Ի՞նչ ուներ Փաշինյանը շաբաթ օրը՝ ժամը 6-ին, ավելի կարևոր, քան հանդիպումը Փարիզի քաղաքապետի հետ․ Մուրադ Փափազյան
03 Հունիս 2022
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայ ժողովրդի, Հայ Դատի ընկերուհին է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (կազմակերպություն, որը Եվրամիությունում միավորում է հայ համայնքի քաղաքական, մշակութային, կրոնական ու սոցիալական ճյուղերը) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Նա նշեց, որ Իդալգոն տարիներ ի վեր աշխատել է ի նպաստ Արցախի, Հայաստանի ու Հայ դատի։
«Մեր կապերը շատ հաճախակի են։ Գիտեք՝ միջազգայնորեն ինչ արժեք ունի այս մայրաքաղաքը, և ունենալ իբրև ընկերուհի Փարիզի քաղաքապետուհին՝ նշանակություն ունի»,-հայտարարեց Մուրադ Փափազյանը։
Նա նշեց, որ Իդալգոն առանց վերապահության համաձայն էր, որ գնա Արցախ․ ապրիլի 24-ին է Փափազյանն առաջարկել և հենց մայիսի 28-ի առիթով էլ այցը տեղի է ունեցել։ Ծրագիրն Արցախ գնալն էր, բայց խաղաղապահ ուժերն ասել են՝ անվտանգ չէ, և Գորիսում է Փարիզի քաղաքապետը հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թեև նախորդ այցին Արցախ գնացել էր։
Նիկոլ Փաշինյանի հետ Իդալգոյի դեմ առ դեմ հանդիպումը Սևանում էր նախատեսված՝ շաբաթ օրը ժամը 6-ին, 6։30՝ ընթրիք պատվիրակության մասնակցությամբ, դարձյալ Սևանում․ պաշտոնական ծրագրի մեջ սա նշված էր, բայց Փաշինյանի աշխատակազմից զանգել են՝ չեղարկել հանդիպումն ու ընթրիքը։
Մուրադ Փափազյանը դեռ Ֆրանսիայում էր Հայաստանի դեսպանին ու Իդալգոյին հայտարարել, որ այդ ընթրիքին և ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներին չի մասնակցելու, այնպես որ, բացառում է, որ հանդիպման չեղարկման պրոբլեմն ինքը լինի։
«Ո՞վ է պրոբլեմը, ի՞նչ է պրոբլեմը, գրեթե 1 շաբաթ եղավ՝ ՀՀ վարչապետը դեռ պատճառը չի ասել։ Ինձ Անն Իդալգոն ասաց, որ ջնջվել է հանդիպումը։ Ի՞նչ ուներ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ ժամը 6-ին, որ ավելի կարևոր էր Հայաստանի ու Արցախի համար, քան հանդիպել Փարիզի քաղաքապետին, ի՞նչ ուներ՝ մինչև հիմա հարցման պատասխանը չունենք։ Սա մեծ սկանդալ է ո՛չ Անն Իդալգոյի համար, այլ Հայաստանի համար, որ այս դժվար ժամանակներում կարիք ունի միջազգային զորակցության։ Եվ Անն Իդալգոն՝ Փարիզի քաղաքապետը, միջազգային զորակցություն է»,-հայտարարեց Մուրադ Փափազյանը։
Ֆրանսիայի Սենատը, ԱԺ-ն, Փարիզ քաղաքը, որ ղեկավարվում է Անն Իդալգոյի կողմից, ընդունեցին Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը․ 80 քաղաքներ և շրջաններ ճանաչեցին Արցախի անկախությունը պատերազմից հետո։
«Սա մեր աշխատանքով է, մեր լոբբինգով է, մեր ստեղծած բարեկամությունների շնորհիվ է այս արդյունքը, նաև մեզ համար են արել, որովհետև համակիր են Արցախի դատի, Հայ դատի, Հայաստանի անվտանգության։ Բայց նաև հարցնում էին մեզ՝ օկ, մենք կանենք, իսկ ինչո՞ւ Հայաստանը չի անում, ինչո՞ւ չի ճանաչում Արցախի անկախությունը։ Դժվարության մեջ ենք, անշուշտ, այս հանգրվանում անհրաժեշտ է, որ Հայաստանն օրինակելի լինի Արցախի հանդեպ իր կեցվածքում, բայց կարող ենք ասել, որ ընդհակառակն է»,-ասաց նա։
Փափազյանը վստահեցրեց, որ անգամ Փաշինյանի համակիրները Ֆրանսիայում համաձայն չեն Արցախի հարցում նրա զիջողական դիրքորոշման հետ։
Իսկ Փաշինյանի թեզը՝ իբրև թե միջազգային հանրությունը ճնշում է բանեցնում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու համար, հերթական սուտն է, ասաց նա, քանի որ առնվազն Ֆրանսիան, որ միջազգային հանրության կարևորագույն մաս է, միանգամայն հակառակ՝ Արցախամետ և հայամետ դիրքորոշում ունի։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/_PDkfXsadDE