Կա՛մ տեր ենք կանգնում Արցախին, կա՛մ հրաժարվում ենք սերունդների պայքարից
02 Դեկտեմբեր 2022
ՔՊ-ի առաջարկները լավագույնս բացահայտում են գործող իշխանությունների հետապնդած իրական նպատակներն ու որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ. ԱԺ ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ելույթն ամբողջությամբ ստորեւ.
ՔՊ նպատակները հետևյալն են.
– Չկա, չի եղել, ԼՂՀ կամ ԱՀ:
– Կա հայություն, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ որպես պետական կազմակերպական ձև ունեցող միավոր, այլ որպես աշխարհագրական տարածք:
– Ադրբեջանը չի օկուպացրել Արցախի որևէ տարածք:
– Շուշիի հռչակագիրը դատապարտելի և անընդունելի չէ:
– Թուրքիայի մասին նպատակահարմար չէ հիշատակել Ադրբեջանական հակահայկական գործողությունների համատեքստում: Փաստացի անտեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը:
– Կարելի է կատարել նաև դրական արձանագրում, որ անընդունելի է ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրումը:
– Մերժվում է Արցախի հիմնախնդրում ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունը:
– Փաստացի հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սատարելու Սահմանադրորեն ամրագրված պարտավորությունից:
– Հրաժարվում է նպաստել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
– Դրա փոխարեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման կարևորագույն գործն է համարում միջազգային մեխանիզմով Ստեփանակերտ- Բաքու ուղիղ երկխոսությունը, միաժամանակ չբացառելով Արցախը Արդբեջանի կազմում, և կարևորելով ոչ թե ժողովրդին պատկանող տարածքը` այլ նրա իրավունքները:
– Վերջապես 1991 թվականին Ալմա- Աթայի հռչակագրի հիշատակումը` առանց մատնանշելու ՀՀԳԽ-ի կատարած վերապահումը, թույլ է տալիս այն մեկնաբանել որպես Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ամրագրող փաստաթուղթ:
Այսպիսով, ըստ օրվա իշխանությունների իրավիճակը թելադրում է հրաժարվել Ադրբեջանի հնարավոր զայրույթը գրգռող որևէ բառապաշարից, և անշուշտ հրաժարվելով` հրաժարվել սեփական նախընտրական խոստումներից և նպատակներից:
Սակայն ակնհայտ է, որ իրավունքն ինքնին առանց տարածքի և կարգավիճակի կարևորման հեշտությամբ հանգեցվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ նախատեսվախ քաղաքացիական իրավունքներով բավարարվելուն, դրա հետևանքները հայ ժողովուրդը տեսել է Նախիջևանում և այլուր:
Հետևաբար, չկա, չի կարող լինել Արցախահայության ընդհանրացված իրավունքների պաշտպանություն, առանց այդ իրավունքների սկզբնաղբյուրը հանդիսացող ինքնորոշման իրավունքի ապահովման:
Չկա, չի կարող լինել Արցախահայության անվտանգության երաշխավորում, առանց դրա համար անհրաժեշտ կենսական, առնվազն` երեք պայմանների ապահովման, Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակ, անկլավության բացառում, և խաղաղապահ անժամկետ առաքելությամբ և Հայաստան- Արցախ միասնական անվտանգության համակարգի ձևավորման: Այո, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը կանգնած է այս ճակատագրական փորձության առաջ` կամ առձանագրում ենք, որ տեր ենք մեր համազգային նպատակներին և սկզբունքային դիրքորոշումներին` արտահայտված մեր անկախության մասին հռչակագրով և դրան հետևած 1992 թվականի հուլիսի 8-ի ԳԽ հայտնի որոշումով ու Արցախի հանրապետության գոյությունն ամրագրող բազմաթիվ հայտարարություններվ և վերականգնում ենք սրա շուրջ մեր եռամիասնությունը, կամ ըստ էության հրաժարվելով դրանցից` ոտնահարում ենք Հյասաստանի գործող սահմանադրությունը և արժեզրկում հանուն Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության մղած սերունդների պայքարը: