Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող այս քաղաքականությունը պարզապես պատերազմի շարունակությունն է․Վահրամ Բալայան
08 Ապրիլ 2022
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառ Միշելն արդյունավետ է համարել իր միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Թվիթերյան միկրոբլոգի էջում նա գրել է, որ ունեցել են արդյունավետ երեկո կոնկրետ ու շոշափելի արդյունքներով: «Ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա աշխատելու պարտավորություն, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,- գրել է նա։
Նա բանակցություննրի արդյունքի վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Երկկողմանի սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենա: Այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել սահմանային համատեղ հանձնաժողով։ Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է.
1. սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը,
2. ապահովել կայուն անվտանգային իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում»,- նշված է հայտարարության մեջ։
Այս հանդիպման ժամանակ որևէ կերպ չեն շոշափվել Արցախին վերաբերող խնդիրներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հայտարարությանը և այդ համատեքստում Արցախին չանդրադառնալուն՝ նկատեց, որ խնդիրն այն է, որ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները վարում են վախվորած քաղաքականություն։
«Իշխանություններին թվում է, թե նման վախվորած քաղաքականությունը թույլ կտա, որպեսզի Ադրբեջանը գա բանակցային դաշտ և փորձի խաղաղ ճանապարհով հարցին լուծումներ ապահովել։ Սակայն Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ, Ադրբեջանը պատերազմից հետո մշտապես փորձել է այդ «խաղաղությունը» պարտադրել Հայաստանին, այսինքն՝ ստիպել Հայաստանին այս կամ այն փաստաթղթի տակ ստորագրել կամ համակերպվել իրավիճակին, իսկ վերջին պատերազմից հետո դա ավելի կոշտ ձևով է արտահայտվել։ Խոսքս թե՛ Սյունիքում, թե՛Փառուխում, թե՛ Քարագլխում տեղի ունեցող իրավիճակի մասին է»,- նշեց Վահրամ Բալայանը։
Ըստ նրա՝ խաղաղություն առհասարակ բոլորն են ուզում, բոլորի համար այն ցանկալի է, մանավանդ հարևան երկրների միջև դա անհրաժեշտություն է։
«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող այս քաղաքականությունը պարզապես պատերազմի շարունակությունն է։ Փորձ են անում որոշակի իրավիճակներ ստեղծել, որպեսզի նոր տարածքներ կորզեն, միջնորդների վրա որոշակի ճնշումներ գործադրեն։ Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք մեզ լավ տեղ չեն հասցնում։ Կարծում եմ՝ մենք պետք է այնպիսի ճանապարհով գնանք, դառնանք կենսունակ և, ինչպես 90-ականներին մեզ հաջողվեց դիմակայել Ադրբեջանին, նույն ձևով մեր երեք թևերի՝ Հայաստանի, Արցախի, սփյուռքի միավորմամբ կարողանանք նաև այսօր անել»,- հավելեց Վահրամ Բալայանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր հայ բնակչությունը բավականին իներտ է իրեն պահում և Արցախի ու Հայաստանի ճակատագրին վերաբերող գործընթացներին ըստ էության չի մասնակցում։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Երևանի բնակչին, որը խաղաղ պայմաններում է այսօր ապրում, Սյունիքում, Արցախում տեղի ունեցողը չի վերաբերում։ Ասեմ, որ մեզ մոտ դարերով այսպես է եղել, օրինակ, Գուգարքում հանգիստ նստել են, երբ Վասպուրականը խնդիրների մեջ է եղել։ Այսպես մեր հայրենիքը կտոր-կտոր կտրվել է և դարձել է այն սահմաններով, որոնք այսօր կան։ Սա վտանգավոր զարգացում է, կարծում եմ՝ հասարակությունն այդ իներտությունից պետք է դուրս գա և պահանջատեր լինի՝ իր շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Մեր պատմությունը նաև ցույց է տվել, որ միաբանվելու պարագայում մենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծում ենք»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։
Աղբյուրը՝ 168․am
Թշնամիդ էլ է հարգանքով վերաբերվում, եթե քո ազատությունը, անկախությունը պարտադրում ես իրեն․ Վահրամ Բալայան
Բրյուսելում հնչեցրած ընդհանրական հայտարարության մեջ տեսանելի չէ եւ ընդհանրապես չի խոսվում Արցախի ապագայի մասին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը։
«Կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը դադարել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինել և, փաստորեն, ՀՀ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում տեսանելի չեն Արցախի կարգավիճակի, նրա ճակատագրի, ապագայի հետ կապված հարցերը»,-ասաց նա։
Վահրամ Բալայանը կարծում է՝ դա հայկական դիվանագիտության բացթողումն է, որովհետև Ադրբեջանը, բնականաբար, անընդհատ ճնշելու է, փորձելու է անել այնպես, ինչպես անընդհատ հնչեցնում է՝ իբրև թե Լեռնային Ղարաբաղ չկա, հարցը փակված է, և, ըստ էության, Հայաստանի իշխանություններն էլ համակերպվել են այդ ամենին։
«Կարծում եմ, այստեղ պետք է բավականին աշխատանք կատարել և նորից վերադառնալ մինչև պատերազմը եղած իրողություններին»,-ասաց նա։
Արցախի ԱԺ-ն հայտարարություն տարածեց, որտեղ Արցախի հարցի շուրջ համազգային մոբիլիզացիայի կոչ էր անում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի մակարդակում։
Հարցերն այդ ճանապարհով մենք միայն կարող ենք լուծել՝ ասաց Վահրամ Բալայանը։
«Մենք այդ ասպարեզում ունենք հաջողություն․ 1994 թ-ի մեր հաղթանակն արձանագրեցինք հենց այդ եռամիասնության շնորհիվ։ Այս հարցում նույնպես պետք է վերադառնալ այն շրջանին, որովհետև ուրիշները չեն կարող մեր հարցերն ապահովել, որովհետև անկախ բարեկամական մոտեցումներից, դաշնակցային հարաբերություններից, ամեն մի ազգ պարտավոր է իր հիմնախնդիրները լուծել։ Եվ հարգանքով են վերաբերվում այն ազգերին և ժողովուրդներին, որոնք նման ճանապարհով են գնում, նույնիսկ թշնամին էլ է հարգանքով վերաբերվում, եթե մյուսների դռները չես ընկնում, խնդրագրեր չես ուղակում, ինչ-որ տեղ նաև քո ազատությունը, անկախությունը պարտադրում ես նրանց, ովքեր բռնանում են այդ ամենի վրա»,-ասաց Վահրամ Բալայանը։
Նրա համոզմամբ, սա է միակ ճանապարհը․ այդ ներուժը, հնարավորությունը Հայությունը ունի իր ուսերին վերցնելու և այդ հարցի լուծումն ապահովելու։
Դաշնակցությունը համազգային դիմադրության շարժման մասին է հայտարարել, որի շրջանակում տարբեր երկրների մայրաքաղաքներում եւ տարբեր մարզերի մարզկենտրոններում բարձրացվում է Արցախի դրոշը․ սա, իհարկե, քարոզչական նշանակություն ունի, բայց նաեւ ցավալի է, որ Արցախի դրոշն իբրեւ բողոքի նշան ենք բարձրացնում։
Վահրամ Բալայանը անհրաժեշտ է համարում, որ հասարակական գիտակցության մեջ փոփոխություն մտցվի․ հասարակությունը, նրա համոզմամբ, պետք է պատասխանատու և պահանջատեր դառնա, որովհետև այսօր բավականին իներտ է։
«Տեսնում ենք, որ Արտաշատի մարզկենտրոնում բարձրացված Արցախի դրոշը գողացել էին․ սա նույնպես խոսում է հասարակության անտարբերության մասին, որը մի տեսակ իր համար բեռ է համարում այդ ամենը։ Մինչդեռ իրականության մեջ հասարակության ամեն անդամ պետք է մտահոգ լինի, որոովհետև Արցախի ճակատագիրը նաև իր ճակատագիրն է»,-ասաց նա։
Վահրամ Բալայանը համոզված է, որ թշնամին չի բավարարվելու Արցախը կլանելով, Սյունիքը կլանելով, այլ ինչքան հնարավոր է՝ այդքան էլ առաջ է գալու։ Եվ այսօր Երևանում, Գյումրիում ապրողը պետք է հասկանա, որ մարտական գործողությունները հենց իր բակում են ընթանում, իր շեմին։ Պետք է նորից ձեռք-ձեռքի տալ և հարցին լուծում ապահովել։
Աննա Բալյան
Աղբյուրը՝ yerkir.am