Թուրքիայի երկրաշարժի ֆիզիկական և քաղաքական հետևանքները
06 Ապրիլ 2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բազմաթիվ հարցեր առաջացրեց, սակայն էլ ավելի շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, ինչպես՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների իրական պատկերի բացահայտումը, երկրում առկա կոռուպցիայի մակարդակը և այլն։ Էրդողանի կառավարման շրջանում տեղի ունեցած տնտեսական բումի ժամանակ կառուցված բնակելի շենքերը, ինչպես պարզվեց, կառուցվել էին շինկանոնների խախտմամբ և տվյալ սեյսմիկ գոտու անվտանգության սպառնալիքներին չկարողացան դիմակայել։ Շինարարների մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, մի մասն էլ մնացել է փլատակների տակ։ Սակայն ակնհայտ է, որ առանց կոռուպցիոն ծուղակների այս ծավալով թերացումներ չէին կարող տեղի ունենալ։ Ինչպես արդեն ասվեց, ԱԶԿ-ի օրոք Թուրքիայում սկսվել է բազմաբնակարան շենքերի շինարարության բում, այնինչ պարզվեց, որ դրանց մեծ մասը անորակ էր: 2018 թվականին ընտրողներին գրավելու համար Էրդողանի կառավարությունը նույնիսկ համաներում էր հայտարարել չգրանցված շինարարական աշխատանքների համար, ինչի առիթով ինժեներների ազգային պալատի այն ժամանակվա ղեկավար Ջեմալ Գյոքչեն մարգարեաբար զգուշացրել էր, որ այդ որոշման պատճառով թուրքական քաղաքները «կարող են վերածվել գերեզմանոցների»։
Ակնհայտ է նաև, որ տեղի ունեցած երկրաշարժը փոփոխություններ կմտցնի Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, ինչն արդեն իսկ նկատելի է։ Այս պայմաններում կարող է առաջանալ գերտերությունների շահերի բախում տարածաշրջանային քաղաքականության առնչությամբ, քանի որ Թուրքիայի ստանձնած դերակատարությունը հնարավոր է մարտավարական հեռանկարում փոփոխություն կրի՝ պայմանավորված երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով երկրի ողջ ռեսուրսները դեպի ներս ուղղելով։ Սպասվող ընտրությունները, ավելի քան երբևէ, վերածվելու են կատաղի մրցավազքի, որի ընթացքում ըստ երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների՝ պարզ կդառնա գործող իշխանությունների վերընտրվելու հնարավորությունը։ Աճող դժգոհությունները ևս գլխավոր ռեսուրս են լինելու ընդդիմության ձեռքում, և եթե վերջինս գործի միասնական ու հաշվենկատ, գալիք ընտրություններում հաջողություններ գրանցելու հնարավորությունները շեշտակիորեն կաճեն։ Ընդդիմության օգտին է նաև Արևմուտքի ակնհայտ դժգոհությունը Էրդողանից, ինչը պայմանավորված է Պուտին-Էրդողան սիրախաղով։
Ուժեղանում է իշխանություններից դժգոհությունը՝ ոչ բավարար տեմպով փլատակները մաքրելու, օգնական ուժերը կողմնակալ ձևով բաշխելու և այլ պատճառներով։ Իշխանությանը հասցեագրած քննադատությունները երկրաշարժից փրկվածների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից են հնչում, և եթե վերջիններս ցանկանում են օգտվել գալիք ընտրություններում Էրդողանին քարկոծելու միջոցով միավորներ հավաքելու հնարավորությունից, ապա առաջինները ունեն բողոքելու հիմնավոր պատճառներ։ Նրանք պնդում են, որ ամբարձիչների և այլ ծանր տեխնիկայի ուղարկումը հետաձգելու պատճառով բաց է թողնվել մարդկանց փրկելու կարևորագույն պահը։ Մասնավորապես հիմնականում ոչ թուրքերով բնակեցված Հաթայ նահանգում մարդիկ անօգնական են մնացել։ Անթաքիա քաղաքում փլված շենքերում որոնողական աշխատանքները կատարվել են առավելապես տեղական իշխանությունների ջանքերով, որոնք, անշուշտ, բավարար չէին։
Հաթայը կամ սիրիական Ալեքսանդրեթի սանջաքը Թուրքիային է բռնակցվել 1939 թվականին, և այնտեղի հիմնական բնակչությունը ազգությամբ ալևիներ, քրդեր, արաբներ, հայեր, ասորիներ են։ Իշխանություններին ուղղված բողոքի ձայնը խլացնելու համար մի շարք հեռուստաընկերություններ ուղիղ եթերների ժամանակ երկրաշարժից տուժածների բողոքելու ընթացքում մարդկանց ձայներն անջատել են կամ դադարեցրել եթերը։
Այն, որ Թուրքիան երկրաշարժերին դիմագրավելու մեծ փորձ ունի հաստատում են պարբերաբար վերանայվող ու փոփոխվող շինարարական կանոնակարգերն ու ոլորտի օրենսդրությունը։ Թուրքիայում գոյություն ունի քաղաքացիական աղետների դեմ պայքարի վարչություն՝ մոտ 15․000 հաստիքակազմով, որին օգնում են ոչ կառավարական խմբերը, օրինակ՝ «Akut» հիմնադրամը՝ շուրջ 3000 կամավորներով։ Նախկինում այս գործառույթը ստանձնել էր բանակը, սակայն Էրդողանի որդեգրած բանակի թուլացման քաղաքականության հետևանքով այն այժմ բանակի լիազորություններից դուրս է բերվել։
1999 թվականի երկրաշարժից հետո թուրքական կառավարությունը նոր հարկատեսակ էր սահմանել, այսպես կոչված, «երկրաշարժի ժամանակ համերաշխության հարկ», որի գանձումից պետական գանձարան մտած միջոցների ճակատագիրը անհայտ է: Այդ միջոցները նախատեսված էին շենքերը երկրաշարժերի նկատմամբ դիմացկուն դարձնելու համար։ Անհայտ է նաև բջջային կապի օպերատորների, ռադիոյի և հեռուստատեսության կողմից մինչ օրս վճարվող մեկ տեսակի հարկից կուտակած շուրջ 88 մլրդ լիրայի (4,6 մլրդ դոլար) ճակատագիրը: Երկու տարի առաջ այդ հարկը նույնիսկ բարձրացվել է մինչև 10 տոկոս: Էրդողանի կառավարությունն այդպես էլ ամբողջությամբ չի բացատրել, թե որտեղ են ծախսվել այդ գումարները։
Երկրաշարժին հաջորդած առաջին իսկ ժամերին Էրդողանը կոչ է արել չքաղաքականացնել տարերային աղետի թեման, այլ համախմբվել․ «Հուսով եմ, որ այս սարսափելի օրերը ետևում կթողնենք՝ դրսևորելով համերաշխություն և միասնականություն՝ որպես երկիր և ազգ։ Այսօր այն օրն է, երբ 85 միլիոնը պետք է միասին լինի՝ մեկ սրտի պես»,— ասել է նա փետրվարի 6-ին։
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին նույնպես ընդգծել է․ «Այժմ անտեղի վեճերի մեջ ժամանակ կորցնելու պահը չէ»։ Քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է․ «Ես հրաժարվում եմ տեղի ունեցածը դիտարկել քաղաքականությունից զատված և հավասարվել երկրի ղեկավարությանը։ Ես առանց պատճառի չեմ խոսի Էրդողանի, նրա պալատի և նրա հետ կապված շահառու ավազակախմբերի հետ։ Ես պայքարելու եմ իմ ժողովրդի կողքին»։ Էրդողանը գիտակցելով իր և «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերի երերուն լինելը աղետալի գնաճի և դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման խորապատկերին՝ կարող է տեսականորեն երկարեցնել հայտարարած 90-օրյա արտակարգ դրությունը և նույնիսկ փորձել ընտրությունները մայիսի 14-ից տեղափոխել ավելի ուշ ժամկետ, մինչդեռ ավելի վաղ նա, ընդհակառակը, որոշել էր քվեարկության ժամկետը տեղափոխել հունիսի 18-ից մայիսի 14՝ հենց տնտեսական կտրուկ վատթարացող իրավիճակով պայմանավորված, քանի որ աստիճանաբար վատացող տնտեսական վիճակին զուգահեռ անկում է ապրում Էրդողանի վարկանիշը։
Չնայած Արևմուտքի հետ հարաբերությունների սիստեմատիկ սրմանը՝ երկրաշարժից հետո արևմտյան երկրներն առաջիններից են օգնության ձեռք մեկնել Թուրքիային։ Մասնավորապես՝ ԱՄՆ իշխանությունները 150 փրկարար է ուղարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, իսկ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիային․ «Խորապես վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների և ավերածությունների համար։ Ես հանձնարարել եմ իմ թիմին շարունակել ուշադիր հետևել իրավիճակին՝ համակարգելով Թուրքիայի հետ ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել»,— «Twitter»-ում գրել է Բայդենը։ Ուշադրության են արժանի Շվեդիան և Ֆինլանդիան, որոնց մուտքը ՆԱՏՕ վերջին ամիսներին կանխվել է Էրդողանի անընդհատ փոփոխվող դիրքորոշման և Ստոկհոլմին ու Հելսինկիին առաջադրվող նոր պահանջների պատճառով։
Շվեդիան և Ֆինլանդիան ոչ միայն փրկարարներ են ուղարկել, այլև միջոցներ են հատկացրել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար, Շվեդիան՝ մոտ 2․82 մլն դոլար, իսկ Ֆինլանդիան՝ մեկ միլիոն։ Ենթադրելի է, որ ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի թեկնածությունների հաստատման գործընթացը կարագանա։
Թուրքիային օգնելու Արևմուտքի պատրաստակամությունը հավանաբար կփոխի Անկարայի դիրքորոշումը։ Իր նախընտրական ծրագիրը հակաարևմտյան քարոզչամեթոդի միջոցով կառուցած Էրդողանը հարկադրված է լինելու գոնե հրապարակային ելույթներում փոխել իր խոսույթը Արևմուտքի, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Հունաստանի հանդեպ։ Երկրաշարժից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսով զրուցել է Էրդողանի հետ։ Սա Հունաստանի կառավարության ղեկավարի և Թուրքիայի ղեկավարի առաջին հեռախոսազրույցն է 2022 թվականի մայիսին երկու երկրների հարաբերությունների վատթարացումից հետո։ Միցոտակիսը հաստատել է երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում Թուրքիային օգնություն ցուցաբերելու Հունաստանի պատրաստակամությունը։ Բացի դրանից՝ Ադանա քաղաք է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որտեղ նրան դիմավորել է թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։ Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։
Հարկ է հիշեցնել, որ Էրդողանը 2022 թվականի մայիսին հրաժարվել էր շփվել Միցոտակիսի հետ։ Թուրքիայի նախագահն ասել էր, որ Հունաստանի վարչապետը խախտել է մարտին իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները, և այսուհետ իր համար Միցոտակիս քաղաքական գործիչ չկա։
Թե ինչպիսի վերաձևումներ կստանան Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները երկրաշարժից հետո, պարզ կլինի համեմատաբար մոտ ապագայում, սակայն դա չի ազդելու ռուս-թուրքական հարաբերությունների վրա, և ռուս-թուրքական մտերմությունը տեսանելի ապագայում փոփոխություն չի կրելու առնվազն մինչև գալիք մեծ ընտրությունների արդյունքների պարզ դառնալը։
Տիգրան Չանդոյան