Եկել ենք ասելու, որ մենք մեր երկրի տերն ենք
20 Մայիս 2023
Մենք եկել ենք այստեղ մեր վճռականությունը արտահայտելու, եկել ենք ասելու, որ մենք կամք ունենք մեր երկրին տեր կանգնելու համար. Կոռնիձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։
«Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա և մեզանից աջ և ձախ գտնվում է մինչև ատամները սպառազինված թշնամին։ Մենք ասել ենք մենք ձեզնից վախեցողը չենք։ Մենք եկել ենք ասելու, որ մենք մեր երկրի տերն ենք։ Մենք եկել ենք ասելու, որ այն ինչ, որ դուք ուզում եք մեզ պարտադրել մենք չենք ընդունելու, մենք ընդվզում ենք դրա դեմ։ Առոչինչ ենք համարելու բոլոր այն փաստաթղթերը, որը պետք է ժողովորդի կամքին հակառակ ստորագրվի»,- ասաց նա։
«Դանակը հասել է ոսկորին, մենք կորցնում ենք ամեն ինչ, այլևս իրավունք չունենք դանդաղելու, համակերպվելու, երկու անգամ մտածելու։ Մենք պարտավոր ենք վիճակը փոխել, պետք է կարողանանք ազդել վիճակի, կացության վրա»,- իր ելույթում ասաց Հրանտ Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ պետք է առաջին հերթին մենք մեր հույսը կտրենք օտարից. «Ոչ ոք չի գալու մեր տեղը կռվի, սուտ է։ Երբեք դա չի լինելու, մենք պետք է հենվենք մեր ժողովրդի վրա։ Ունենք մենք այդ հնարավորությունը։ Երբ մենք կռվենք, պայքարենք, հրապարակի վրա լինենք, ասենք՝ տեր ենք մեր իրավունքներին, այն ժամանակ կգտնենք նաև զինակիցներ, բայց երբեք չմտածեք, որ մեկ ուրիշը կգա մեր տեղը կկռվի, մեր իրավունքները կպաշտպանի։ Ոչ ոք դա չի անի, ժողովուրդ։
Մեր սեփական ուժերով պետք է մեր նպատակն իրականություն դարձնենք։
Ուժեղ ենք, անպարտելի ենք, եթե միասին ենք»։
«Եթե Արցախը տանք, Հայաստանն էլ տվել ենք, բայց մենք չենք տալու, մենք փրկելու ենք Արցախն էլ, Հայաստանն էլ հետը»,- ասաց Հրանտ Մարգարյանը։
Ըստ Մարգարյանի՝ հայ երիտասարդությունը չի հաշտվի այս իրողության հետ, չի հաշտվի այդ պարտության հետ։
«Նրանք ազգային ազատագրական շարժում կսկսեն, նրանք թշնամու ոտքերի տակ կայրեն զավթված հողերը…
Թող ոչ ոք չվախեցնի մեզ թշնամով։ Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, որոնք 1990-ից մասնակցել են ազգային ազատագրական պայքարին։
Հավատացեք, այն ժամանակ էլ մեր մեջ կային վախկոտներ, բայց քաջերը միշտ լի են վճռականությամբ, նրանք են ստեղծում իրավիճակը։
Ես համոզված եմ, որ մեր պայքարն ընդլայնվելու է, տարածվելու է։ Մենք կհասնենք մեր իրավունքներին։ Մենք կազատագրենք Արցախը շրջափակումից, մենք կազատագրենք զավթված Հադրութը եւ Շուշին, Շահումյանը եւ Գետաշենը։
Ես հավատում եմ դրան եւ վստահ եմ, որ մեր երիտասարդությունը վայր չի նետի այդ պայքարի դրոշը, կշարունակի այն, եւ մենք կհասնենք հաջողության»,- ընդգծել է նա։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում