Միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 101-ամյակին
15 Մարտ 2022
ՀՅԴ ՀԵՄ-ի և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ այսօր, մարտի 15-ին Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 101-ամյակին:
Սողոմոն Թեհլիրյանը և Թեհլիրյանի նման արդարության մարտիկները տարբեր ժամանակներում եղան մեր ժողովրդի արժանապատվության վերականգնողը․ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Վերջին 2 տարիներին մեր հասարակության մեջ ամենաշատ հիշատակվող անձանցից մեկը Թալեաթն է։ Թալեաթը, որը խորհրդանշում էր հակահայկականությունը, մեր ժողովրդին համահայկական տառապանքներ պատճառելը, հայրենազրկումը, մեր ժողովրդին իր բնօրրանից զրկելը։ Եվ վերջին մեկ-երկու տարին ամեն քայլափոխի հիշատակվող անունը մեր ժողովրդի մոտ, թերևս, Սողոմոն Թեհլիրյանն է։ Նրա անունը շատ-շատերի շուրթերին է որպես արդարության վերականգնողի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ մեր ժողովրդի պատմության մեջ, երբ վտանգվել է մեր ազգի արժանապատվությունը, ինքնասիրությունը և կասկածի տակ է դրվել արդարությունը, մեր ժողովուրդը փնտրել է հենց այդպիսի հերոսների։
«Սողոմոն Թեհլիրյանը, մարմնացումն էր մի ամբողջ սերնդի, մի ամբողջ համակարգի, որը, ցավոք, դեռ ուսումնասիրված չէ նույնիսկ մեր երկրում»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։
Միջոցառումն ավարտվեց գինու ավանդական հյուրասիրությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/wRXmr2fFu9g