ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում
16 Մայիս 2023
Ադրբեջանական զորքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել և սպասում էր Հայաստանի արձագանքին. Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողություններին` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ–ի համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, Ռուստամյանը նշեց, որ նրանք չեն կարող լինել ավելի հայ, քան մենք. «Միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում, եթե դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ արդեն թվերով ենք արձանագրում: Միջնորդը ո՞նց պետք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականության մեջ չպետք է լինի Ղարաբաղը: Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պետք է քո անվտանգությունն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,–ասաց Ռուստամյանը։
Նա կոչ արեց դուրս գալ բոլորին մեղադրելու մոտեցումից. «Մենք պետք է հասկանանք, թե մեր անելիքը որն է: Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք մեզ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից ու դրսից թուլացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքը չի կանգնած: Եթե դու այդպիսի հայտարարություն ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում: Բա ԱԳՆ-ն ինչի՞ համար է, եթե պետք է հայտարարես, որ ոչ ոք քո կողքը կանգնած չէ»:
Ռուսատսան- միավորված Արեւմուտք պատերազմը գործող իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան. նշեց Արմեն Ռուստամյանը:
«Մեկն ասում է՝ կամ իմ հետ ես… մյուսն էլ ասում է՝ եթե իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթե իմ դեմ ես, ինձ հետ չես, եթե իմ հետ չես, իմ դեմ ես: Այ այս վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը, որը կործանարար է լինելու մեզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»:
Ես բրյուսելյան բանակցություններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ադրբեջանի շահածը. Միակը այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից. լրագրողների հետ զրույցում շեշտեց Արմեն Ռուստամյանը:
«Այսօր Ադրբեջանի կողմից ավելի մեծ պահանջ է անտեսվել, միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխավոր անձանցից մեկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չեք ուզո՞ւմ գրել, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել»,-ասաց նա:
Ռուստամյանը նկատեց, որ Ադրբեջանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, պատերազմական գործողություններով հարցեր է լուծում, եւ սա դառնում է նորմ այսօրվա աշխարհում. «Նշանակում է մենք մեր ուժի աղբյուրները ոչ թե պետք է ցամաքեցնենք, այլ այդ աղբյուրները օգտգործենք, որ կարողանանք մեր պայքարն իրականացնել: Թե չէ գալու են մեզ մեր տանը մորթեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ հայտարարեց՝ մենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի համար ենք պայքարում, Ադրբեջանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիվ ունեմ, դա էլ նշեք՝ 86 600. ասաց Արմեն Ռուստամյանը:
«Երբ դա նշում եք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Եթե մենք դրան համաձայնում ենք, եթե Նիկոլը վեր է կենում եւ հստակ ասում այն պահանջը, որը Ալիեւն է դրել իր առաջ, որ պետք է ասես՝ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ»… Մենք մոտեցել ենք դրան, մի օր դա հստակ ասվելու է: Արդեն ասված է, ըստ էության, ովքեր հասկանում են, արդեն հասկացել են դա: Մյուսները պետք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում, որ տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը: Այսօր մենք հայության բոլոր ռսուրսները պետք է մոբիլիզացնենք, եռամիասնությունը պետք է օր առաջ վերականգնվի, իսկ դա չի կարող կայանալ հանձնվելու գաղափարի շուրջ, պետք է կայանա պայքարի գաղափարի շուրջ: Պետք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պետք է հասկանան, որ եթե չկա պայքար, կա ինքնասպանություն եւ ինքնաոչնչացում»,-ընդգծեց Ռուստամյանը:
Որեւէ հայեցակարգված գործընթաց, թե մեր արտաքին դիվանագիտական մարզում, թե անվտանգության խնդիրները լուծելու առումով, մենք պարզապես չունենք. նշեց Արմեն Ռուստամյանը:
«Այս իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ուղեգիծ չկա, հայեցակարգ չկա, որով մենք փորձենք մեր անվտանգությունն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկություն է ունեցել 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն հետո փոշմանել է, Ռուստամյանն ասաց. «Նախ չի կարելի մի բանի մասին հայտարարել, եթե գործը կատարված չէ: Սա էլեմենտար տրամաբանություն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք եւ բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք ՀԱՊԿ-ում եւ օգտագործեք բոլոր նվազագույն հնարավորությունները, որ ՀԱՊԿ –ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել»:
Դիտարկմանը, որ գուցե դրանով սպառնո՞ւմ են ՀԱՊԿ-ին, որ դուրս կգանք, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Հանրային միջոցներով սպառնալը հարված է մեզ, այսինքն մենք փչացնում ենք մեր հարաբերություններն այդ կառույցի մեջ: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր եւ դրանից բխում են բոլոր սպառնալիքները, վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են: Այս ձեւով աշխատել չի կարելի»: