ՔՊ-ականների հայտարարություններն ուղղված էին Ադրբեջանին, որ նոր էսկալացիա իրականացնի Արցախում և Հայաստանի սահմաններին․ Արծվիկ Մինասյան
12 Ապրիլ 2022
Չէի անդրադառնա քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունների անհեթեթ մտքերին, եթե դրանք իրենց մեջ առերևույթ հանցագործություն պարունակող արարքներ չներառեին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ընդդիմության բոյկոտից՝ ԱԺ-ում Արցախի դրոշներ տեղադրելուց և Արցախ մեկնելուց հետո, իշխող թիմի հայհոյախառն ելույթների մասին։
«Դրանք հայտարարություններ էին, որոնք մի կողմից ուղղված էին Ադրբեջանի՝ իրենց համար սիրելի ղեկավարությանը, որպեսզի նոր էսկալացիա իրականացնեն Արցախում և Հայաստանի սահմանների վրա, երկրորդը՝ ահաբեկելու հայ հասարակությանն ու հայ ժողովրդին, թե իբր բոլոր նրանք, ովքեր փորձում են հայ ժողովրդի իրավունքները պաշտպանել, ըստ էության, հայ ժողովրդին մղում են կործանման»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծում է, որ սրանք են իշխանությունների հիմնական թեզերը, և պատահական չէ, որ ՔՊ-ական պատգամավորները, որոնք փորձեցին ԱԺ ամբիոնից հեռացնել Արցախի դրոշը, ակնհայտորեն ցույց են տալիս, որ մեր ժողովրդի և մեր պետականության հետ որևէ կապ չունեն։
«Արձանագրենք, որ եթե Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից որևէ գործողություն տեղի ունենա Արցախի հանդեպ կամ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ամբողջ պատասխանատվությունը և ամբողջ մեղքը Հայաստանի այսօրվա գործող իշխպանություններին է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Ես հիմա պահանջում եմ Ազգային անվտանգության ծառայությունից անմիջապես հարուցել քրեական գործ, այս անձանց հրավիրել հարցաքննության, բացատրություններ վերցնել ասաց Արծվիկ Մինասյանը:
«Սրանք կա՛մ սուտ մատնության համար պետք է դատվեն, կամ պետական դավաճանության առերևույթ հանցակազմի տարրերով պետք է սրանց հանդեպ ներկայացվեն մեղադրանքներ։ Հակառակ դեպքում ԱԱԾ-ի այսպիսի անգործությունը կփաստի, որ սրանք, քաղաքական իշխանության հետ միասին, լծված են Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու գործընթացին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Բոլոր նրանք, նշեց նա, ովքեր վախենում են «Արցախ» բառն օգտագործելուց, Արցախի անունը տալուց, արցախահայության իրավունքները պաշտպանելուց, ինքնորոշման իրավունքը բարձրաձայնելուց և այդ ուղղությամբ հետևողական քայլեր իրականացնելուց, բոլորը, ի վերջո, դատվելու են ՀՀ քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածներով, որոնք պետության և հայրենիքի նկատմամբ հանցագործութուններ են համարվում։
«Մենք վճռական ենք, կանգնած ենք հայոց պետականության ու հայ ժողովրդի կողքին։ Արցախի դրոշը, պետականությունը, որպես հայ ժողովրդի պետականության ու շարունակականության դրսևորում, լինելու է մեր պաշտպանության և մեր գործունեության առանցքում»,-վստահեցրեց Արծվիկ Մինասյանը։
Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները, ընտրողները, սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը լիարժեքորեն կաջակցեն այս գործողություններում։
Աննա Բալյան