտապ պատրաստել վանդալիզմի ենթարկված այդ հուշարձանների ցուցակները՝ լուսանկարներով, տեսաերիզներով, և հրապարակել համապատասխան բրոշյուր:
-Մշակույթի և պատմության հուշարձանների վերաբերյալ կարիք կա միասնական վերջնական ցանկերի մշակման, որոնք պետք է լինեն նաև լուսանկարներով ուղեկցված, և յուրաքանչյուր պատմական հուշարձանի համար պետք է թղթածրարներ պատրաստել՝ օտար լեզուներով կարճ նկարագրություններով և լուսանկարներով, որոնք կարող են օգտագործվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դաշտային առաքելություններին ներկայացնելու համար:
— Պետք է հիշեցնել, որ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել իսլամական հուշարձանների պահպանման ուղղությամբ: Առանձին գրքույկներ, տեսաերիզներ պետք է հրապարակել իսլամական հուշարձանների պահպանության ուղղությամբ մեր կատարած աշխատանքների վերաբերյալ:
Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ շատ հաճախ մեր ուշադրությունից դուրս են մնում օկուպացված տարածքներում մնացած թանգարանային և արվեստի հավաքածուները: «Մենք անհրաժեշտություն ունենք պատրաստելու թանգարանների և մասնավոր հավաքածուների մշակութային արժեքների ցանկերը, որոնք պետք է լինեն լուսանկարներով և մշակութային արժեքների փորձագիտական գնահատմամբ. չէ որ դրանք նաև նյութական արժեք ունեն: Պետք է յուրաքանչյուր թանգարանի և մասնավոր հավաքածուների վերաբերյալ հրատարակել պատկերազարդ բրոշյուրներ, տեսաերիզներ ստեղծել, որոնց հիմք կարող են հանդիսանալ տարբեր տարիների՝ Արցախի հանրային հեռուստատեսության նկարահանումները: Ի վերջո, իրավական գործընթացներ սկսելու անհրաժեշտություն ևս կա, որովհետև դրանք կորել են: Պետք է քրեական գործեր հարուցել ու բռնազավթված տարածքներում մնացած արժեքների միջազգային հետախուզում հայտարարել, որպեսզի մշակութային արժեքների ապօրինի վաճառք տեղի չունենա»,- գործողությունների հաջորդականությունը նշում է նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ անուշադրության է մատնվում օկուպացված տարածքներում մնացած եկեղեցական գույքը: Պետք է ամփոփել կորսված եկեղեցական գույքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ գորգեր, ծիսական գույք, սրբապատկերներ, ձեռագործ աշխատանքներ: Անհրաժեշտ է Արցախի հանրային հեռուսատեսության արխիվերի հիման վրա ստեղծել տեսաերիզները, ցանկեր կազմել ու նաև այդ ուղղությամբ հրատարակել առանձին գրքույկներ: «Մի քիչ առանձին հարց է Շուշիի Ղազանչեցոց և վ եկեղեցիների խնդիրը, որոնց հայկականությունը խնդրո առարկա է դարձրել Ադրբեջանը՝ այն ներկայացնելով որպես ուղղափառ եկեղեցիներ»,- նշում է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը՝ շեշտելով հայկական հուշարձանների աղվանացման դեմ պայքարի ռազմավարության մշակման կարևորությունը:
Շատ կարևոր հանգամանք ևս. պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի իսլամական հուշարձաններին: Ադրբեջանը բարձրացնում է թվեր, որ հայերն իբր 30 տարվա ընթացքում ազատագրված տարածքներում 60 մզկիթ են ոչնչնացրել: Այնինչ, իրականում այդ թվերն ուղղակի հնարված են: Դա ապացուցելու համար ուղղակի անհրաժեշտ է համեմատել Ադրբեջանական ԽՍՀ հուշարձանների պետական ցուցակները ազատագրումից հետո այդ տարածքներում իրենց հայտարարած հուշարձանների քանակի հետ, այնուհետև այսօրվա հրապարկված թվերի հետ համադրելով ցույց տալ, որ դրանք պարզապես հնարել են: Պետք է նաեւ ի մի բերել իսլամական հուշարձանների պահպանման եւ վերականգնման վրա ծախսված գումարները, ներկայացնել դրա համեմատականը հայկական հուշարձաննների վերականգնման ծախսերի հետ:
Նա կարևորում է նաև Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ Թանգարանների միջազգային խորհուրդ (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), Կապույտ վահաններ: Իսկ օրենսդրական առումով՝ անհրաժեշտ է շարունակել մշակութային ժառանգության պահպանության բնագավառում միջազգային բոլոր համաձայնագրերին Արցախի միակողմանի միացումը: «Այդ գործընթացն սկսել ենք 2014թ., երկու կոնվենցիայի միացել ենք, այնուհետև գործընթացն ընդհատվել է»,- ասում է Ս. Շահվերդյանը:
Սրանք են այն խնդիրների կարճ նկարագրությունը, որոնք մեր պետության առջև կանգնած են այսօր: «Այս գործընթացը մեկ պետական մարմնի գործառույթ չէ: Այս ծավալի աշխատանքը չի կարող այսօր գործող պետական համակարգն իրականացնել: Այդ ամենը կարելի է անել բացառապես պետական տարբեր մարմինների, մասնավոր անձանց և մասնագիտացված կազմակերպությունների գործողությունների համակարգման միջոցով»,-համոզված է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը:
Որպես ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար՝ անդրադառնալով իսլամական հուշարձանների նկատմամբ վարվող պետական քաղաքականության մասին հարցին, Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ անհրաժեշտ է վերհանել թվերը, թե 30 տարվա ընթացքում որքան գումար ենք ծախսել քրիստոնեական և իսլամական հուշարձանների վերականգնման վրա: Եթե համեմատելու լինենք վերականգնման ենթակա հայկական հուշարձանների քանակը իսլամական հուշարձանների քանակի հետ, կստացվի, որ իսլամական հուշարձաններին շատ ավելի ենք ուշադրություն դարձրել, քան հայկականին:
«Իսլամական մշակութային ժառանգությունը հայտարարել ենք Արցախի ժողովրդի սեփականություն և ամբողջ ժողովրդի ժառանգություն և, համապատասխանաբար, մեծ ուշադրություն էինք դարձնում այդ հարցերին: Օրինակ Շուշիի երեք մզկիթներից երկուսը վերականգնված են, ընդ որում՝ մեծ մզկիթի վերականգնումը երկու անգամ ենք արել. առաջին անգամ 2009թ. կոնսերվացման աշխատանքներ, իսկ 2015թ. հիմնովին վերականգնման աշխատանքներ ենք իրականացրել: 2008-2018թթ. մեծ աշխատանքներ էինք կատարում իսլամական հուշարձանների կոնսերվացման, մաքրման և պահպանման ուղղությամբ»,- շեշտում է նա: Արել ենք այնքան, ինչքան թույլ են տվել պետական սուղ միջոցները: Մեր հակամարտության մեջ կրոնական էլեմենտ մտցնելու համար ադրբեջանցիները դա ներկայացնում են որպես իսլամական մշակութային հուշարձանների ոչնչացում: Մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ մենք որևէ ոչնչացման քայլեր չենք ձեռնարկել: Խաղաղ ժամանակ, կազմակերպված ձևով որևէ հուշարձան չի վնասվել: Որոշները վնասվել են պատերազմի ընթացքում, որոշները բնական մաշվածության են ենթարկվել, բայց սա ներկայացնել որպես միտումնավոր ոչնչացում՝ ճիշտ չէ:
Տաթեւիկ Աղաջանյան