Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Բերդաշեն, Աշան և Եմիշճան գյուղերում
09 Հունվար 2023
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ Աժ պատգամավոր Դավիթ Իշխանյանը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Եմիշճան համայնքների բնակիչների հետ: Հանդիպումներին ներկա էին նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ու վարչակազմի տեղակալ Մասիս Զարգարյանը:
Այցի նպատակը Արդբեջանի կողմից Արցախի շրափակաման հետևանքով ի հայտ եկած ճգնաժամի, այն հաղթահարելու քայլերի և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին հասարակությանը տեղեկատվություն տալն էր ու իրավիճակով պայմանավորված՝ համայնքներում առկա խնդիրներին ծանոթանալն էր:
Դ. Իշխանյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման մասին, նշեց, որ դրան Ադրբեջանը միանգամից չի հասել, այլ հետևողական քայլերի արդյունքում:
Պատգամավորը ներկաներին վստահեցրեց, որ Ադրբեջանի պահանջները որևէ կապ չունեն էկոլոգիական խնդիրների հետ, այլ առիթը օգտագործելով՝ փորձում են հերթական հարվածը հասցնել Արցախի ժողովրդին, այս անգամ նաև տնտեսապես:
Անդրադառնալով պարենային անվտանգության հարցին՝ Դ. Իշխանյանն ասաց, որ այս պահի դրությամբ կատարվում է գույքագրում և ըստ այդմ մոտ ապագայում անցում է կատարվելու կտրոնային համակարգի:
Դ. Իշխանյանը նշեց, որ Արցախի իշխանություններն ունեին 2 տարբերակ. կամ ընդունել Ադրբեջանի պայմանները, կամ շարունակել պայքարը պետականության պաշտպանության համար: Որոշումը կայացել է ժողովրդի տրամադրվածությունները հաշվի առնելով, որը լավագույնն արտացոլված է հատկապես հոկտեմբերի 30-ին կայացած համաժողովրդական հանրահավաքում:
Համայնքների բնակիչների մտահոգությունները հիմնականում կապված էին ստեղծված անորոշ իրավիճակի ու անվտանգության հարցերի հետ:
Գյուղացիները հարցեր բարձրացրին նաև գյուղատնտեսական աշխատանքներն ավարտին հասցնելու համար դիզվառելիքի ապահովման, ոռոգման խնդիրների, սահմանային գոտիներում հողամասերի մշակման անհնարինության, կանխիկ դրամի վերաբերյալ:
Պատգամավորը ներկաներին վստահեցրեց, որ բարձրացված հարցերը կներկայացվեն օպերատիվ շտաբին ու համապատասխան գերատեսչություններին, և հնարավորության սահմաններում դրանց լուծում կտրվի: