ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Թուրքիայի ավերիչ երկրաշարժն ու դրա քաղաքական հետևանքները Ռ. Թ. Էրդողանի համար

06 Ապրիլ 2023

Սույն թվականի փետրվար ամսին Թուրքիայի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել 1939 թ. ի վեր ամենաավերիչ և հզոր երկրաշարժերը։ Մասնավորապես՝ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը երկրի հարավը ցնցվել է 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, իսկ ցերեկը 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի հարավ-արևելքում։

Հաջորդող օրերին ևս տարբեր ուժգնության հետցնցումներ են գրանցվել երկրի զգալի տարածքներում: Երկրաշարժից տուժել է նաև հարևան Սիրիան, որտեղ նույնպես տներ են փլուզվել, մեծ թվով մարդիկ զոհվել ու վիրավորվել են:

Երկրաշարժերի պատճառով ավերվել են մշակութային ժառանգության օբյեկտները։ Թուրքիայի Գազիանթեփ նահանգում հնագույն ամրոց է վնասվել, իսկ Սիրիայում՝ Հալեպի միջնաբերդը։ Երկրաշարժից տուժած երկու տեսարժան վայր էլ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Անկասկած է, որ տեղի ունեցածը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ինչպես Թուրքիայի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ՝ ընտրություններից առաջ ազդելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի վրա։

Երկրաշարժից հետո Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Թուրքիային օգնություն են առաջարկել 45 երկրներ, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը։ Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը, Իսրայելի նախագահ Ի. Հերցոգը, Հնդկաստանի վարչապետ Ն. Մոդին և Մեքսիկայի կառավարության ներկայացուցիչը իրենց սոցցանցերում աջակցությունն են հայտնել Թուրքիային։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը առաջիններից էր, որ արձագանքեց տեղի ունեցածին: Նա ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել փետրվար 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Երկրաշարժը նման ավերածություններ է առաջացրել նախևառաջ իր ուժգնությամբ։ 84 տարի առաջ Արևմտյան Հայաստանի Երզնկա (ներկայում՝ Թուրքիայի Էրզինջան) քաղաքում տեղի ունեցած նույն ուժգնությամբ երկրաշարժը (7․8 բալ) հանգեցրեց ավելի քան 30 հազար մարդու մահվան, շուրջ 100 հազարը վիրավորվեց։ Այն համարվում է Թուրքիայի ամենամեծ երկրաշարժերից մեկը։ Մեծ կորուստների հանգեցրած մյուս գործոնը հանկարծակիությունն է։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ի սահմաններում։ Տները փլուզվել են անմիջապես քնած կամ քնաթաթախ մարդկանց վրա, որոնք չեն հասցրել դիմակայել վտանգին կամ պաշտպանվել:

Հատկանշական է նաև, որ դեռևս 2022 թ. մարտին Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի գիտնականները հրապարակեցին մի հետազոտություն, որը ենթադրում էր, որ Գազիանթեփ շրջանի կենտրոնը կարող է լրջորեն վնասվել 6․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: Դա պայմանավորված էր նրանով, որ հարավային Թուրքիայի շենքերի մեծ մասն ամենևին սեյսմակայուն չէ։ Դրանք իրար մոտ կառուցված, չամրացված աղյուսով և ցածր բետոնե շրջանակներով շինություններ են։

Երկրաշարժից գրեթե անմիջապես հետո Թուրքիայի նախագահը երկրի՝ երկրաշարժից տուժած 10 նահանգներում, որտեղ ապրում է մոտ 15 միլիոն մարդ, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել և նշել, որ իշխանությունները ավելի քան 53 մլն դոլար են հատկացրել դրա հետևանքները վերացնելու համար։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայի ներկայիս երկրաշարժի տնտեսական արժեքը կարող է կազմել ՀՆԱ-ի մոտ 2%-ը (ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թ. այն 819․04 մլրդ դոլար էր, 2022 թ. թվերը չեն հրապարակվել)։ Ամենաշատը տուժել է Գազիանթեփ նահանգը, որը նաև հարավային Թուրքիայի տնտեսական կենտրոնն է համարվում։ Ըստ 2021 թ. տվյալների՝ այնտեղ ապրում է ավելի քան 2․13 մլն մարդ, արտադրվում է Թուրքիայի արդյունաբերական արտադրանքի մոտավորապես 4%-ը և թեթև արդյունաբերության ապրանքների 6%-ը։

Երկրաշարժը խաթարել է նաև նյութատեխնիկական ապահովումը։ Չոր բեռներ, կոնտեյներային նավեր և տանկերներ ընդունող Իսկենդերուն նավահանգստում (Հաթայ նահանգ) մեծ հրդեհ է բռնկվել․ հրդեհվել են կոնտեյներներ, և աշխատանքները դադարեցվել են։ Նաև դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի աշխատանքը՝ չնայած այն հանգամանքին, որ օբյեկտը չի վնասվել։ Խողովակաշարի շահագործող «Botaş International Anonim Şirketi»-ն կասեցրել է նավթի տեղափոխումը նավթատարից դեպի լցանավեր։ Հաթայի օդանավակայանում ավերվել է միակ թռիչքուղին, այն նույնպես դադարել է գործել։ Բացի դրանից՝ փակվել են Քահրամանմարաշի և Գազիանթեփի օդանավակայանները, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքն ու օգնություն ցուցաբերելը։ Թուրքիայի տնտեսության համար կարևոր զբոսաշրջության ոլորտը գրեթե չի տուժել, քանի որ աղետի գոտում հայտնի հանգստավայրեր չկան։ Արդեն փետրվարի 6-ին նավթի համաշխարհային գները սկսեցին աճել, ինչի հիմնական պատճառներից էին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը և Իսկենդերուն նավահանգստում նավթի մատակարարումների դադարեցումը: Երկրաշարժի անմիջական ազդեցությունն արտահայտվեց թուրքական լիրայի կտրուկ անկմամբ (ի սկզբանե լիրան 1 դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 18․85-ի, բայց հետո վերադարձրեց կորուստների մեծ մասը): Իսկ երկրի հիմնական ֆոնդային ինդեքսը տարերային աղետի օրը նվազել է 1,35%-ով։

2023 թ. Թուրքիայում գլխավոր քաղաքական իրադարձությունը պետք է լինեին նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվում են նույն օրը։ Համաձայն ազգային օրենսդրության՝ ընտրությունների օրը սահմանում է խորհրդարանը, սակայն եթե պատգամավորները համաձայն չեն, ապա այն հնարավոր է սահմանել նախագահի հրամանագրով։ Սկզբունքորեն ընտրություններն ավելի վաղ ժամկետ առաջաձգելը ձեռնտու էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, քանի որ ընդդիմությանը քիչ ժամանակ էր թողնում՝ ընտրազանգվածին մոբիլիզացնելու համար: Եթե ​​Էրդողանը հաղթի, նա չորրորդ անգամ կզբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը։ Ընտրությունների անցկացման ամսաթիվը կախված կլինի ավերված նահանգներում ընտրությունների անցկացման համար պատշաճ պայմանների ապահովումից և ժամկետների հստակեցման՝ Ռ. Թ. Էրդողանի համաձայնությունից:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներին, ապա տուժած տարածքները՝ հազվադեպ բացառություններով, աջակցում են նախագահի կուսակցությանը կամ նրա հետ դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը։ 600 տեղանոց ազգային խորհրդարանում ամենամեծ թվով պատգամավորներ ընտրվում են Ադանա (15) և Գազիանթեփ նահանգներում գտնվող ընտրատարածքներից (14): 2018 թ. վերջին խորհրդարանական ընտրություններում Ադանայում հինգ պատգամավոր ընտրվել է ԱԶԿ-ից, չորսը՝ «Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից», Գազիանթեփում՝ ութ պատգամավոր ԱԶԿ-ից, մնացածը՝ տարբեր, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններից։

Այժմ ԱԶԿ-ն խորհրդարանում ունի 290 պատգամավորական մանդատ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 49, իսկ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը»՝ 144։
Դեռևս ընթացիկ տարվա հունվարին անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 40-42%-ը պատրաստ է քվեարկել Էրդողանի և իշխող կուսակցության օգտին։ Այժմ նրանց վարկանիշը կարող է նվազել: Նախ՝ հարց է առաջանում ոչ միայն շինարարական ընկերությունների, այլև իշխանությունների պատասխանատվության հետ կապված առ այն, որ սեյսմավտանգ տարածաշրջանում կառուցված բնակելի շենքերը ցնցումների նկատմամբ անկայուն են եղել։ Ի վերջո, երբ 1999 թ. երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, Թուրքիան օրենքով խստացրեց քաղաքաշինության չափանիշները։ Սակայն երկրաշարժի հետևանքով ավերված տների թվում են նաև վերջին տասնամյակում կառուցվածները։ Արդեն կան կոռուպցիային վերաբերող մեղադրանքներ, և ընդդիմությունը պահանջում է, որ փլատակների մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո հետաքննություն սկսվի՝ պարզելու, թե ինչպես են կառուցվել տները, և ով է թույլտվություն տվել։ Ամենայն հավանականությամբ կարելի էր խուսափել նման թվով զոհերից, եթե պահպանվեին շինարարական կանոնները։

Երկրորդ՝ իշխանությունների և մասնավորապես Էրդողանի վարկանիշի վրա ազդելու է այն, թե ճգնաժամային կառավարումը որքան արդյունավետ կհաղթահարի երկրաշարժի հետևանքները: Փրկվածներին ժամանակավոր կացարաններում պետք է տեղավորել և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրել, ինչպես նաև նոր տներ կառուցել և վերականգնել ենթակառուցվածքները: Դրա համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, որոնք Թուրքիան այս պահին չունի։

Փաստորեն, երկրաշարժը ոչ միայն խառնեց Էրդողանի ներքաղաքական խաղաթղթերը, այլև բարդացրեց նրա աշխարհաքաղաքական հավակնոտ նախագծերի իրականացումը։ Խոսքը ոչ թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու նրա ջանքերի մասին է, այլ՝ համաշխարհային էներգետիկ նախագծերի։ Մասնավորապես՝ Էրդողանը ցանկանում է Թուրքիայում միջազգային գազային հանգույց ստեղծել՝ Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար։ Սակայն Թուրքիայի երկրաշարժը չազդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, քանի որ եվրոպական երկրները հրաժարվեցին ռուսական գազից՝ հօգուտ հեղուկ գազի։

Այսօր առանցքային հարցերից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս կազդի երկրաշարժը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Էրդողանը բավարար միջոցներ չունի երկիրը վերականգնելու համար, իսկ Ռուսաստանն էլ չի կարող համապատասխան ֆինանսական աջակցություն տրամադրել։ Չինաստանը տրամադրում է գերթանկ վարկեր և պնդում, որ նախագծերն իրականացնեն չինական ընկերությունները։

Ստեղծված պայմաններում Թուրքիայի համար հիմնական ներդրողը, կարծես, արաբական աշխարհն է: Սակայն պետք է նշել, որ Արևմուտքը զգալի ֆինանսական ռեսուրսներ ունի ՆԱՏՕ-ի իր դաշնակցին օգնելու համար, պարզապես Էրդողանի խնդիրն այն է, որ վերջին տարիներին նա առճակատման քաղաքականություն է վարել՝ բախվելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, հակաարևմտյան տրամադրություններ բորբոքել թուրքական հասարակության մեջ, սիրախաղ արել Ռուսաստանի և Վ. Պուտինի հետ: Ստացվում է, որ Թուրքիայում բնական աղետը կարող է Էրդողանին դուրս շպրտել քաղաքական Օլիմպոսից:

Լիանա Պետրոսյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company