Ալիևի հետ երկկողմ բանակցությունը վտանգավոր է, լինելու է պարտվողի ու հաղթողի խոսակցություն
08 Դեկտեմբեր 2023
Իլհամ Ալիևի թիվ մեկ նպատակն է ՀՀ-ի հետ երկկողմ բանակցություններ վարել, և ինչ-որ տեղ փակուղում հայտնված բանակցությունները տեղափոխել իր առաջարկած դաշտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա համոզմամբ՝ Ալիևի նկատմամբ ճնշումներ են գործադրվում այն մասով, որ վերջինս հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուց. «Ադրբեջանը դրան որեւէ հոդաբաշխ բացատրություն չէր կարողանում տալ: Վերջերս մենք նաեւ ԵԽ-ում ենք դրա մասին քննարկում ունեցել: Հիմա Ադրբեջանը փորձում է մեղմել իր նկատմամբ ճնշումները: Երկրորդը, ես վստահ եմ, որ փորձում է ասել, որ ճիշտ է երկկողմ ձեւաչափով բանակցելը: Սրանով Ալիեւն ասում է՝ տեսեք, որ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունքներ են լինում: Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը, եւ բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձեւաչափի դաշտ»,-ասաց նա:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սակայն, երկկողմ բանակցությունները վտանգավոր է, լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն. «Երկրորդը, ի՞նչ է նշանակում երկկողմ ձեւաչափով հարցեր լուծել, դա նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու: Ե՞րբ է առաջանում միջնորդների անհրաժեշտություն, երբ կողմերը ունենում են չհամաձայնեցված դիրքորոշումներ, եւ դրանց համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ: Նրանք տալիս են հնարավորություն, որ այն, ինչ արդեն ձեռք է բերվել երաշխավորվի: Այստեղ նաեւ միջազգային երաշխավորների հարցն է կորում»,-ասաց Ռուստամյանը:
Եթե ամեն ինչ շուտափույթ է տեղի ունենում եւ չճշտված հարցեր կան, դա նշանակում է՝ Հայաստանը միակողմանի զիջել է, որովհետեւ Ադրբեջանի կողմից որեւէ զիջման մասին որեւէ հայտարարություն ես չեմ լսել. նման կարծիք հայտնեց Արմեն Ռուստամյանը։
«Նիկոլ Փաշինյանը խոսում է 29800 քկմ-ի մասին, բայց դա ֆիքսվո՞ւմ է Ադրբեջանի կողմից, թե ոչ: Ադրբեջանի կողմից նման հայտարարություն չի եղել, եւ ես չեմ էլ տեսնում, որ կարող է լինել:
Այս պարագայում Հայաստանը պետք է բնական հարցեր առաջադրի, նախ պետք է ասի՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ սկսած այն պահից, երբ որ իմ տարածքներից դուրս կբերվեն Ադրբեջանի զորքերը: Ի՞նչ ես դու բանակցում, երբ ինքը կարող է դա ֆիքսի, ասելով՝ ես լավ էլ ճիշտ տեղում կանգնած եմ: Մենք հայտարարում ենք, որ 200 քկմ տարածքի կորուստ ունենք, ու այդ պայմաններում գնում ենք ինչի՞ մասին բանակցենք: Կամ պետք է որպես առաջին քայլ լինի այդ 200 քկմ-ի ազատագրում, որից հետո սկսենք խոսել մյուս բոլոր հարցերի մասին, կամ եթե դա չենք անում, գնում ենք խոսելու Ադրբեջանի պայմաններով»,-ասաց նա:
Ադրբեջանը տարբեր հնարավորություններ օգտագործում են ասելու համար, որ Ղարաբաղի հարցը փակված է, որովհետեւ գիտեն, որ փակված չէ. ասաց Արմեն Ռուստամյանը։
Հարցին՝ արդյոք մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրում կանխատեսելի է, նա պատասխանեց. «Ինչ-որ անորոշ ձեւակերպումներով դա չեմ բացառում: Որ լինեն անորոշ ձեւակերպումներ, որ երկու կողմն էլ համարեն, որ շատ լուրջ նվաճում ունեն, բայց հետո ամեն մեկը մեկնաբանի յուրովի: Դա այն է, ինչ Ադրբեջանին է պետք, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այսօր ֆիքսել 29 800 քկմ Հայաստան՝ իր հստակ սահմաններով: Նա դա չի ուզում անել, որովհետեւ հնարավորություն ունի այսպես անընդհատ առաջ գալով իր դիրքերը դնել, ինչո՞ւ պետք է այդ շանսը կորցնի:
Դիմացը թուլացած բանակցող ունի եւ իր՝ ուժի դիրքից խոսելը, դա իրականացնելը դեռ չի պատժվել աշխարհի կողմից: Ախորժակը ուտելու ժամանակ է բացվել եւ նա շարունակելու այս նույն տրամաբանությամբ առաջնորդվել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում