Օրակարգում միայն մեկ հարց է՝ Փաշինյանի հրաժարականը
15 Սեպտեմբեր 2022
Վարչապետի իմպիչմենտի նախաձեռնությունը ենթադրում է այդ պաշտոնին նոր թեկնածուի առաջադրում։ Դա անպայման լինելու է. սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա, երբ լինեն բավական պայմաններ իմպիչմենտ սկսելու համար, երբ կառավարող մեծամասնության պատգամավորները նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնեն։
Մանուկյանը չի բացառել, որ կառավարող կուսակցության պատգամավորները կարող են միանալ իմպիչմենտին։
«Մենք պաշտոնապես սկսել ենք իմպիչմենտի գործընթացը, հիմա աշխատանքներ են տարվում։ Սպասում ենք, որ կառավարող կուսակցության էլի 18 պատգամավոր կմիանա նախաձեռնությանը։ Ես իմ կյանքում շատ ուժեղ խմբակցություններ եմ տեսել, որոնք մեկ գիշերում դադարել են գոյություն ունենալ։
Կարճ ժամանակում կլինի հայտարարություն ընդդիմությունից վարչապետի թեկնածուի մասին»,- նշել է պատգամավորը։
Այսուհետ Փաշինյանին հարցեր տալն իմաստ չունի, օրակարգում միայն մեկ հարց է՝ Փաշինյանի հրաժարականը:
«Նրան սարսափեցրել է տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը, որոնք ինքնաբուխ դուրս են եկել փողոց»,-նկատեց պատգամավորը։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, այս միջադեպերը չէին լինի, այս պատերազմը չէր լինի։
«Ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ ոչ ոք իրավունք չունի մարդկանց ուղղորդել»,-ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում քաղաքացիների երեկվա հանրահավաքին։