Փաշինյանը խաբել է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ մեր հայրենակիցներին
23 Մայիս 2023
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով։
Նիստի ընթացքում պատգամավորական հայտարարությամբ է հանդես եկել ԱՀ Աժ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը.
Հարգարժա՛ն ԱԺ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի մանրամասներին մեր գործընկերներից շատերը արձագանքեցին։ Ես չեմ անդրադառնա այն հակաիրավական գործընթացին, որը փաստորեն խախտում է ոչ միայն ՀՀ և ԱՀ Սահմանադրությունն ու Գերագույն խորհրդի որոշումը, այլև մի շարք ասպեկտներ։
Ես կցանկանայի անդրադառնալ Ն․ Փաշինյանի արած այն հայտարարություններին, որով նա խաբել է ոչ միայն արցախահայությանը, այլև սեփական ժողովրդին։ 100 հազարավոր քվեներ ստանալու մանիպուլյացիաները արդեն չեն անցնի, որովհետև Ն․ Փաշինյանը այլ բան էր նախատեսել Արցախի համար, և փաստորեն ստացվում է, որ նա խաբել է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ մեր հայրենակիցներին։
Ասում էր՝ մենք պետք է Արցախի համար ունենանք այնպիսի լուծում, որ բավարարեր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդին։ Փաստորեն, Ն․ Փաշինյանը բերում է լուծում, որը բավարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդին, բայց ոչ երբեք Հայաստանի ու Արցախի ժողովրդին, կամ էլ Հայաստանի ժողովուրդ ասելով հասկանում է իրեն ու ՔՊ վարչախմբին։
Ամեն անգամ մեր հայտարարություններին արձագանքում է, որ ճիշտ չենք հասկացել։ Ես մի անգամ էլ եմ հարցնում․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ հայ ժողովուրդը հասկանում է մի ձևով, դուք և ձեր տերերը, ձեր վարչախումբը՝ այլ ձևով։
Ակամայից հիշում եմ Հ․ Թումանյանի «Չարի վերջը»։ Գիտեք կկվի պատմությունը․ այսօր ՀՀ իշխանություննները գործում են կկվի հոգեբանությամբ։ Ուրիշ հարց էր, որ այնտեղ կկուն միամիտ էր, իսկ արդյո՞ք նրանք միամտությամբ են այսքանը անում։ Ես կարծում եմ, որ 2018թ․ թավշյա կոչվող հեղաշրջումը ուներ մեկ նպատակ, դավադիր ծրագիր՝ Հայաստանը մասնատելու։
Ժամանակին, երբ խոսում էինք դրա մասին, մեր հայրենակիցներից շատերը մեզ մեղադրում էին, տանում քաղաքական շահարկումների և այլն։ Պատմությունը ցույց տվեց, որ իրականում մենք հասանք այն օրին, ինչ ասում էինք։
Պատմությունը կրկնվելու փորձ ունի և պատմությունը շատ դաժան է նրանց նկատմամբ, ովքեր անհրաժեշտ դասեր չեն քաղում։
Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին դիմելը արդեն դառնում է անիմաստ, որովհետև մենք նրանցից սպասելիք և պահանջելիք չունենք։
Ես դիմում եմ համայն հայությանը՝ օր առաջ կանգնեցնելու, կտրելու այդ դավադիր ձեռքը, այլապես մենք չենք ունենա ոչ միայն Արցախ, այլև մայր Հայաստան։