Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. երկրորդ համարը
02 Օգոստոս 2022
ԱԶԴ
Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. 2-րդ համարը՝ 355 էջ ծավալով և հարուստ բովանդակությամբ։
Հանդեսի խմբագրականը՝ «Արցախի փրկության ուղիները», նվիրված է ներկայումս ողջ հայ ազգի առջև ծառացած ամենահրատապ խնդրին՝ աշնանը մեր տարածաշրջանի շուրջ սպասվող լուրջ տեղաշարժերի ուղղվածությունը գնահատելու և դրանց բացասական ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտությանը։
Սակայն «Վէմ»-ի 2022 թ. 2-րդ համարում ընդհանուր առմամբ գերակայում են ծրագրային բնույթ ունեցող, հիմնարար ուսումնասիրությունները։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել ՀՅ Դաշնակցության արտաքին կապերի ու հարաբերությունների պատմության նորովի քննությունը սկսելու մեր համեստ փորձը, որը լույս է տեսնելու ընդհատումներով հրապարակվող ընդարձակ հոդվածաշարի տեսքով։ Դրա առաջին՝ ներածական մասում տրվում է այս նախաձեռնության արդիական-քաղաքական նշանակության հիմնավորումը՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական ներկա պատերազմի հետևանքով ազգային ձգտումների բյուրեղացման նոր շրջափուլի սկզբնավորումը Արևելյան Եվրոպայում ու Առաջավոր Ասիայում։ 20-րդ դարի սկզբներին ՀՅԴ-ն եղել է այդ տարածաշրջաններում կայսրությունների փլուզմանը հանգեցրած նույնաբովանդակ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցը ռուսական, լեհական, ֆինլանդական, մակեդոնական, հունական, ուկրաինական, հրեական և այլ կուսակցությունների հետ: Ուստի նույն գործընթացի նոր շրջափուլի սկզբնավորումը պահանջում է իր նախորդի համակողմանի քննություն, մանավանդ որ դրա համար աղբյուրագիտական որոշակի հենք են ստեղծել վերջերս «Վէմ Մատենաշարով» հրապարակված վավերագրերը։
«Վէմ»-ի 2022 թ. 2-րդ համարում վերջապես հաջողվեց տեղ հատկացնել ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու 200-ամյակի առիթով հայ գրականության հետ նրա ստեղծագործական զուգահեռների քննությանը նվիրված Պետրոս Հ. Դեմիրճյանի ուսումնասիրությանը: Լրացել է նաև հայ պոեզիայի հանճարի՝ Եղիշե Չարենցի 125-ամյակը, որի ստեղծագործության մասին «Վէմ»-ի 2022 թ. 2-րդ համարում տեղ գտած հրապարակումներից է գրականագետ Սեյրան Զ. Գրիգորյանի «Ամենտի եզերքը» Եղիշե Չարենցի պոեզիայում և համաշխարհային գրականության մեջ» փայլուն ուսումնասիրությունը։ Դրանում Հին Եգիպտոսի մշակույթի հիմքերից մեկի՝ հոգու անմահության գաղափարի չարենցյան ընկալման քննությունն իրականացվում է եվրոպական եգիպտագիտության ու ռուսական ավանգարդի պոեզիայի խոր իմացությամբ։
Ուշագրավ է նաև Թաներ Աքչամի՝ վերջերս հայերեն թարգմանված գրքի մասին Արմեն Ց. Մարուքյանի ծավալուն գրախոսականը, որում ոչ առանց հիմքի կասկածի տակ է դրվում այդ ճանաչված պատմաբանի գիտական անաչառությունը։ Որովհետև վերջինս թեև թուրքական աղբյուրների միջոցով վերահաստատում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը, բայց միաժամանակ քողարկված կերպով առաջ է տանում թուրքական ոչ պաշտոնական պատմագրության հիմնական նպատակադրումը՝ Թուրքիայի՝ որպես պետության պատասխանատվության փաստը հերքելու ձգտումը։
«Վէմ»-ի 2022 թ. 2-րդ համարում տեղ են գտել նաև այլ ուշագրավ հրապարակումներ։ Ներկայացնում ենք դրա բովանդակությունն ու խմբագրականը, իսկ հոդվածներին կարող եք ծանոթանալ հանդեսի vemjournal.org կայքում։
———————————————————————————————————
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Մարիամ Մ․ Կարապետյան
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԸ
Որպես սոցիալ-հումանիտար միջնորդություն
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Ս. Խուդինյան
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ
Մաս առաջին։ Կուսակցությունների ձևավորման գործընթացն Արևելյան Եվրոպայում ու Առաջավոր Ասիայում 1880-1890-ական թթ.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սմբատ Խ. Հովհաննիսյան
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՇԵՄԻՆ
«Քննադատական շրջադա՞րձ», թե՞ ճակատային վերադասավորում
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Նաիրա Վ. Համբարձումյան
ՏԵՔՍՏ ԵՎ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Փոխներթափանցման մետաֆիզիկան Հովհաննես Թումանյանի
և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններում (անգլերեն)
Սեյրան Զ․ Գրիգորյան
«ԱՄԵՆՏԻ ԵԶԵՐՔԸ» ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Գ. Հակոբյան
ԲԱՌԱՐԱՆԱԳՐԱԿԱՆ ՄԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Փիլիսոփայական խնդրադաշտի համատեքստում
ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գեղամ Մ. Բադալյան
ՇԻՐԱԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Պատմա-աշխարհագրական դիտարկումներ
ՄՇԱԿՈՒՅԹ
Արմինե Հ. Տիգրանյան
ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Վ․ Գասպարյան
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ 1937 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԲՈՎՈՒՄ
Ծննդյան 125-ամյակի առթիվ
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Հովիկ Գ. Մուսայելյան (Ստեփանակերտ)
«ԳԱՂՏՆԻՔԸ» ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ՀԻՄՆԱՆՊԱՏԱԿ
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արմեն Ց. Մարուքյան
Թաներ Աքչամ, Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում
ՀԱՎԵԼՎԱԾ
Պետրոս Հ. Դեմիրճյան
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ. Ֆ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ-ՐԱՖՖԻ-Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ
Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակի առթիվ