Ժողովրդավարական ընտրությունների հասնելուն դեռ ճանապարհ կա
12 Դեկտեմբեր 2018
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ձևակերպմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունը պարտվեց, որովհետև ժողովուրդը գնահատեց անձը, ոչ թե գաղափարը:
«Հուսով եմ, որ այդ անձը այդ ամեն ինչը լավ կգիտակցի և այնպիսի ծրագրով հրապարակ կգա և դրան համապատասխան այնպիսի թիմով, որ նոր հուսալքության առիթ չառաջացնի», – հավելեց Ռուստամյանը:
Մոտ երկու տասնամյակ օրենսդիրում անցկացրած Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, թե պարտությունից չեն սրտնեղել, հակառակը՝ ազատվեցին մեղադրանքներից:
Խորհրդարանի պատերից դուրս ավելի ակտիվ են աշխատելու: Անգամ սերնդափոխության են պատրաստվում․ – «Հիմա այլևս մի բան լավ է, որ մենք չենք անցել, այլևս մեզ չեն կարող մեղադրել: Այս բանից պրծանք մենք․․․ որ անընդհատ մարդիկ իրենց մեղքը չգտնելով՝ Դաշնակցությունը կա, եկեք մեղքը բարդենք Դաշնակցության վրա, այս փուլն ավարտվեց: Այս իմաստով ես շատ ուրախ եմ ներքուստ, որ մեր ժողովուրդը շատ հստակ կտեսնի ով՝ ով է և Դաշնակցության իրական կերպարը նաև կարձանագրի»:
Արմեն Ռուստամյանը թեև կասկածի տակ չի առնում ընտրությունների արդյուքներն ու իշխանության լեգիտիմությունը, բայց, ըստ նրա, ժողովրդավարական ընտրություններին հասնելու համար դեռ ճանապարհ կա․ – «Դեռ չի էլ կարելի խոսել, որ երկրում հաստատվել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ավանդույթ: Ընտրությունները կարող են նորմալ անցնել՝ չունենալով այդ ավանդույթը, եթե հայտնի է, թե ով է ընտրվելու: Եվ այդ ընտրվողը իշխանությունն է բնականաբար, որովհետև կեղծիք անողն էլ է իշխանությունը: Հիմնականում այդպես է ամբողջ պատմության մեջ եղել: Ընդդիմությունը կեղծիքներ չի անում այն աստիճանի, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա: Կարող են փորձել անել, բայց կբռնվեն: Միշտ ընտրությունների մակարդակը ժողովրդավարական առումով դրսևորվում է այն ժամանակ, երբ որ իշխանությունները մեծ ռիսկ ունեն կորցնելու իրենց իշխանությունը: Այդ ժամանակ է երևում՝ ընտրություններն արդա՞ր են, թե՞ ոչ»:
Ընտրողների մոտ 4 տոկոսի վստահության քվեին արժանացած Դաշնակցությունն հենց այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին:
Ժողովրդի մեջ մեծ հույսեր արթնացրած իշխանության թիմի նկատմամբ թերահավատ է:
Ռուստամյանը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ լինեն․ – «Մենք առաջացրել ենք շատ մեծ ակնկալիք մեր ժողովրդի մոտ: Այդ մեծ վստահությունը, 70 տոկոսից ավել ձայն հավաքելը նաև շատ մեծ պարտավորություն է ենթադրում: Ես քիչ թե շատ մեր ժողովրդին ճանաչում եմ, և սա կարող է շատ արագ շուռ գալ իշխանությունների դեմ, եթե այն խոստումները, որ տրվել են, և այն ակնկալիքները, որ մեր ժողովուրդը ունի, արագ չիրականացվեն: Կան իշխանության մեջ մարդիկ, որոնք հասկանում են այս պատասխանատվությունը, բայց ես չեմ տեսնում այն թիմը, որը այդ մարտահրավերներին և վտանգներին ադեկվատ կարող է գործել: Առայժմ ես դա չեմ տեսնում»:
Խորհրդարանից հեռացող պատգամավորին հարց ուղղեցինք նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշման մասին: ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրանքում քաղաքական ենթատեքստեր տեսնում է:
Ըստ նրա, նախ պետք է ապացուցել, թե արդյոք սահմանադրական կարգը տապալվել է, ապա մեղավորին փնտրել․ – «Ես չեմ ուզում իրավական դաշտ մտնել, բայց ես ասում եմ, որ հենց ինքը՝ մեղադրանքը այդ առումով ունի մեջը քաղաքական ենթատեքստեր: Մենք գնացել ենք մի հատ ուրիշ մեղադրանքի հետևից, որը շատ վտանգավոր տեղ է տանելու այն իմաստով, որ դեռ պիտի ապացուցվի՝ իսկապե՞ս եղել է սահմանադրական կարգի տապալում, թե՞ ոչ»:
Գործի վտանգավոր ընթացքը կանխատեսող Ռուստամյանն ամեն դեպքում մտադիր չէ միանալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող ակցիաներին:
Շուրջ երկու տասնամյակ խորհրդարանում ներկայացված Դաշնակցությունը վերջին ընտրություններում պարտությունն ընդունում է՝ անցյալից դասեր քաղած:
«Ամենակարևոր դասը, ասել ենք, որ Դաշնակցությունը իր տեսակին և իր նկարագրին համապատասխան պետք է չմտնի այս կամ այն համագործակցությունների մեջ, որտեղ առանց իրեն որոշումներ են կայացնում, և վերջում պարզվում է, որ դրանից ոչ միայն Դաշնակցությունն է կորցնում իր վարկանիշի առումով, այլև երկիրը չի շահում», – ասաց Արմեն Ռուստամյանը:
Կիսատ քայլերից հետևություն անելով՝ առաջ են շարժվելու դեպի հունվարյան մեծ ժողով․ տոներից հետո Դաշնակցության համաշխարհային ժողովն է լինելու Երևանում: Ողջ աշխարհի դաշնակցական պատվիրակները կընտրեն ղեկավար մարմին չորս տարի ժամկետով․ – «Մենք ունենք առաջիկայում նաև ընդհանուր ժողով: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կքննարկի, կվերլուծի, և նոր էջ կուսակցության մարտավարության համար կբացվի, որովհետև հիմա մենք նոր վիճակում ենք»:
Բյուրոն 11 քաղաքական ներկայացուցիչ ունի: Այժմ Հայաստանից ներկայացված են Սպարտակ Սեյրանյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը և Կիրո Մանոյանը: 18 տարի է, ինչ այն ղեկավարում է Հրանտ Մարգարյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ կուսակցության մարտավարության վերանայման, քաղած դասերի համատեքստում Բյուրոյի ղեկավարն էլ փոխվի, Ռուստամյանն արձագանքեց․ – «Ամեն ինչ հնարավոր է: Այդպես էլ մարդիկ լավ չկարողացան այդ բանը ըմբռնել, երևի այս նոր փուլը կբերի դրան, որ այդ էլ հասկանան, որ հանիրավի մեղադրանքներ Դաշնակցությանն ուղղելը առ այն, որ Դաշնակցությունը մեկ անձ է ղեկավարում, դա բացարձակապես իրականության հետ որևէ աղերս ու կապ չունի: Ո՛չ Հրանտ Մարգարյանը, ո՛չ Արմեն Ռուստամյանը, ո՛չ որևէ մեկը Դաշնակցության մեջ առաջնորդելու, դրոշակը վերցրած և, այսպես ասած, բոլորին ստիպելու, որ իրենց ուզածով անեն, այդ կուսակցությունը չի Դաշնակցությունը»:
Հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրություններում Ազգային ժողովի անցողիկ շեմը չհաղթահարած Դաշնակցությունում նոր էջից սկսելուց կաշկանդված չեն: Այս փուլում մոտ 49 հազար ձայն ստանալն էլ Արմեն Ռուստամյանը ոգևորիչ է համարում:
Երիտասարդ դաշնակցականների դերակատարումն ակնհայտ էր այդ գործում: 128-ամյա կուսակցությունում համոզվել են, որ սերնդափոխության պահն է հասունացել․ – «Ես տեսա այն ոգևորությունը, որը մեր երիտասարդության մեջ կա, ես տեսա այն ոգևորությունը, որ մեր շարքերում կա: Այսինքն, ընդհանուր գծի առումով, գնահատումների առումով, Դաշնակցության՝ այս փուլի հասնելու և եղած բոլոր խնդիրները լուծելու առումով մեծ խնդիրներ ես չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ սա կգնահատվի, որ ընդհանուր ուղեգիծը ճիշտ է եղել: Պարզապես մարտավարական փոփոխությունների հարցեր կդրվեն: Մանավանդ հիմա տեսնում եմ, որ երիտասարդներ կան շատ լավ աճած, գիտակ, հասկանում են, վերլուծում են: Այնպես որ, մեր երթը անպայման շարունակվելու է»:
Գայանե Սարիբեկյան
azatutyun.am