Հուսամ՝ մեր ժողովուրդն իր իմաստնությունը կվերագտնի
16 Սեպտեմբեր 2022
Սեպտեմբերի 14-ին Hraparak TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ազատամարտիկ, «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը: Նա խոսել է հայրենիքի պաշտպանության, հայոց պետականության ամրապնդման գործում կամավորական շարժման առաքելության, պաշտպանական պետական կառույցների հետ համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձել վերջին տարիներին ՀՀ իշխանությունների՝ Հայոց բանակի նկատմամբ որդեգրած կեցվածքներին, բանակը հետևողականորեն թուլացնելու և պետությունը անվտանգային նորանոր մարտահրավերների առջև կանգնեցնելու անխոհեմ քաղաքականությանը:
«Ցավոք, մենք տեսանք, որ ամրոցը գրավում են ներսից: 2018 թվականի փոփոխություններից հետո մենք տեսանք, որ այս իշխանությունները եկել են երկիրը ծրագրավորված քանդելու: Եվ պատահական չէր, որ առաջին հարվածներն ստացավ բանակը, նրա սպայական կազմը, միջին սպայական լազմը, գեներալիտետը, մարդիկ, որ 90-ականների կռվի բովով էին անցել, գիտեին տեղանքի յուրաքանչյուր սանտիմետրը, գիտեին խնդիրները: Այդ մարդկանց հանեցին արանքից, որպեսզի նրանք խոչընդոտ չդառնային այն ծրագրին, որ իրենք փորձելու էին իրականացնել: Համակարգերը չեն աշխատում, համակարգեր չկան, մասնագետներ չկան, հանեցին, բերեցին երկու բառ անգլերեն խոսող կամ ընդհանրապես անգրագետ մարդկանց»,- ասել է Իգոր Սարգսյանը: Նրա խոսքով՝ ՀՀ նոր իշխանությունները սկսեցին բանակ ներմուծել միանգամայն այլ արժեքներ՝ ինչ-որ թեժ գծեր հրամանատարներից բողոքելու համար, ելակային տրամադրություններ ու չգիտեմ էլ ինչեր, հայտարարեցին բանակում տիրող կոռուպցիայի, զինվորների անապահով վիճակի մասին, բայց բանակը հասցրին այն վիճակին, որ ոչ միայն զինվորի ներքնահագուստը, այլև սնունդն այսօր նրա հարազատներն ու ծնողներն են հոգում:
Իգոր Սարգսյանը նաև հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել 44 օրյա պատերազմի ժամանակ Շուշին միտումնավոր կերպով անպաշտպան թողնելու, ինչպես նաև ադրբեջանական լայնամասշտապ վերջին ագրեսիայի օրերին հայ կամավորների ծառայությունից ՀՀ իշխանությունների՝ տարօրինակ կերպով հրաժարվելու մասին:
Հարցին՝ ի՞նչ հուսանք, ի՞նչ վերջաբան կունենա այս ամենը, Իգոր Սարգսյանը պատասխանել է. «Հուսամ, որ մեր ժողովուրդն իր իմաստնությունը կվերագտնի, կկանգնեն, կհեռացնեն, կվերականգնվի մեր պաշտպանության ճակատը, զինվորի ինքնավստահությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: