Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը․ Իշխան Սաղաթելյան
12 Ապրիլ 2022
Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանությունները՝ իրենց գործողություններով, ԱԺ-ում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոյկոտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմադիրները վտանգում են արցախցուն և Արցախը։
«Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը և Արցախից ձեռքերը լվալու և հրաժարվելու գործողությունները»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի։
«Իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ շատ արագ գործընթացներ են տեղի ունենում, բրյուսելյան վերջին հանդիպումը ևս դրա վկայությունն է։
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը։ Այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր՝ նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել այլ մեկնել Արցախ, Սյունիք և Գեղարքունիք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի տեղեկացմամբ՝ ընդդիմությունն այդ այցերի ընթացքում կհանդիպի և կաշխատի ժողովրդի հետ, կբարձրացնի անվտանգային հարցեր:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հանրության ուշադրությունը պետք է սևեռվի արցախյան հիմնախնդրի վրա, քանի որ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից:
Նա հայտնեց, որ Հայաստանի բոլոր մարզերում ՀՀ քաղաքացիները ինքնակազմակերպվում և բարձրացնում են Արցախի դրոշը, ինչը խոսում է համապատասխան մթնոլորտի մասին:
Խոսելով խորհրդարանի դահլիճում ընդդիմության կազմակերպած ակցիայի մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ով Արցախի դրոշի հանդեպ ոտնձգություն անի՝ Ալիևից ու թուրքերից ոչնչով չի տարբերվում։
«Այդ դրոշի համար մեր ժողովուրդը պայքարել է, արյան գնով ազատագրել է Արցախը և մեր պայքարն ուղղված է այդ դրոշի հավերժությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այսօր, Աժ ամիբիոնից հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին. մեկնում են Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր:
Նա ասաց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել. իրենց հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։
Սեյրան Օհանյանն, Իշխան Սաղաթելյանը եւ ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/Sa3V_ekhDTk