Հայաստանի գործող իշխանությունների վարքագիծն է՝ պատժել ազգային դաշտում գործող անձանց
23 Նոյեմբեր 2023
ՀՀ վարչական դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննության առավ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի գործը։
Նիստից հետո ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ազգային անվտանգության ծառայությունը չունի որեւէ հիմք՝ Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի, Սյունե Աբրահամյանի, Ասլան Ասլանյանի եւ սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների մուտքը Հայաստան արգելելու համար։ Սա բացառապես քաղաքական հաշվեհարդար է»։
Ըստ Մինասյանի՝ այս անձինք Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման զոհերն են։ «Ես վստահ եմ, որ դատավարությունն էլ է դա բացահայտելու, եթե ոչ այս ատյանում, ապա առնվազն միջազգային ատյաններում է դա բացահայտվելու, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս ազգակործան ու դիկտատորական քաղաքականությունը, այդ թվում՝ իրավունքի վրա իշխելով։ Համոզված եմ, որ վաղ թե ուշ բացահայտվելու է, հուսամ, որ դա այստեղ կբացահայտվի, որովհետեւ այլ բան է, երբ քաղաքական հանձնարարություն է տալիս կոնկրետ մարմինների, այլ բան է, որ դա պետք է հիմնավորես։ Եվ ակնհայտ է, որ սա բացառապես Հայաստանի գործող իշխանությունների վարքագիծն է սփյուռքահայ գործիչների ազգանպաստ գործունեության վերաբերյալ, այսինքն՝ պատժել ազգային դաշտում գործող անձանց»,- ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ այն սփյուռքահայերին, որոնք մուտքը Հայաստան արգելվել է, չեն ներկայացվել պատճառները։ «Ավելին, նույն Մուրադ Փափազյանի գործով մենք ունենք Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշումը, որով գործակալությունը պարտադրել է ԱԱԾ-ին տեղեկատվություն տալ։ Այդ որոշումը ԱԱԾ-ն բողոքարկել է դատարան։ Նույն որոշումը մենք ստացանք նաեւ Ասլան Ասլանյանի գործի վերաբերյալ։ ԱԱԾ վկայակոչումը եւ բերված փաստարկն աբսուրդ է։ Ասում է՝ եթե տեղեկատվություն տանք, որտեղ մեզ հետ համագործակցող անձանց անուններ են լինելու, ապա դա կբացահայտի նրանց։ Մենք չենք ուզում ձեզ հետ համագործակցող անձանց անունները, մենք ասում ենք՝ դուք անձին վերագրում եք որոշակի վարքագիծ, ներկայացրեք տեղեկություն։ Կոնկրետ Մուրադ Փափազյանի գործով մատնանշել էին օրենքի այն կետերը, որոնք վերաբերում էին հետեւյալին՝ կան հավաստի տեղեկություններ, որ անձն ահաբեկչությամբ է զբաղվում, կամ հանդիսանում է մի կազմակերպության անդամ, որն ահաբեկչական վարքագիծ ունի, կամ այնպիսի լուրջ արարք է վերագրվում անձին, որն ազգային անվտանգությանը սպառնալիք է։ Մենք ասում ենք՝ պարզաբանեք, ո՞րն է այս վարքագծերից վերագրվում Մուրադ Փափազյանին»,- ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 13-14-ի գիշերը Մուրադ Փափազյանն ընտանիքով ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը՝ առանց լրացուցիչ պարզաբանման։ Մեկ օր նրան օդանավակայանում պահելուց հետո հետ էին ուղարկել Ֆրանսիա: Փափազյանը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ԱԱԾ-ին ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները հանեն։
Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, որում նշվում էր․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմի հայտարարությունն իրավական առումով տգիտություն, անգրագիտություն ու սրիկայություն է։ «Որեւէ ատյանում նման վարքագիծը չի կարող օրինաչափ համարվել, եթե մարդն ակցիայի է մասնակցել, մանավանդ, որ Մուրադ Փափազյանն ընդհանրապես կապ չունի այդ ակցիայի հետ։ Հետեւաբար, դա անձին վարկաբեկելու փորձ է։ Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տրված գնահատականներին՝ դավաճանից սկսած մինչեւ այլ քաղաքական ու իրավական գնահատականները, եթե իրենք այդ մասով առարկություն ունեն, թող դիմեն դատարան, ասեն՝ դուք ինձ զրպարտում եք կամ վիրավորում, հիմնավորում չեք տվել։ Մուրադ Փափազյանը բացարձակ կապ չունի այն ակցիայի հետ, որն իրենք են վկայակոչել։ Երկրորդ, նույնիսկ այդ ակցիային մասնակցելու դեպքում այդտեղ բացարձակ չկա հանցավոր արարք։ Նույնիսկ այդ երկրի իրավապահ մարմիններն այդ դեպքով վարչական վարույթ չեն հարուցել։ Պարզ է չէ՞, որ Նիկոլ Փաշինյանին տրված գնահատականը Սփյուռքում հանդիսացել է նրա հիվանդագին դրսեւորումների եւ հանձնարարականի պատճառ, որպեսզի արգելի մարդկանց մուտքը Հայաստան։ Մենք այս ամենն ուզում ենք իրավական մակարդակ բերել, որպեսզի ինքը դառնա Հայաստանում իրավական պետության կառուցման հիմք, նաեւ ուղերձ հղենք մեր հայրենակիցներին, որ այս մարդիկ ազգակործան քաղաքականության կրողներ են, եւ շղթան պետք է մի տեղ կտրվի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մուրադ Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչո՞ւ է փոխվել գործը քննող դատավորը։ «Այս գործի շրջանակներում մենք անխուսափելիորեն պետք է առնչվենք պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ։ Առնվազն Ազգային անվտանգության ծառայությունը դիրքորոշում է հայտնել, որ տվյալները, որոնք հիմք են հանդիսացել անցանկալի անձանց բանկում ներառելու, ստացվել են օպերատիվ ճանապարհով, ուստի, դրանք որակվում են որպես պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Նախորդ դատավորը հարցում էր արել, որին ի պատասխան ասվել էր, որ դրանք համարվում են որպես հույժ գաղտնի տեղեկություններ, եւ այս հանգամանքով պայմանավորված՝ դատարանը որոշում կայացրեց գործը դռնփակ քննել։ Նաեւ գոյություն ունի ընդհանրական խնդիր, որ դատարանները հավասար չափով հասանելիություն չունեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին։ Այստեղ թույլատվական ռեժիմն է գործում, Ազգային անվտանգության ծառայությունը տալիս է որոշակի հասանելիություն, որի սահմանները կարող են տարբեր լինել։ Որոշ դատավորներ ընդհանրապես հասանելիություն չունեն, կան դատավորներ, որոնք ընդհուպ հույժ գաղտնի տեղեկություններին կարող են ծանոթանալ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ գործը վերամակագրվել է մի դատավորի, որն իրավասու է ծանոթանալու հույժ գաղտնի տեղեկությանը»,- ասաց նա։
Նշենք, որ Մուրադ Փափազյանի գործով նախկին դատավորը Մհեր Պետրոսյանն էր, գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Ազգային անվտանգությունը ապացույցները չի ներկայացրել դատարանին, ուստի, դատական նիստը հետաձգվեց։ «Դատարանը պահանջեց ապացույցի տրամադրում, հստակ ժամկետ ներկայացրեց՝ այս ապացույցները ներկայացնելու համար՝ 10-օրյա ժամկետ։ Ապացույցները հասանելի լինելուց հետո նոր կորոշվի գործի հետագա ընթացքը»,- ասաց փաստաբանը։
Ըստ Սահակյանի՝ գործի իրավական հիմքերը խարխուլ են, եւ այսպես ժամանակ շահելը կարող է նաեւ տակտիկական նկատառում լինել։ «Բայց դրական եմ գնահատում, որ դատավորները հետեւողական կերպով փորձում են բովանդակային դատական վերահսկողություն իրականացնել եւ պահանջում են այդ ապացույցները, որոնք գնահատելով՝ մենք կկարողանանք պարզել իրականությունը»,- հավելեց նա։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ սփյուռքահայ գործիչների գործերով, որոնց մուտքը Հայաստան արգելվել է, որեւէ փաստական տվյալ չկա, որ նրանք իրավախախտ են։ «Մենք վերահաստատում ենք, որ նրանք այլընտրանքային քաղաքական տեսակետներ ունեն, երբեմն քննադատել են նաեւ իշխող քաղաքական ուժերին եւ շատ ավելի սուր են եղել այն քննադատություններում, որոնք առնչվել են Արցախյան հիմնախնդրին կամ ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը։ Ես ուզում եմ դրական հույս հայտնել, որ դատարանները լիարժեք կիրականացնեն իրենց առաքելությունը, հնարավոր կլինի սփյուռքահայերի շահերի պաշտպանությունը ՀՀ դատական համակարգի միջոցով իրականացնել, եւ մենք ստիպված չենք լինի հասնել իրավունքների վերականգնման Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Դա անցանկալի ու ամոթալի կլինի, որովհետեւ նախ կարձանագրվեն փաստեր, որոնք առնչվելու են ԱԱԾ-ին, իսկ այդ ծառայության անունը, համբավն ու վստահությունը բարձր պահելը, կարծում եմ, կարեւոր է յուրաքանչյուրիս համար։ Մյուսը՝ եթե հակաժողովրդավարական այս տենդենցներն արձանագրվում են միջազգային դատական ակտով, դրանք հասանելի են լինում մեծ թվով անձանց ու հասարակությունների, որոնք կտեղեկանան Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին»,- հավելեց նա։
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Մուրադ Փափազյանը տեղի չի տվել եւ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը եվրոպական համայնքներում։ «Մուրադ Փափազյանն ազդեցիկ է ֆրանսիական համայնքում եւ վերջին ամիսներին իր բարենպաստ գործունեությունն է իրականացրել՝ թե ադրբեջանական ագրեսիայի մասին իրազեկելու, քաղաքական ճնշում բանեցնելու եւ թե ռազմագերիների խնդիրներով եվրոպական համայնքներին տեղեկացնելու հարցում։ Բարեբախտաբար, Մուրադ Փափազյանի գործունեությունը չի վտանգվել, սակայն ընդհանուր բարոյալքվածություն գոյություն ունի, երբ հայանպաստ գործունեություն իրականացնող անձինք չեն կարողանում հայրենիք վերադառնալ, սա սխալ ուղերձ է հղում, որ հայանպաստ գործունեությունը կարող է պատժելի լինել։ Եվ բազում սփյուռքահայեր, որոնք կարող էին գտնվել Հայաստանի կողքին, կարող են բարդ անձնական որոշումներ կայացնել։ Այսինքն՝ մենք սրանով հեռու ենք պահում սփյուռքահայությանը հայկական խնդիրները լուծելուց, որն անցանկալի է։ Մենք պետք է գնանք համախմբման ճանապարհով եւ Սփյուռքի ներուժն օգտագործենք՝ արտաքին խնդիրները լուծելու համար։ Այս տրոհումը ես գնահատում եմ որպես հակապետական»,- հավելեց նա։
Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, որում նշվում էր․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Մուրադ Փափազյանի անձնական մասնակցությունը հիմնավորող որեւէ ապացույց չկա այդ դեպքին։ «Եվ վերջինիս առնչությունը պարզապես չի հաստատվում։ Բայց ինքնին այն հանգամանքը, որ վարչապետի աշխատակազմը նման պարզաբանումներ է տվել, ցույց է տալիս քաղաքական հետապնդման տարրը։ Եթե նույնիսկ մենք տեսականորեն համարենք, որ նման հարձակում եղել է, սա տեղավորվում է քաղաքական իրավունքների կոնտեքստում։ Գիտեք, որ հանրությանը ցնցող զարգացումների պարագայում հանրությունը կարող է նաեւ չափազանցված լինել իր քաղաքական ակցիաներում։ Եվ տեսել ենք բազմաթիվ միջադեպեր, երբ ղեկավարների ուղղությամբ կամ նրանց մեքենաների ուղղությամբ նետվել են բանջարեղեն, ձու։ Սրանք համարվում են քաղաքական ակցիաներ, որպես կանոն՝ դրանց չի հաջորդում պատժամիջոցների կիրառումը։ Այս հարձակման մասնակիցները ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ չեն ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության, այսինքն՝ այս ակցիան տեղավորվել է Ֆրանսիայում պաշտպանվող հավաքների ազատության իրավունքի շրջանակում»,- ասաց նա։
Փաստաբանը նաեւ հավելեց, որ Օտարերկրացիների մասին օրենքը նախատեսում է լրջագույն հիմքերով օտարերկրացիների մուտքի արգելք, օրինակ, հանցավոր կազմակերպություններին անդամակցելը։ Այս պարագայում, ըստ նրա, մեր պետական անվտանգությունը չի կարող նույնանալ անձերի եւ նրանց վարած քաղաքականության հետ։ Եվ անգամ եթե պետական սիմվոլների ուղղությամբ տեղի է ունենում քննադատություն կամ քաղաքական ակցիա, սա ամենեւին չի նշանակում, որ վտանգված է ՀՀ պետական անվտանգությունը։ Պետական անվտանգությունը դա ավտոնոմ է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
aravot.am