Ալիևը, ի հեճուկս Ռուսաստանի, որոշեց Եվրոպային գազ մատակարարել
03 Մարտ 2022
Ինչպես տեղեկացանք Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնական հաղորդումից`ադրբեջանական գազի արդյունահանման ծավալների կտրուկ աճի վերաբերյալ որոշումն արդեն համաձայնեցվել է արդյունահանող երկրների միջազգային կազմակերպության հետ։
Հարավային գազի միջանցքի խողովակներով այս տարի Եվրոպա կարտահանվի 9,1 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2023-ին՝ 11 միլիարդ խորանարդ մետր։ Մի քանի անգամ կավելացվի նաև նավթի արդյունահանումը։ Այս որոշումը բխում է նրանից, որ Եվրամիությունը, որպես Ռուսաստանից գազի մատակարարման այլընտրանք, պայմանավորվել է Ադրբեջանի հետ ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով՝ դրանով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները լրացնելով ևս մեկ ազդեցիկ գործոնով։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին, այսպես կոչված, «դաշնակցային համագործակցության հռչակագիրը», կուլիսներում քննարկման հիմնական թեմա է եղել նաև այս խնդիրը։ Փաստորեն, Ալիևը, ի հեճուկս Ռուսաստանի, որոշեց ընտրել Եվրոպային գազ մատակարարելու ուղին, որը դեռ կունենա հետագայում հեռուն գնացող հետևանքներ։
Եթե այս ամենին գումարենք Ադրբեջանի պահվածքը ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի քվեարկության ժամանակ (երկու քվեարկություններին էլ չի մասնակցել, Թուրքիան քվեարկել է կողմ), Ադրբեջանի կողմից Ուկրաինային անվճար վառելիքի տրամադրումը, մոտ 6 ինքնաթիռ օգնություն ուղարկելը, Բաքվում հակառուսական բազմահազարանոց միտինգները, որոնք առանց Ալիևի ավտորիտար ռեժիմի թողտվության հնարավոր չէին, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Դրա հետ միասին Թուրքիան, որը, ինչպես միշտ, համադրում է իր գործողություններն Ադրբեջանի հետ, երեկ Բոսֆորի նեղուցից հետ է տվել 3 ռուսական նավեր, Ուկրաինա է ուղարկել «Բայրաքթար»-ների նոր խմբաքանակ, որոնք, ըստ լուրերի, մարտական գործողություններում ղեկավարում են հենց թուրք օպերատորները, որովհետև ուկրաինացի մասնագետները դեռ չէին կարող յուրացնել դրանց կառավարման հմտությունները։
Այս ամենը եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում Ռուսաստանի համար լուրջ հետևությունների առիթ է լինելու՝ իր ռազմաքաղաքական և տնտեսական հետևանքներով։
Վերադառնալով գազի խնդրին՝ նշենք, որ ադրբեջանական գազն առաջին անգամ Եվրոպա է արտահանվել 2020 թվականի դեկտեմբերից, այսինքն՝ Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Հետևաբար, պետք չէ զարմանալ, թե ինչու եվրոպական միջազգային կառույցներն ու ժողովրդավարության բաստիոն հանդիսացող երկրները այդպես էլ չդատապարտեցին ո՛չ ադրբեջանական ներխուժումը, ո՛չ Արցախում իրականացրած ռազմական հանցագործությունները և ո՛չ էլ այսօր դատապարտում են Ալիևի ռասիստական ու ծավալապաշտ նկրտումները։ Նրանց լռելու գինը տնտեսական և հեռուն գնացող քաղաքական շահերն են։
Հրայր Կարապետյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար