Այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու. ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա
02 Դեկտեմբեր 2022
Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունն ու բովանդակությունը եւ հակահայ բազմաթիվ ձեւակերպումներով է հանդես եկել. Հիմա ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաեւ մի շարք հարցերով տա հիմնական գնահատականները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իրենց պատրաստած հայտարարությունը երեք սկզբունքի վրա է հիմնված. «Առաջին, հայտարարությունում հստակ նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, կարգավիճակի մասին, ինչպես նաեւ ՀՀ հանձնառության մասին: Հայտարարության տեքստը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները: Իրենց առաջարկության մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն»: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաեւ Հայաստանի հանձնառության մասը: Այսինքն հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են:
Ստացվում է, որ Ֆրանսիայի ԱԺ-ն եւ Սենատը հանդես են գալիս հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ Հայաստանի ԱԺ-ն հրաժարվում է հայտարարությամբ հանդես գալուց»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ԱԺ հայտարարության նախագծում որեւէ քաղաքական գնահատական չկա, այն վերաբերում է բացառապես Արցախին եւ Հայաստանին:
«Սա եւս մեկ ապացույց է, որ այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու, որ այս իշխանության հետ ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա»,-իր խոսքն ամփոփեց Սաղաթելյանը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, որ ի թիվս ընդդիմադիր այլ պատգամավորների, ինքը ևս որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ «Վերածնվող Հայաստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։
Պետք է հասկանանք ու գնահատենք, թե ինչ է կատարվում ընդդիմության դաշտում. աայսօր ընդդիմությունը չունի այդ ճոխությունը հավելյալ պառակտումների գնալու, իրար ուտելու, իրար վարկաբեկելու. ասաց Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ-ի տեսակետը միշտ եղել է շատ հստակ, մենք այս 2-3 տարվ ամեջ ընդդիմադիր դաշտի բախումներին որեւէ կերպ մասնակց չենք լինում: Չնայած մենք հաճախ թիրախ ենք դառնում եւ շատ հետեւողականորեն որոշների կողմից վարկաբեկվում, բայց մենք այդ ամենին մաս չենք կազմում: Ոչ թե նրա համար, որ չենք կարող մենք էլ մեր վարձու ստատուս գրողներն ունենալ, այլ նրա համար, որ գտնում ենք՝ ընդդիմությունը պետք է լինի որքան հնարավոր է՝ միասնական, որքթան հնարավոր է համախմբված: Մենք մեծ ջանքեր գործադրել ենք այդ ուղղությամբ, քանի որ ուժերը պետք է համախմբել»,-ասաց նա:
Հարցին, թե այսօր որքանո՞վ է ընդդիմությունը համախմբված, Սաղաթելյանը պատասխանեց. «Դժբախտաբար այն համախմբվածությունը, որ պետք է ունենար, չունի: Այս դաշտում եւս ջուրը պղտորողներ կան, որը մեր ընդհանուր գործի շահերից չի բխում»:
Մանրամասները՝ տեսանյութում