Որևէ մեկը Փաշինյանին մանդատ չի տվել որոշելու մարդկանց ճակատագրերը. Արմեն Ռուստամյան
13 Ապրիլ 2022
Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին խոսելիս ճիշտ կանի ծանոթանա Արցախի սահմանադրությանը, որտեղ ժողովուրդը շատ հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Այս մասին Գորիսում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:
«Շատ հստակ ամրագրված է, որ բանակցվել է՝ տարածքներ հանուն կարգավիճակի, ոչ թե՝ տարածքներ հանուն ոչնչի: Կա՛մ նա չի տիրապետում իրավիճակին, կա՛մ էլ հերթական անգամ խեղաթյուրում է՝ ասելով, որ այլ ճանապարհ չունենք, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը: Սա է հասունացվում, ա է, որ իրավունք չունի իրականացնելու որեւէ իշխանություն: Որեւէ իշխանության չի տրվել իրավունք՝ վերանայելու հանրաքվեներով ամրագրված ժողովրդի կամքը»,- ասաց նա:
Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, Արմեն Ռուստամյանն ասաց. «Փաշինյանն ասում է, որ Բրյուսելում երկու փաստ արձանագրել ենք եւ դա համարում ենք հաջողություն: Ու պարզվում է, որ դա կատարվել է իրենց պահանջով, եւ Հայաստանը հրաժարվել է այդ դիրքերը պաշտպանելուց: Առաջինը, որ Ղարաբաղի հարց ընդհանրապես չշոշափվի: Երկրորդ, հակամարտություն անգամ չարծարծվի, որ գոյություն ունի հակամարտություն, որի լուծման մանդատը ունի Մինսկի խմբի համանախագահությունը: Սա նույնպես չկա փաստաթղթում: Սա այն է, որից այն կողմ Արցախի հայաթափումն է իրականացվելու որոշակի ժամանակահատվածում»:
Նա ընդգծեց, որ առանց Արցախի կարգավիճակի մասին ամրագրման անվտանգության մասին խոսելն անիմաստ է. «Փաշինյանը փորձում է ասել, որ կարելի է կարգավիճակի հարցում մի քիչ զիջել, բայց ստանալ անվտանգություն: Սուտ է դա, նման բան չի կարող լինել:
Մանրամասները՝ տեսանյութում
