Մեր բյուջեն, տնտեսական համակարգը պատրաստ չեն հնարավոր ցնցումներին
12 Մարտ 2022
Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
-Պարոն Պարսյան, վերջին օրերին Հայաստանում դոլարն արժևորվում է, ինչի համար, իհարկե, կան օբյեկտիվ գործոններ։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ֆինանսական շուկայի վիճակը, ցնցումներ կարո՞ղ են լինել։
-Ռուս-ուկրաինական այս հակամարտությունը մեծ ցնցում է առաջացրել համաշխարհային շուկայում, և Հայաստանը չէր կարող անմասն մնալ այս գործընթացից՝ հաշվի առնելով, որ Հայաստանի թիվ առևտրային մեկ գործընկերը ՌԴ-ն է։ Մեր արտահանման 28 տոկոսը, ներկրման 33 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուբլու արժեզրկումն ուղղակիորեն ազդում է նաև մեր արտահանման ծավալների և մեր երկիր հոսող ներդրումների ու տրանսֆերտների վրա։ Միայն անցած տարի 867 մլն դոլարի տրանսֆերտ է եկել Ռուսաստանից, ինչը կազմում է ընդհանուր տրանսֆերտների 41 տոկոսը։ Հիմա այդ գումարն արժեզրկվել է մոտ կիսով չափ։ Այդ բացասական սպասումները փոխանցվել են նաև մեր տնտեսությանը, մեր արտահանողները հիմա կանգնած վիճակում են, չգիտեն, թե ինչ գնով են ապրանք արտահանելու Ռուսաստան։ Եթե հիմիկվա փոխարժեքով հաշվարկեն, ապա իրենց ապրանքը մոտ 40-50 տոկոսով թանկանում է ռուսական շուկայում և դառնում է ոչ մրցունակ։ Եթե հին փոխարժեքով հաշվարկեն, վնաս են կրելու։ Այսինքն՝ հիմա արտահանումը դեպի Ռուսաստան ուղղակի դադարեցված է։ Այս ֆոնին մեզ մոտ դրամն արժեզրկվեց, եթե դրամը չարժեզրկվեր, ապա դրամ-ռուբլի փոխարժեքը կարող էր մեկին մեկ կանգնել նույնիսկ։ Այսինքն՝ բացասական սպասումներով պայմանավորված՝ դրամը շարունակելու է արժեզրկվել։
-Արդյոք դրան չի՞ նպաստում նաև դոլարի նկատմամբ մեծ պահանջարկն այս փուլում։ Մի կողմից ՌԴ-ից մեծ հոսք կա դեպի Հայաստան, մյուս կողմից արդեն կան տեղեկություններ, որ դոլարի արժևորման գործոնով պայմանավորված՝ մարդիկ շտապում են դրամով ավանդները փոխարինել դոլարով։
-Դոլարի նկատմամբ պահանջարկն այս պահին սպեկուլյատիվ է ավելի շատ, այսինքն՝ մարդիկ իրենց դրամական միջոցները վերածում են դոլարի։ Ինչո՞ւ են այդպես անում, քանի որ բացասական սպասումներ կան, գիտեն, որ Հայաստանի տնտեսության վիճակը կարող է վատանալ։ Մարդիկ կան, ովքեր բանկերից իրենց գումարները հանում են, այսինքն՝ ընդհանուր բացասական սպասումները շատ մեծ են։ Եվ մեր տնտեսությանն ամենամեծ վնասը հիմա տալիս է խուճապը, երբ մարդիկ խուճապի մեջ են ընկնում, այդ պրոցեսներն էլ ավելի են խորանում։
Մեր տնտեսության համար շատ կարևոր փուլ է մայիս-հունիս ամիսները, երբ Հայաստանից սկսվում է գյուղմթերքի արտահանումը։ Այս փոխարժեքով ու այս պայմաններում մենք չենք կարողանալու գյուղմթերք արտահանել։ Եվ դրա հետևանքով մեր բնակչության 1/3-ն ունենալու է լուրջ խնդիր, այսինքն ՝ գյուղացին ու գյուղատնտեսն իր բերքը չի կարողանալու իրացնել։ Իրավիճակը մեղմելու մի տարբերակն այն է, որ դրամը շարունակի արժեզրկվել, մյուս տարբերակը, որ պետությունը սուբսիդավորի արտահանողներին։ Եվ երրորդ տարբերակը, որն այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ անել, արտադրողականությունն ավելացնելն ու ծախսերը նվազեցնելն է։ Ենթադրենք, մարդը մեկ տոննա ծիրան արտադրելու համար ծախսում էր 100 հազար դրամ, հիմա ծախսերը նվազեցներ ու դարձներ 50 հազար դրամ, բայց այս կարճ ժամանակում չես կարող անել դա։
-Մյուս կողմից էլ Հայաստանում կարող է նկատվել որոշ ապրանքների դեֆիցիտ, նաև գնաճ։ Արդեն, մասնավորապես, հացահատիկի դեֆիցիտ է կանխատեսվում։
-Այո, և ոչ միայն հացահատիկի դեֆիցիտ։ Ես այսօր արտադրողների հետ էի խոսում, բուսական յուղի, նաև բուսական յուղի փոխարինիչների դեֆիցիտ կա շուկայում։ Բազմաթիվ պահածոներ, կաթնամթերք արտադրող ընկերություններ հիմա լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Ռուբլու արժեզրկման պայմաններում մեզ ձեռնտու է Ռուսաստանից ներկրում իրականացնել, բայց նրանց ձեռնտու չէ այս փոխարժեքը։ Սա է իրավիճակը, և Ռուսաստանում նույնպես սառեցված են պրոցեսները, այսինքն՝ քիչ են արտահանում դեպի Հայաստան։
Ռուսաստանը հանդիսանում է ցորեն արտադրող խոշոր երկիր, մենք 2021 թվականին 270 հազար տոննա ցորեն ենք ներկրել, դրա 95 տոկոսը Ռուսաստանից է ներկրվել, մնացածը՝ Ուկրաինայից։ Հայ սպառողները պետք է պատրաստ լինեն շատ վճարել այդ ցորենի համար, քանի որ համաշխարհային շուկայում գները բարձրանում են և արդեն բարձրացել են։
-Ինչպե՞ս է հնարավոր մեղմել բացասական հետևանքները, ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հայաստաի կառավարությունը։
-Ելնելով ստեղծված նոր իրողություններից՝ մենք պետք է վերանայենք մեր հարկաբյուջետային քաղաքականությունը, այսինքն՝ պետական բյուջեն և դրամավարկային քաղաքականությունը և պատրաստվենք հնարավոր ցնցումներին։ Մեր բյուջեն, տնտեսական համակարգն այս ցնցումներին պատրաստ չեն։ Դրան համարժեք քայլեր պետք է մշակենք՝ արտադրողներին, արտահանողներին աջակցելու։ Բացի դա, պետք է այլընտրանքային շուկաներ գտնել։ Օրինակ՝ եթե մենք կարողանանք այս 2-3 ամսվա ընթացքում Ռուսաստանին այլընտրանքային շուկա գտնենք, դա մեծ օգնություն կլինի Հայաստանից գյուղատնտեսական արտադրանք արտահանողներին։ Օրինակ՝ եթե Հայաստանից տարեկան 36 հազար տոննա ծիրան ենք արտահանում, պետք է գտնենք այլ երկիր, որը գոնե դրա մի մասը կգնի։ Նույնը վերաբերում է մյուս ապրանքներին։ Այսինքն՝ Հայաստանի կառավարությունն իր դիվանագիտական կորպուսի միջոցով պետք է այդ հարցը լուծի, մենք հիմա չենք կարողանում թարմ պտուղ-բանջարեղեն արտահանել Եվրոպա, քանի որ այնտեղի կանոնները շատ խիստ են։ Հիմա, եթե մեր կառավարությունը կարողանա բանակցել, այդ կանոնները թուլացնել կամ սահմանափակումները վերացնել, կկարողանանք արտահանել։ Այսինքն՝ կան բազմաթիվ քայլեր, որոնք կարելի է անել այս պահին, բայց կառավարությունը հրապարակային մասնագիտական, քաղաքական քննարկումներ ուղղակի չի անում։ Այդ օրակարգը չկա նրանց մոտ։