Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հարաւային Շրջանի Կենտրոնական Կոմիտէի
18 Հուլիս 2022
Դատապարտում ենք փաշինեանական իշխանութիւնների թրքահաճոյ, պառակտիչ եւ պետականակործան գործողութիւնները
Հայաստանի Հանրապետութեան ազգային եւ միջազգային վարկը հերթական անգամ հարւածի է ենթարկւում սեփական իշխանութիւնների ձեռքով։
Հերթական անգամ խորացւում է Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ ստեղծւած վիհը, արժեզրկւում՝ «Հայաստանը հայութեան հայրենիք» համախմբող գաղափարը, հերթական անգամ ստորադասւում է համազգային շահն ու առաջնահերթութիւնը՝ խմբակային նեղ փառասիրութեան եւ անձնական ճղճիմ բարդոյթներին, հայոց պետականութեան ղեկին յայտնւած իշխանութիւնների կողմից, ցաւալիօրէն նրանց միջոցով, ովքեր ամենամեծ պատասխանատւութիւնն են կրում հայկական շահը պաշտպանելու համար եւ ամենաշատն են կոչւած համազգային ներուժն ի մի բերելու առաքելութեանը։
Հայաստանի իշխանութիւնների կողմից յատկապէս վերջին երկու տարում, Արցախեան վերջին պատերազմից յետոյ իւրաքանչիւր օր իրականացւող ապազգային քայլերն այնպիսի թափ են հաւաքել, եւ գործադրւում են այնպիսի ջանասիրութեամբ, որոնք մեղմ ասած դիւրացրել են Հայաստանի եւ հայութեան դարաւոր թշնամիների հակահայ ծրագրերի իրականացումը, իսկ իրականում շատ յաճախ նոյնութեամբ կրկնում են նրանց քայլերը։
Թուրքիայի եւ Ադրբեջանի հանրապետութիւնների կողմից անցանկալի անձ համարւող, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրատ Փափազեանն օրեր առաջ Հայաստան մուտք գործելիս միեւնոյն վերաբերմունքին է արժանանում ՀՀ իշխանութիւնների կողմից, յայտարարւում է «անցանկալի անձ» Հայաստանի հանրապետութեան համար, առանց որեւէ մեկնաբանութիւն եւ հիմնաւորում ներկայացնելու նրան, թէեւ մերձ իշխանական լրատուների եւ շրջանակների կողմից լայնօրէն սկսում է շրջանառւել Մ. Փափազեանի ընդդիմադիր հայեացքներ ու գործունէութիւն ունենալու հանգամանքը։
Առանց նշեալ մեկնաբանութիւնների անգամ պարզ է, որ այս վերաբերմունքի հիմնական պատճառն ու մեկնակէտը թուրք-ադրբեջանական դաշինքին հաճոյանալու գերխնդիրն է, եւ ինչպէս վերջիններիս պետական պաշտօնատարների շուրթերից է հնչեցւում՝ Հայաստանում եւ Սփիւռքում ազգային ուժերին ճնշելու ծրագրի յստակ քայլերից մէկը, իսկ աւելի որոշակի՝ ՀՀ իշխանութիւնների կողմից Հայ Դատի նւիրեալներին հայ-թուրքական սիրախաղի զոհասեղանին զոհաբերելու արարողակարգի մէկ դրւագը։
Ինչպէս 90-ական թւականներին «ազգաին գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա» յայտարարած Լեւոն Տէր Պետրոսեանի ՀՀՇ-ական իշխանութիւններն էին հալածում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամներին եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի նւիրեալ գործիչ Հրայր Մարուխեանին «անցանկալի անձ» յայտարարում, միեւնոյն դիրքորոշումն ու անհանդուրժողականութիւնն այսօր շարունակում են դրսեւորել նրա քաղաքական ժառանգորդները՝ ՔՊ-ական իշխանութիւնները Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, Հայ Դատի մէկ այլ նւիրեալի, չորս տասնեակ տարի միջազգային ատեաններում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանութեան ուղղութեամբ, այդ թւում՝ 44-օրեայ պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ գործունէութիւն ծաւալած Մուրատ Փափազեանի դէմ, ով յարգւած հայազգի գործիչ եւ կարեւոր հեղինակութիւն է Ֆրանսիայի հասարակութեան, քաղաքական եւ պետական շրջանակներում, եւ որի ջանքերի շնորհիւ է նաեւ Ֆրանսիան 1915թ. հայ ժողովրդի զանգւածային սպանութիւններն անւանել ցեղասպանութիւն և 2001թ. այն ճանաչել օրէնքի ուժով։
Փաշինեանական ապազգային իշխանութիւնները ոչ միայն պատասխանատւութեան են ենթարկւելու իրենց ազգավնաս եւ պետականակործան քաղաքականութեան համար, այլեւ ի վերջոյ հաշւետւութիւն են կատարելու իրենց կողմից բազմիցս չարչրկւած եւ յատկապէս Արեւմտեան երկրներին ու միջազգային հանրութեանը վաճառող «Հայկական ժողովրդավարութիւն»-ը նման կերպ վարկաբեկելու, իրենց ընդդիմախօսներին հալածելու գործողութիւնների համար։
Հ.Յ.Դ. Իրանի Հարաւային Շրջանի Կենտրոնական Կոմիտէ
18 Յուլիսի 2022 թ.
Ն.Ջուղա