Իշխան Սաղաթելյանը Կիպրոսի ԱԺ նախագահի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական դաշինքի սադրանքները
16 Նոյեմբեր 2022
Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կիպրոսի հայ համայնքի Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ու ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ԳՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիպրոսի պետության անվերապահ աջակցությունը կիպրահայ համայնքին։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև խոսել թուրք-ադրբեջանական դաշինքի սադրանքների մասին։
Կարևորվել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորության անհրաժեշտությունը և այս համատեքստում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերյալ։
Իր հերթին Կիպրոսի Ազգային Ժողովի Նախագահը կարևորել է Կիպրոս-Հայաստան հարաբերություների առավել ամրապնդումը՝ հաստատելով, որ Կիպրոսը շարունակելու է իր զօրակցությունն արտահայտել Հայաստանին և Հայ ժողովրդի դատին՝ հենվելով մարդկային արժեքների սկզբունքներին և հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նոր հանդիպումների առիթներ կլինեն։