Արցախի ժողովուրդը պետք է պահպանի իր սուբյեկտայնությունը
14 Նոյեմբեր 2023
Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հրաժարվել է 5 ուղղություններով իր պահանջներից. այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Առաջինը վերաբերում է սահմանների հստակեցմանը, որը Ադրբեջանը պատկերացնում է իր ձեւով կատարել: Ադրբեջանը հայտարարեց, որ այն դիրքերում, որում այսօր գտնվում է, չի պատրաստվում նահանջել: Իսկ մեր կողմից հայտարարում են առնվազն 200 քառակուսի կմ տարածքի կորստի մասին: Երկրորդը անկլավներն են, որոնք մեզ շատ լուրջ հարված են հասցնելու: Ռազմավարական ճանապարհների վերահսկողությունն ամբողջությամբ կորցնելու ենք: Այդ անկլավները հանձնելով Հայաստանն ինքը կարող է անկլավ դառնալ:
Երրորդը Նախիջեւանի հետ կապի հարցն է: Հիմա իրենք ասում են՝ լավ, «միջանցք» բառից շատ եք վատ զգում, եկեք ուրիշ բառ օգտագործենք՝ տրանսպորտային ուղի, երթուղի, կամ, բայց դրանից իրենք չեն ուզում, որ իմաստը կորի: Իրենք պահանջում են, որ այդ տարածքն ունենա առնվազն այն կարգավիճակը, որը նախատեսված է 9-րդ կետով: Հայաստանը փորձում է ասել, որ այդ 9-րդ կետը գոյություն չունի, բայց ստորագրությունը գոյություն ունի: Եթե կարողանան այդ կետի պահանջներից դուրս գալ, դա այլ վիճակ կստեղծի»,-ասաց Ռուստամյանը:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն էլ է պահանջում, ասելով՝ մենք բան ենք ստորագրել եւ հարցի լուծման ճանապարհային քարտեզը եռակողմ համաձայնությունների հիման վրա պետք է տեղի ունենա:
Չորորդը, ըստ ռուսամյանի, ռեպարացիաների հարցն է. «Եթե մենք հայտարարեցինք, որ Արցախը տալիս ենք, դրանով փրկում ենք Հայաստանը, մենք Արցախը տալով եւ ասելով, որ Արցախն Ադրբեջան է, մենք 1988-ից սկսած Հայաստանին դրեցինք պարտավորությունների տակ, որ Հայաստանը պետք է փոխհատուցի այն մասը, որ գտնվել է Հայաստանի վերահսկողության տակ՝ 12 հազար քկմ, նա հաշվելու է եւ ասելու է՝ եթե դա իմը լիներ 1988-ից, ես կունենայի այսքան եկամուտ, հիմա այն կորուստները, որ ես ունեմ, պետք է դու փոխհատուցես:
Հաջորդը հարցը լինելու է ադրբեջանցի փախստականների վերադարձը, նրանք 100 հազարներով վերադառնալու են Հայաստան: Մենք չենք գնալու Բաքու եւ Սումգայիթ ապրելու, բայց իրենք կգան: Դրանից հետո ի՞նչ է մնալու Հայաստանից: Ես ասել եմ՝ տվեցինք Արցախը, թուրքանալու է Հայաստանը: Հիմա Հայաստանը թուրքացման ճանապարհին է»,-ասաց Ռուստամյանը:
Մանրամասները` տեսանյութում