Արմավիր, Սեւան, Աբովյան քաղաքներում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը
10 Ապրիլ 2022
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքի բնակիչները այսօր, ապրիլի 10-ին տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը։
Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառումը մարդաշատ էր։
Ելույթներով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այս մարդիկ պիտի հասկանան, որ հայ ժողովրդին չեն կարող ոչնչացնել», – ասաց Արծվիկ Մինասյանը։
Միջոցառումն ավարտվեց Այգաշատ գյուղի «Սուրմալու» ազգագրական երգի պարի համույթի կատարծ ռազմապարով։
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչները եւս բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և բազմաթիվ սևանցիներ։
Արցախի Հանրապետության դրոշն է բարձրացվել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Միջոցառմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Պետրոս Մեղրյանը, ՀՅԴ Կոտայքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մուշեղ Մանասյանը և բազմաթիվ աբովյանցիներ։
Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը կտեղադրվի հանրապետության տարբեր քաղաքներում։