Այսօր գերակա խնդիր կա և հանուն այդ խնդրի, բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն
16 Հունվար 2023
Շատ կարևոր եմ համարում, որ Արցախում հարցի լայն ներքին քննարկումների արդյունքում բոլորը հանգեցին ճիշտ եզրակացության, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն դրա բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին ներքաղաքական զարգացումներին:
Նրա կարծիքով՝ Արցախը միասնականությումը միշտ հայերի համար եղել է առաջնորդող, արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը և այսօր էլ իր այդ առաքելության տերն է:
«Արցախցին այսօր ամենաառաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է, և իրենք չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել»,-հայտարարեց Ռուստամյանը:
Նա ժամանակավրեպ համարեց այս փուլում Արցախում նախագահական ընտրություններ անցկացնելը. «Այս կարեւորագույն հարցը չլուծած, չհաղթահարած այս մարտահրավերը, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք չպետք է իրավիճակ լարենք, քանի որ Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է, որ ոչ ոք, առնվազը հայկական իրականության մեջ, 2020 թվականի Արցախի ընտրությունները կասկածի տակ չի դրել: Այս իրավիճակում իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ Արցախի վերջին ընտրությունների ժամանակ բոլորը գիտեին, որ ձևավորվող իշխանությունը պատմական առաքելություն էր ունենալու:
«Առաջնային ընտրված թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն պետք է տեր կանգնեն իրենց մանդատներին և լեգիտիմությունը պահպանեն, որովհետև այդ լեգիտիմության շուրջ է, որ նաև պետք է ձևավորվի միասնական մթնոլորտը և այս պայքարն ունենա հստակ առաջնորդ»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Կարծիք հայտնելով, որ կատարվածի մեջ կա նաև Բաքվի գործոնը, որը բացահայտ, նաև Եվրոպայի խորհրդում հայտարարում է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է դուրս հանել Արցախից՝ պատգամավորը հայտարարեց. «Առնվազն դա բավական է, որ դա չկատարվի: Ինչ է նշանակում՝ թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե Արցախում ով պետք է ստանձնի այս կամ այն պաշտոնը: Դա նշանակում է, որ մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը: Արդեն իսկ այդ խնդիրն ունենք: Արցախը պետք է ձևավորված և ընտրություններով ամրագրված որպես սուբյեկտ դրսևորվի: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է այդ սուբյեկտայնությունը, այսօր Արցախն է, որ խոսում է իր իրավունքների մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում