Կառավարության ասածը սուտ է, ես ներկա չեմ եղել այդ ցույցին. Մուրադ Փափազյան
22 Հուլիս 2022
Հայաստանի կառավարության տված տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչպետի աշխատակազմի պարզաբանմանը, թե ինչու է արգելվել իր մուտքը Հայաստան:
«Պարզապես, պատրվակ են փնտրում: Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ չեն կարող նշել պատճառները, թե ինչու են արգելել իմ մուտքը Հայաստան, որովհետեւ այդ պատճառները վերաբերում են իմ անձնական կյանքին եւ այսօր վարչապետի աշխատակազմը ուրիշ տարբերակ է հրամցնում ժողովրդին, իբր ես մասնակցել եմ, կազմակերպել եմ Փարիզում 2021 թվականի հունիսի 1-ի վարչապետի դեմ ցույցը:
Դա սխալ է, թող փաստեր բերեն, եթե փաստեր ունեն: Ես չեմ ընդունում, որ այսպես իշխանություններն աղավաղեն իրականությունը եւ ամեն օր սուտ են խոսում: Այլեւս բավական է»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետի աշխատակազմը նման պարզաբանում տարածել, Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Պատրվակներ են փնտրում, չունեն լուրջ պատճառ իմ մուտքը Հայաստան արգելելու համար: Միայն չեն ընդունում ընդդիմադիրներին թե ներսում, թե դրսում, չեն ընդունում, որ իմ նման մարդը ընդդիմադիր լինի եւ քննադատի վարչապետի մոտեցումները Հայաստանի ապագայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Սփյուռքի հանդեպ այն ճնշումները, որ փորձում են բանեցնել Զարեհ Սինանյանի միջոցով, փորձելով տկարացնել Սփյուռքը, տկարացնել Հայաստանը: Այսօր պետք է արթնանալ եւ հասկանալ, որ այս իշխանությունները տկարացնում են հայկական աշխարհը: Տկարացնելով Սփյուռքը տկարացնում են Հայաստանը եւ հակառակը, ի վերջո, ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի»: