Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել ԱՀ ԱԽ հայտարարության տեքստին
24 Սեպտեմբեր 2023
yerkir.am-ի հարցին ի պատասխան ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է տվել.
Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից:
Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:
Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:
Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:
Հուսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից: