Խաղաղության օրակարգը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների լիակատար կատարում. Արթուր Մոսիյան
17 Հունիս 2022
Նիկոլ Փաշինյանը խոսելով բնակարանաշինության մասին՝ պետք է ասի, թե Հայաստանում ինչու են դեռ գտնվում 20 հազարից ավելի Արցախի բնակիչներ, իսկ այստեղ մի շարք մարդիկ ապրում վարձով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը։
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հայտարարել է, որ Արցախի բյուջեի թիվն աճել է, որը պայմանավորված է վերջին երկու տարիներին ՀՀ կառավարության կողմից ֆինանսական աջակցությունով։ Ըստ Փաշինյանի՝ դա հիմնավորում է այն, որ Հայաստանը «ձեռքերը չի լվացել» Արցախից։
«Դրանք Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիաներն են։ Ինքը նաեւ պետք է ասեր, թե ինչի արդյունքում հետպարտերազմյան շրջանում իրենք ավելացրին այդ բյուջեն։ Խոսքը վերաբերում է նրան, որ նա ասում է՝ երբեք այսքան բան չի եղել. երբեք Արցախի 75 տոկոսը կորսված չի եղել, երբեք 36 հազար փախստական մենք չունեինք։ Այդ բյուջեի ավելացումը ընդամենը չնչին տոկոսով մեղմացնում է այն հումանիտար աղետը, որը պատերազմից հետո Արցախի գլխին է կախվել»,- ասաց Արթուր Մոսիյանը։
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1998 թվականին բանակցային սեղանին է հայտնվել տարածքների փոխանակման փաթեթը, որի էությունն այն է, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Մեղրիի շրջանը։
«Նիկոլ Փաշինյանը բանակցությունից պատառիկներ վերցնելով՝ կոնտեքստից դուրս հայտարարություններ է անում։ Եթե նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ՀՅԴ-ն համաձայնվել էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը մերժել այդ տարբերակները։ Նիկոլ Փաշինյանի ասելով թե Քոչարյանը, թե Սարգսյանը ամեն ինչ անում էին Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու համար, բայց չգիտես՝ ինչու, 30 տարի անց, իր օրոք, իր տգիտության ու ապաշնորհության արդյունքով է առաջանում այս հարցը»,- նշեց Մոսիյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ խաղաղության օրակարգը հնարավոր է՝ ձախողվի, Մոսիյանն ասաց. «Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության դարաշրջան բացելուն ոչ մեկ չի հավատում, եթե անկեղծ լինեն, իրենք էլ դրան չեն հավատում։ Դա պարզապես մանիպուլյացիա է, որ ժողովրդին մոլորեցնեն։ Խաղաղության օրակարգը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների լիակատար կատարում, դրանից հետո էլ Փաշինյանը կասի, ոնց պատերազմի ժամանակ էր ասում, որ փորձել ենք, սակայն չի ստացվել»։