Որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է
28 Հոկտեմբեր 2022
Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խոսել ենք, նաեւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է եւ ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք. այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:
«Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք եւ կներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:
Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին:
«Սա նշանակում գնալ Բրյուսել, ասել մեկ բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում մի ուրիշ բան, ու երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոններ մրցակցության ու հակասությունների մանրադրամ: Գիշերը «Հայկական ժամանակով» այլ բան գրեց, կեսօրին Թվիթերով այլ բան ասեց, երեկոյան վստահ եմ՝ մեկ այլ բան է ասելու, գնալու է փակ սենյակում էլ լրիվ ուրիշ բան ասի: Սա է գավառական ժուլիկությամբ երկիրը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների մանրադրամ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ամեն մեկն իր փայն է ուզում Հայաստանից այս իրավիճակում: Հայաստանը բանակցություններում պետք է հանդես գա հայկական օրակարգով, մի տարբերակ, որը հայկական պետականության գոյությանը չի վնասի Նիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցությամբ ծրագիրը Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորուստ: Նրանք, ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, հայ ժողովրդի դավաճարններ են»:
Նա հայտարարեց, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, դեմ չեն բանակցություններին, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. «Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման գնով, Արցախը կորցնելու գնով: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ խրամատներում այս պահին կան հայ զինվորի դիակներ, այդ թվում բուժքրոջ, դու այդ պայմաններում գնում ես Ալիեւի ու Էրդողանի հետ սիլիբիլի ես անում, խոսում խաղաղության մասին: Դրա համար էլ այսօր որեւէ մեկը մեզ չի հարգում»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Սովորաբար համահայկական խորհրդաժողովները մեր ժողովրդի ջանքերը միավորելու, միասնություն, համերաշխություն ստեղծելու, համահայկական օրակարգեր քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով են տեղի ունենում. Դա է տրամաբանությունը. ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Երեւանում մեկնարկող Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին:
«Սրանց գագաթնաժողովը Սփյուռքը պառակտելու, նոր լարվածություն ստեղծելու, իրենց էժան եւ մանր քայլերով իրենք ոչ թե համահայկական գագաթնաժողով են անում մեր ուժերը համախմբելու եւ մեր օրակարգերն առաջ տանելու, այլ Սփյուռքը պառակտելու համար:
Հանձնակատար ունեն, որը, ըստ էության, իր քայլերով ու գործողություններով Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ դեսպանի կամ հանձնակատարի գործունեությունից չի տարբերվում: Երբ դու քո առջեւ նպատակ ես դրել քանդել 100-ամյա ավանդական կառույցների գործունեությունը, պառակտել եւ փորձել Սփյուռքում լարվածություն ստեղծել, դու առնվազն կատարում ես Չավուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփյուռքը մեզ համար սպառնալիք է:
Երբ դու մեր հայանպաստ գործիչներին, օրինակ Մուրադ Փափազյանին եւ մեր մյուս ընկերներին արգելում ես գալ Հայաստան, դու ոնց կարող ես խոսել համահայկական օրակարգերի մասին: Դա ընդամենը շոու է, որեւէ լուրջ կազմակերպություն այդ միջոցառմանը չի մասնակցում: Երկու Վեհափառները բոյկոտել են այդ միջոցառումը, դա արդեն ամեն ինչ ասում է: Այդ իրավիճակում պետք է ամաչեին ու հեռանային: Սա հերթական պառակտիչ, քայքայիչ գործողությունն է»,-հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում