Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել այս իշխանություններից
03 Ապրիլ 2023
Իրենք՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը, պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել, Ձերբակալվածների պահման վայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու փաստին, ասել է, թե դրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու, Սաղաթելյանն արձագանքեց.
«Երեկվա հոխորտալուց հետո, հավանաբար, Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։
Իրենց բոլոր հակազդեցությունները՝ նման դեպքերին պատասխանել բռնություններով, ինչպես երեկ տեղի ունեցավ, և ինչպես ոչ օրինաչափ կերպով կալանքի տակ էր գտնվում Մհեր Սահակյանը, ունենալու են հակառակ ազդեցություն»։
Պատգամավորն ասաց, թե միայն ուրախ կլինեն, որ այդ ամենը ունենա քաղաքական և իրավական հետևանքներ, ինչպես հայտարարում են իշխանությունները։
«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանում լիներ օրենք, ու եթե այդ ամեն ինչը քաղաքական ու իրավական հետևանք ունենար, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը հայտնված կլինեին բանտում՝ այս ժողովրդին բերած աղետի համար»։
Անդրադառնալով առաջիկայում փողոցային պայքար սկսելուն՝ Իշխան Սաղաթելյան ասաց. «Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել այս իշխանություններից, որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից և նպատակից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա»: