Արթուր Խաչատրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է պատգամավորներ Մոնիկա Ֆեյնի եւ Խուան Մարտին Մուսակիոյի հետ
27 Մարտ 2023
Աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում գտնվող ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հանդիպումները շարունակվում են:
Բուենոս Այրեսում նա հանդիպել է Արգենտինայի ընկերվարական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆեյնի և Արմատական քաղաքացիական միություն կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ:
Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանը ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը: Նա արգենտինացի գործընկերների համար ուրվագծել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները:
Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նշենք, որ այցը կազմակերպվել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից: