Հանդիպել են ԱՀ ԱԺ խմբակցությունների և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները
17 Մարտ 2022
Մարտի 17-ին Արցախում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը հանդիպել են ԱՀ Ազգային ժողովում ներկայացված չորս՝ «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների անդամ պատգամավորների հետ:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ա. Խաչատրյանը նախ ողջունեց Արցախի գործընկերներին և ապա տեղեկացրեց, որ իրենց այցը 2 նպատակ ունի:
Ճիշտ է, մենք կապի մեջ ենք մեր կուսակցական ընկերների հետ և իրազեկվում ենք զարգացումների մասին, սակայն ցանկացանք տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին: Ցավով եմ արձանագրում, որ 34 տարի շարունակ, երբ Հայաստանի և Արցախի միջև կապում էին թելերը, այսօր այդ թելերը նորից անջատում են իրարից, և եթե գործադիր մարմինների մակարդակով շատ սառն է և իրար սխալ ուղերձներ են հղում, ապա մեր այցի երկրորդ նպատակն է խորհրդարանական մակարդակով այդ կապերը պահելն ու ամրացնելը»,-նշել է Ա. Խաչատրյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորը ևս մեկ անգամ ընգծեց, որ իրենց համար անընդունելի է «Հայաստանի զարգացումն առանց Արցախի» թեզը:
«Մեզ համար որևէ տարբերություն չկա՝ Արցախ, Սյունիք թե Շիրակ: Մեզ համար կա ամբողջական Հայաստան, որովհետև 1988թ-ին սկսված շարժումը, ինքը մեկ կարգախոս ուներ: Այլ խնդիր է, որ ինչ-ինչ քաղաքական խնդիրներից ելնելով գնացինք այլ ճանապարհով: Կա վերջնական մի հանգրվան՝ միացում մայր հայրենիքի հետ՝ անկախության ճանապարհով: Հատկապես այս իրավիճակում պետք է ակտիվացնենք ինտեգրման գործընթացները թե՛ խորհրդարանների թե՛ այլ մակարդակներում»,-իր խոսքում ասել է Ա. Խաչատրյանը:
Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է, և եթե մադրիկ մինչ այս ասում էին Արցախը տանք՝ պատերազմն ավարտվի, ապա այսօր մենք տեսնում ենք, որ Երևանից 50 կմ-ի վրա են մարդիկ զոհվում:
«Ճնշումը Արցախի ցանկացած գյուղի նկատմամբ, դա ճնշում է Երևանի կենտրոնի նկատմամբ: Ինչքան դու գլուխդ խոնարհես, այնքան քեզ ավելի շատ են խփելու, և եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ խաղաղ ապրում էինք, երբ որ ուժեղ էինք. Ոչ մի թույլ պետություն չի կաորղ խաղաղ ու բարեկեցիկ ապրել. ույլ, բայց լավ ապրող պետություն գոյություն չկա: Մեզ մոտ կա հայեցակարգային կոնցեպտուալ տարբերություներ այս իշխանությունների հետ: Այն բռնկումները, որոնք այսօր տեսնում եք ՀՀ խորհրդարանում, դա նրանից չէ, որ այդտեղ գտնվող մարդիկ իրար չեն սիրում, այլ նրանից է, որ կա գաղափարական տարբերություն»,-նշել է Ա. Խաչատրյանը:
Նա հույս հայտնեց որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն և ի վերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ողջունելով պատգամավորներին, հիշեցրեց, որ 2019թ. ԱՀ ԱԺ-ում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, որովհետև արդեն իսկ նկատվում էին Արցախի սուբյեկտայնության, հարաբերությունների մեջ խնդիրներ: «Այդ ժամանակ արդեն նկատվում էր միջխորհրհրդարանական համատեղ նիստերի նվազեցում, նույնիսկ ԱՀ խորհրդարանի պատգամավորների և նախագահի դիմավորման գործընթացում էին փոփոխություններ նկատվում: Այն ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավորներն իրենց մանդատը կարողանում էին մուտք գործել ՀՀ ԱԺ, իսկ այսօր արդեն դժվարանում են, կարծես օտար մարդիկ են: Այս անհանգստությունների արտահայտությունն էր»,- ասել է Գ. Մանուկյանը:
Նա նշեց, որ այն ժամանակ, եթե ՀՀ պաշտոնյաներից մեկը Արցախի հարցի հետ կապված անզգույշ մի արտահայտություն է եղել, 4 կողմից հարձակվել են, իսկ այօր այնքան են շատացել այդ «անզգույշ» արտահայտությունները, որ դրանց դիմագրավեը շատ շատ դժվար է դարձել:
Գեղամ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Արցախում գազատարի պայթեցմանը չեն անդրադրձել իշխանության ենթակայության տակ գտնվող լրատվականների մեծ մասը, որի հետևանքով Տավուշում տեղյակ չեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին:
ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, որ մեր վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է:
«Կարևոր չէ, թե որ ճանապարհով ենք գնալու, սակայն նպատակը հստակ է: Այսօր հասել ենք այնպիսի մի կետի, որ բոլորը՝ պատգամավորները, խմբակցությունները, քաղաքական ուժերը պետք է կատարեն իրենց ընտրությունը՝ ում կողքին են՝ ազգային շահի, թե՞ թրքամետ իշխանության: Պետք է հասկանանք, մենք Արցախի և հայ ժողովրդի թշնամին ենք, թե ուզում ենք միանալ մայր հայրենիքին: Ցավոք, մեր ժողովուրդն այսօր ենթարկվում է սոցիալական անեսթեզիայի և մի զգալի մասն ապրում է ստամոքսային տրամաբանությամբ: Պետք է ընտրենք կամ ապրում ենք մեր հողում, կամ դառնում ենք պանդուխտ, մնացած բոլոր ձևակերպումները երկրորդական են»,-ասել է Ա. Մոսիյանը:
ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը ողջունելով հյուրընկալվող պատգամավորներին, ընգծեց, որ նախքան պատերազմը ՀՀ և ԱՀ օրենսդիր դաշտերի միջև առկա փոխգործակցության շնորհիվ Արցախը հնարավորություն ուներ արտաքին աշխարհի հետ կապ հաստատել, իսկ պատերազմից հետո, Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանը ոչ միայն արտաքին աշխարհի հետ կապող օղակ է դարձել, այլ նաև որոշակի լրացուցիչ պատասխանատվություն է կրում, որն այս պահին կրում է նաև հումանիտար բնույթ:
«Մենք պատրաստակամ ենք յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի դիմաց դրված խնդիրների լուծմանը»,-ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նույպես ողջունեց Հայաստան» խմբակցության պատգամավորներին, նշեց, որ ողջունելի է պատգամավորների այցն Արցախի Հանրապետություն:
«Մենք այսօր կարիք ունենք երկխոսելու, մեր խնդիրների մասին բարձրաձայնելու և համտեղ լուծումներ գտնելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Եթե ԱՀ խորհրդարանի ամբիոնից ասվածը լսելի չէ միջազգային հանրության համար, ապա ՀՀ խորհրդարանի ամբիոնից այն լսելի է: Ցավալի է, որ ՀՀ խորհրդարանում Արցախի հարցում չկա միասնություն: Մեքն միշտ նշել ենք, որ կան կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն և դա վերաբերում է ԱՀ անկախության և վերջնական կարգավիճակին և մեր խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից կատարվող հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,-ասել է Դ. Գալստյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Արցախի հարցով լսումներ նախաձեռնելու և ԱՀ խորհրդարանի պատգամավորներին մասնակից դարձնելու համար և կարևորեց, որպեսզի նմանատիպ երկկողմ այցերը ավելի հաճախակի լինեն:
ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը նույնպես ողջունեց պատգամավորներին և նշեց, որ անհրաժեշտություն կա 2 օրակարգերի հստակեցման:
«Առաջինը պետք է հստակեցնենք, թե արտաքին աշխարհի հետ ինչպես ենք հարաբերություններ հաստատելու, հատկապես՝ Ռուսաստանի հետ ինչպես ենք փորձելու աշխատել, քանի որ սա մեր լինել-չլինելու հարցն է և երկրորդը՝ ինչ ենք անելու մենք ինքներս մեզ համար: Բազմիցս քննարկել ենք, բայց անհրաժեշտ եմ համարում հստակեցնել այն հարցը, թե ինչ ենք մենք ուզում: Բնականաբար ամեն մի պետություն խաղալու է իր խաղը, իր շահերից բխելով փորձելու է մեզ թելադրի:Պտետք է կեղմնորոշվենք, հասկանանք ում հետ ենք ճանապարհ գնում և ըստ այդմ որոշենք մեր քաղաքականությունը: Երկրորդ շատ կարևոր և ցավալի փաստն այն է, որ ՀՀ իշխող ուժի կողմից արվող հայտարարությունների համար 4-5 տարի առաջ նրանց կարող էին քարերով ծեծել, իսկ այսօր ոչ մի արձագանք: Գեղամ Մանուկյանը բոլոր հարթակներով փորձում է հասարակության աչքերը բացել, սակայն ոչ մի արձագանք: Այսօր մեզ համար շատ վտանգավոր հայտարարություններին հասարակությունը անտարբերություն է ցուցաբերում: Կարող ենք հետևություն անել, որ կամ հասարակությունը անտարբեր է, կամ ընդունում է այդ օրակարգը: Պետք է վերլուծություն կատարենք և անցնենք գործի, իսկ գործելու համար լավագույն հարթակը, կարծում եմ այն հարթակն է, որն այսօր ձեզ հետ միասին փորձում ենք ստեղծել»,-նշել է Դ. Մելքումյանը:
Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր ԱՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը ԱՀ Աժ բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն հրավերը մերժել և չի մասնակցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը: