Թուրքիայի ավերիչ երկրաշարժն ու դրա քաղաքական հետևանքները Ռ. Թ. Էրդողանի համար
06 Ապրիլ 2023
Սույն թվականի փետրվար ամսին Թուրքիայի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել 1939 թ. ի վեր ամենաավերիչ և հզոր երկրաշարժերը։ Մասնավորապես՝ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը երկրի հարավը ցնցվել է 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, իսկ ցերեկը 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի հարավ-արևելքում։
Հաջորդող օրերին ևս տարբեր ուժգնության հետցնցումներ են գրանցվել երկրի զգալի տարածքներում: Երկրաշարժից տուժել է նաև հարևան Սիրիան, որտեղ նույնպես տներ են փլուզվել, մեծ թվով մարդիկ զոհվել ու վիրավորվել են:
Երկրաշարժերի պատճառով ավերվել են մշակութային ժառանգության օբյեկտները։ Թուրքիայի Գազիանթեփ նահանգում հնագույն ամրոց է վնասվել, իսկ Սիրիայում՝ Հալեպի միջնաբերդը։ Երկրաշարժից տուժած երկու տեսարժան վայր էլ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Անկասկած է, որ տեղի ունեցածը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ինչպես Թուրքիայի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ՝ ընտրություններից առաջ ազդելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի վրա։
Երկրաշարժից հետո Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Թուրքիային օգնություն են առաջարկել 45 երկրներ, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը։ Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը, Իսրայելի նախագահ Ի. Հերցոգը, Հնդկաստանի վարչապետ Ն. Մոդին և Մեքսիկայի կառավարության ներկայացուցիչը իրենց սոցցանցերում աջակցությունն են հայտնել Թուրքիային։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը առաջիններից էր, որ արձագանքեց տեղի ունեցածին: Նա ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել փետրվար 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Երկրաշարժը նման ավերածություններ է առաջացրել նախևառաջ իր ուժգնությամբ։ 84 տարի առաջ Արևմտյան Հայաստանի Երզնկա (ներկայում՝ Թուրքիայի Էրզինջան) քաղաքում տեղի ունեցած նույն ուժգնությամբ երկրաշարժը (7․8 բալ) հանգեցրեց ավելի քան 30 հազար մարդու մահվան, շուրջ 100 հազարը վիրավորվեց։ Այն համարվում է Թուրքիայի ամենամեծ երկրաշարժերից մեկը։ Մեծ կորուստների հանգեցրած մյուս գործոնը հանկարծակիությունն է։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ի սահմաններում։ Տները փլուզվել են անմիջապես քնած կամ քնաթաթախ մարդկանց վրա, որոնք չեն հասցրել դիմակայել վտանգին կամ պաշտպանվել:
Հատկանշական է նաև, որ դեռևս 2022 թ. մարտին Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի գիտնականները հրապարակեցին մի հետազոտություն, որը ենթադրում էր, որ Գազիանթեփ շրջանի կենտրոնը կարող է լրջորեն վնասվել 6․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: Դա պայմանավորված էր նրանով, որ հարավային Թուրքիայի շենքերի մեծ մասն ամենևին սեյսմակայուն չէ։ Դրանք իրար մոտ կառուցված, չամրացված աղյուսով և ցածր բետոնե շրջանակներով շինություններ են։
Երկրաշարժից գրեթե անմիջապես հետո Թուրքիայի նախագահը երկրի՝ երկրաշարժից տուժած 10 նահանգներում, որտեղ ապրում է մոտ 15 միլիոն մարդ, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել և նշել, որ իշխանությունները ավելի քան 53 մլն դոլար են հատկացրել դրա հետևանքները վերացնելու համար։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայի ներկայիս երկրաշարժի տնտեսական արժեքը կարող է կազմել ՀՆԱ-ի մոտ 2%-ը (ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թ. այն 819․04 մլրդ դոլար էր, 2022 թ. թվերը չեն հրապարակվել)։ Ամենաշատը տուժել է Գազիանթեփ նահանգը, որը նաև հարավային Թուրքիայի տնտեսական կենտրոնն է համարվում։ Ըստ 2021 թ. տվյալների՝ այնտեղ ապրում է ավելի քան 2․13 մլն մարդ, արտադրվում է Թուրքիայի արդյունաբերական արտադրանքի մոտավորապես 4%-ը և թեթև արդյունաբերության ապրանքների 6%-ը։
Երկրաշարժը խաթարել է նաև նյութատեխնիկական ապահովումը։ Չոր բեռներ, կոնտեյներային նավեր և տանկերներ ընդունող Իսկենդերուն նավահանգստում (Հաթայ նահանգ) մեծ հրդեհ է բռնկվել․ հրդեհվել են կոնտեյներներ, և աշխատանքները դադարեցվել են։ Նաև դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի աշխատանքը՝ չնայած այն հանգամանքին, որ օբյեկտը չի վնասվել։ Խողովակաշարի շահագործող «Botaş International Anonim Şirketi»-ն կասեցրել է նավթի տեղափոխումը նավթատարից դեպի լցանավեր։ Հաթայի օդանավակայանում ավերվել է միակ թռիչքուղին, այն նույնպես դադարել է գործել։ Բացի դրանից՝ փակվել են Քահրամանմարաշի և Գազիանթեփի օդանավակայանները, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքն ու օգնություն ցուցաբերելը։ Թուրքիայի տնտեսության համար կարևոր զբոսաշրջության ոլորտը գրեթե չի տուժել, քանի որ աղետի գոտում հայտնի հանգստավայրեր չկան։ Արդեն փետրվարի 6-ին նավթի համաշխարհային գները սկսեցին աճել, ինչի հիմնական պատճառներից էին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը և Իսկենդերուն նավահանգստում նավթի մատակարարումների դադարեցումը: Երկրաշարժի անմիջական ազդեցությունն արտահայտվեց թուրքական լիրայի կտրուկ անկմամբ (ի սկզբանե լիրան 1 դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 18․85-ի, բայց հետո վերադարձրեց կորուստների մեծ մասը): Իսկ երկրի հիմնական ֆոնդային ինդեքսը տարերային աղետի օրը նվազել է 1,35%-ով։
2023 թ. Թուրքիայում գլխավոր քաղաքական իրադարձությունը պետք է լինեին նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվում են նույն օրը։ Համաձայն ազգային օրենսդրության՝ ընտրությունների օրը սահմանում է խորհրդարանը, սակայն եթե պատգամավորները համաձայն չեն, ապա այն հնարավոր է սահմանել նախագահի հրամանագրով։ Սկզբունքորեն ընտրություններն ավելի վաղ ժամկետ առաջաձգելը ձեռնտու էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, քանի որ ընդդիմությանը քիչ ժամանակ էր թողնում՝ ընտրազանգվածին մոբիլիզացնելու համար: Եթե Էրդողանը հաղթի, նա չորրորդ անգամ կզբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը։ Ընտրությունների անցկացման ամսաթիվը կախված կլինի ավերված նահանգներում ընտրությունների անցկացման համար պատշաճ պայմանների ապահովումից և ժամկետների հստակեցման՝ Ռ. Թ. Էրդողանի համաձայնությունից:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներին, ապա տուժած տարածքները՝ հազվադեպ բացառություններով, աջակցում են նախագահի կուսակցությանը կամ նրա հետ դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը։ 600 տեղանոց ազգային խորհրդարանում ամենամեծ թվով պատգամավորներ ընտրվում են Ադանա (15) և Գազիանթեփ նահանգներում գտնվող ընտրատարածքներից (14): 2018 թ. վերջին խորհրդարանական ընտրություններում Ադանայում հինգ պատգամավոր ընտրվել է ԱԶԿ-ից, չորսը՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից», Գազիանթեփում՝ ութ պատգամավոր ԱԶԿ-ից, մնացածը՝ տարբեր, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններից։
Այժմ ԱԶԿ-ն խորհրդարանում ունի 290 պատգամավորական մանդատ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 49, իսկ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»՝ 144։
Դեռևս ընթացիկ տարվա հունվարին անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 40-42%-ը պատրաստ է քվեարկել Էրդողանի և իշխող կուսակցության օգտին։ Այժմ նրանց վարկանիշը կարող է նվազել: Նախ՝ հարց է առաջանում ոչ միայն շինարարական ընկերությունների, այլև իշխանությունների պատասխանատվության հետ կապված առ այն, որ սեյսմավտանգ տարածաշրջանում կառուցված բնակելի շենքերը ցնցումների նկատմամբ անկայուն են եղել։ Ի վերջո, երբ 1999 թ. երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, Թուրքիան օրենքով խստացրեց քաղաքաշինության չափանիշները։ Սակայն երկրաշարժի հետևանքով ավերված տների թվում են նաև վերջին տասնամյակում կառուցվածները։ Արդեն կան կոռուպցիային վերաբերող մեղադրանքներ, և ընդդիմությունը պահանջում է, որ փլատակների մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո հետաքննություն սկսվի՝ պարզելու, թե ինչպես են կառուցվել տները, և ով է թույլտվություն տվել։ Ամենայն հավանականությամբ կարելի էր խուսափել նման թվով զոհերից, եթե պահպանվեին շինարարական կանոնները։
Երկրորդ՝ իշխանությունների և մասնավորապես Էրդողանի վարկանիշի վրա ազդելու է այն, թե ճգնաժամային կառավարումը որքան արդյունավետ կհաղթահարի երկրաշարժի հետևանքները: Փրկվածներին ժամանակավոր կացարաններում պետք է տեղավորել և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրել, ինչպես նաև նոր տներ կառուցել և վերականգնել ենթակառուցվածքները: Դրա համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, որոնք Թուրքիան այս պահին չունի։
Փաստորեն, երկրաշարժը ոչ միայն խառնեց Էրդողանի ներքաղաքական խաղաթղթերը, այլև բարդացրեց նրա աշխարհաքաղաքական հավակնոտ նախագծերի իրականացումը։ Խոսքը ոչ թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու նրա ջանքերի մասին է, այլ՝ համաշխարհային էներգետիկ նախագծերի։ Մասնավորապես՝ Էրդողանը ցանկանում է Թուրքիայում միջազգային գազային հանգույց ստեղծել՝ Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար։ Սակայն Թուրքիայի երկրաշարժը չազդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, քանի որ եվրոպական երկրները հրաժարվեցին ռուսական գազից՝ հօգուտ հեղուկ գազի։
Այսօր առանցքային հարցերից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս կազդի երկրաշարժը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Էրդողանը բավարար միջոցներ չունի երկիրը վերականգնելու համար, իսկ Ռուսաստանն էլ չի կարող համապատասխան ֆինանսական աջակցություն տրամադրել։ Չինաստանը տրամադրում է գերթանկ վարկեր և պնդում, որ նախագծերն իրականացնեն չինական ընկերությունները։
Ստեղծված պայմաններում Թուրքիայի համար հիմնական ներդրողը, կարծես, արաբական աշխարհն է: Սակայն պետք է նշել, որ Արևմուտքը զգալի ֆինանսական ռեսուրսներ ունի ՆԱՏՕ-ի իր դաշնակցին օգնելու համար, պարզապես Էրդողանի խնդիրն այն է, որ վերջին տարիներին նա առճակատման քաղաքականություն է վարել՝ բախվելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, հակաարևմտյան տրամադրություններ բորբոքել թուրքական հասարակության մեջ, սիրախաղ արել Ռուսաստանի և Վ. Պուտինի հետ: Ստացվում է, որ Թուրքիայում բնական աղետը կարող է Էրդողանին դուրս շպրտել քաղաքական Օլիմպոսից:
Լիանա Պետրոսյան