ՀՅԴ ՀԵՄ և ՀՀԿ Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների բողոքի ակցիան ԱԳՆ նախարարի դեմ
17 Մարտ 2022
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀԿ Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները այսօր, մարտի 17-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արտգործանախարարության շենքի առջև։
Ակցիայի մասնակիցները նշել են՝ պետք է լինել միասնական, հանրային ճնշում գործադրել այս իշխանությունների վրա՝ թույլ չտալով, որ այս իշխանությունները ծառայեն թշնամուն, հակառակ դեպքում այս ամենի հետևանքը լինելու է Հայաստան պետության չգոյությունը։ Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, հետեւյալ գրառումներով՝ «Գտի՛ր թուրքին», «Ո՛չ Հայաստանի թրքացմանը», «Ո՛չ Արցախի հայաթափմանը»։
Այս իշխանությունների գործելաոճը չի փոխվել՝ ինչպես նոյեմբերի 9-ից առաջ հայտարարում էին, որ որևէ բան ժողովրդի թիկունքում չի լինելու, այսօր նույն կերպ ժողովրդի թիկունքում ընթանում են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական հանրապետությունների հետ․ հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
«Այսօրվա իշխանություններին ուզում եմ ասել, որ մենք ոչ թե այնքանն ենք, ով այսօր եկել է Արտգործախարարության շենքի առջև, մենք ոչ թե այնքանն ենք, որ տարբեր հանրահավաքների մասնակցել ենք, այլ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում հայ ժողովուրդը բացարձակ մեծամասնություն է կազմում։ Հետևաբար, հայ ժողովուրդը, որն անցնելով իր պատմական ամբողջ ճանապարհը հասել է 21-րդ դար և արժանապատիվ մտել է 21-րդ դար, որևէ իշխող փոքրամասնություն չի կարող դադարեցնել հայ ժողովրդի ընթացքը»,-հավելեց Սևակ Նազարյանը։
Նա նաեւ հավելեց. «Ընդամենը մի քանի տարի առաջ թուքին քծնելն ուղղակի ամոթալի էր, այսօր թուրքին քծնելը, թուրքի հետ ձեռքսեղմումը և ժպիտների փոխանակումը դարձել է առաջնահերթություն այս իշխանությունների համար»:
Ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի մոտից երթով շարժվեցին կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ նա հայ ժողովրդից նոր զիջումների և կորուստների ոչ մի մանդատ չունի։
Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան» ։
Այս իշխանությունների ամենամեծ սուտը, որ նույնիսկ բարոյականության սահմաններն է անցնում, իրենց նախընտրական քարոզչության ժամանակ խաղաղության դարաշրջանի մասին սուտն է․ ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։
«Այն քաղաքական թիմը, որը հավակնում է երկրում իշխանության գալու և չգիտի, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը շատ դժվար բան է, այդ թիմը անգրագետ է քաղաքականապես։ Բայց ես Նիկոլ Փաշինյանի անցյալն իմանալով՝ համոզված եմ, որ նա ստել է իշխանության գալու համար։ Այսօր խաղա՞ղ են ապրում Ներքին Հանդի բնակիչները, թե՞ Նիկոլ Փաշինյա՛ն, դա քո հայրենիքը չէ»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Ցուցարարները գազի խողովակ էին բերել Փաշինյանին։ Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի․ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը եւ խոսափողը փոխանցեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանին, որ նա ներկայացնի, թե ինչ նվեր է լինելու:
Վերջինս հայտարարեց. «Մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու իրավունքից:
Միայն 10 օր հետո սկսվել են իբրեւ թե խողովակաշարի վերականգնման աշխատանքներ: Երկու արձանագրում. Ոչ հարգելի իշխանություններ, կան չհաստատված տեղեկություններ, ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները եւս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում: Մենք այսօր բերել ենք գազի խողովակը տալու ձեզ եւ ասելու, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս, եւ ասում՝ զբաղվեք գործով, որովհետեւ Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության շատ մոտ ապագայում մնալու եք»:
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ էին բերվել, նրանք մի քանի շարք պատ կազմելով՝ փակել էին կառավարության շենքի մուտքը։
https://youtu.be/QsS8et7jPO8