Հանրահավաք Հանրապետության հրապարակում
30 Սեպտեմբեր 2023
Հանրապետության հրապարակում այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարող հանգուցալուծվել, քանի դեռ Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետ։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը միասնության աղոթք հնչեցրեց առ Աստված: «Այս աղոթքը պետք է դառնա միասնության աղոթք՝ ընդունելու մեր քույրերին և եղբայրներին մեր սրտին և մտքին համահունչ, որպեսզի նրանք զգան, որ ոչ միայն հայը հային, եղբայրը եղբորն ընդունում է զուտ նյութական օգնություն ցուցաբերելու համար, այլ՝ սրտակից է իրեն: Սա է ամենամեծ ջերմությունը, որ մենք կարող ենք փոխանցել մեկս մյուսին»,–ասաց նա:
Հանրահավաքին ելույթներ ունեցան Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը, Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչ Արիս Դավթյանը, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:
Հանրահավաքի ընթացքում Ազգային կոմիտեն հայտարարեց, որ հոկտեմբերի 5-ին սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր։
Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն իր ելույթում ասաց. «Նիկոլ Փաշինյանը ամսի 5-ին գնում է Իսպանիա, իր ասելուց մենք ոչ մի տող չենք իմանա, բայց վստահաբար մեջը անկլավ էլ կլինի, մի քանի կետ էլ կլինի: Ամբողջ քաղաքը այդ օրը պետք է ցույց տա, որ հայ ազգը դեմ է իրեն: Ազգային կոմիտեն մոնոպոլիա չունի Հայաստանի բախտը որոշելու, որոշողը ժողովուրդն է»:
Նա բանակին եւ գործարարներին համախմբման կոչ արեց՝ շեշտելով, որ արցախցի քաղաքական ու ռազմական գործիչների ճակատագրին են արժանանալու, եթե այսօր չգործեն:
Նշենք, որ Ազգային կոմիտեն սեպտեմբերի 26-ից հետաձգել էր հանրահավաքները՝ պայմանավորված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու աշխատանքների հետ կապված: