Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն ու առկա մարտահրավերները
11 Հունվար 2024
2023 թվականը քաղաքական զարգացումներով իր տեղը չզիջեց նախորդ տարիներին և կարելի է նույնիսկ նշել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրներն ու գործող մարտահրավերներն էլ ավելի հստակեցվեցին։ Չնայած ՀՀ-ում ներկայումս իշխող ղեկավարությունը դեռևս շարունակում է խոսել խաղաղության օրակարգի և հարաբերությունների բարելավման տեսլականի մասին՝ այնուամենայնիվ տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես Արցախի Հանրապետության վերջնական կապիտուլյացիան փաստում են այն դարավոր միտքը, որ հայ-թուրք-ադրբեջանական բարեկամության գաղափարն անհեթեթություն է, իսկ դրան ուղղված քայլերը ոչ այլ ինչ են, քան սին հույսեր։
Եթե ուղղորդվենք ՀՀ իշխանությունների կեղծ օրակարգով, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կարող ենք նշել մի քանի կետեր, որոնք կներառեն․
1․ Դիվանագիտական երկխոսության վերականգնում։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կամ պաշտոնական բանակցությունների մեջ ներգրավվելը կարող է նշանակալի ձեռքբերում լինել: Եթե երկու երկրները վերակենդանացնեն իրենց դիվանագիտական կապերը, դա կարող է դռներ բացել հետագա երկխոսության և պատմական տարբեր խնդիրների լուծման համար։
2․ Հարաբերությունների կարգավորում։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացումը էական քայլ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սա կարող է հանգեցնել բարելավված տնտեսական և մշակութային փոխանակումների, ինչպես նաև նպաստել մարդկանց միջև փոխգործակցության խթանմանը:
Բայց այս ամենը հնարավոր կլիներ, եթե Թուրքիան մշտապես թշնամական վերաբերմունք չցուցաբերեր և բացահայտ չաջակցեր ադրբեջանական արհեստածին պետության՝ Արցախի օկուպացման և տեղի հայերի էթնիկ զտման քաղաքականությանը։ Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հրապարակավ նշել է իր միանշանակ աջակցությունն Ադրբեջանին և Իլհամ Ալիևին, որին դիմում է իբրև իր փոքր եղբոր։ Վերջերս ելույթներից մեկում Ռ․ Էրդողանը կրկին հստակեցրեց, որ Արցախն իր որդեգրած թուրքական քաղաքականության և երթի գլխավոր կետերից է, և դրան կարևորություն չտալը կխոչընդոտի պանթյուրքական իր ծրագրին։
Ընդհանրապես խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ենթադրում է նրանում ներառել նաև Թուրքիան, քանի որ վերջինիս ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ներգրավվածությունը մշտապես եղել է և լինելու է իր նպատակների իրագործման համատեքստում։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ն հաճախ է նշում, որ դեմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը երրորդ երկրների մասնակցությանը, իսկ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է. «Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուղղակիորեն լուծեն հարցերն ի շահ տարածաշրջանի» :
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն անվտանգության համար պետք է նայի իր հարևաններին, ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրներին․ «Հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է ապահովություն փնտրեն խաղաղության և համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք ու ռազմամթերք չի կարող ապահովել կայունություն և խաղաղություն» :
Միաժամանակ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել «բարեկամության ձեռք» մեկնել Ադրբեջանին։ Նրա կարծիքով՝ Արցախյան հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել, թեև արևմտյան քաղաքական գործիչները դա չեն հասկանում ։
Նոյեմբերի 27-ին Բաքվում տեղի ունեցած Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ընթացքում էլ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերը կրկին շեշտեց, որ Արցախը մշտապես եղել է Ադրբեջանին ենթակա շրջան ։
Բազմիցս հնչեցված խաղաղության կոչերին զուգահեռ այս տարվա սեպտեմբերի 30-ից (Արցախի վրա հարձակումից հետո) առնվազն 27 օդանավ է Թուրքիայից և Իսրայելից ժամանել Ադրբեջան՝ ամենայն հավանականությամբ տեղափոխելով ռազմական բեռներ՝ զենք և զինամթերք ։ Եվ հենց սա է մեր երկու հարևան պետությունների տարածաշրջանային «խաղաղության ու կայունության» մոդելը։
Այնուամենայնիվ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կարծես սա չեն հասկանում։ Նոյեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ ժամանակի ընթացքում ադրբեջանցիները ցանկության դեպքում կկարողանան հաստատվել Հայաստանում. «Ժամանակը կգա, հուսով եմ՝ մենք ամեն ինչ կանենք սրա համար, և դա բնականաբար կգա… Հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի, առևտուր անեն։ Ես չեմ բացառում, որ որոշ հայեր կվերադառնան Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց տները, նաև չեմ բացառում, որ որոշ ադրբեջանցիներ որոշ ժամանակ անց կգան ու կհաստատվեն Հայաստանում» ։
Փաշինյանն էլ հույս է հայտնել, որ մոտ ապագայում մենք կկարողանանք լուրեր լսել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման մասին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար․ «Մենք հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել մի տարածաշրջան, որը լավ նորություններ է հաղորդում աշխարհին: Նա ընդգծեց, որ Հայաստանն ու ինքը պատրաստ են ստանձնել անհրաժեշտ պատասխանատվությունը՝ այս նպատակին հասնելու համար»։
Այս ֆոնին 2022 և 2023 թվականներին ակտիվացել են միջազգային միջնորդական ջանքերը, ընդ որում Մոսկվայի դերը, որպես հակամարտության մեջ առաջնային միջնորդ, աստիճանաբար ստանձնում է ԵՄ-ն և նաև ԱՄՆ-ն՝ փորձելով խուսափել տարածաշրջանում անվտանգության վակուումից: Կրեմլը դիվանագիտական ասպարեզում այս փոփոխությանն արձագանքել է բաց քննադատությամբ՝ փաստացի դադարեցնելով իր մասնակցությունը ԵԱՀԿ-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները Հայաստան ուղարկելուն, այն անվանել է ոչ այլ ինչ, քան հանդգնություն. «Ուկրաինայում իրական մարտական գործողություններում նրանք ցույց տվեցին իրենց ցածր արդյունավետությունը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիան միայն անորակ ռազմական զենք է վաճառել Երևանին։ Պարզ չէ, թե այս գնումը ինչպես կարող է ուժեղացնել Հայաստանի անկախ տարածքի պաշտպանությունը։ Արևմուտքից օգնության Երևանի հույսը ձախողվել է, և դա կապված է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ»։
Միաժամանակ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղ համաձայնագրի իր վեցերորդ առաջարկը, իսկ արդեն նոյեմբերի 30-ին նախնական պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը ։ Իրականում Բաքվի բարբարոսական վարչախմբին պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում, քանզի վերջինիս միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհագրական մահն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ հիմնվելով ազգային շահերի վրա, այլ ոչ թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, հատկապես արյունոտ երկրների հավակնությունների վրա։
Սրա հետ մեկտեղ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը ավելի մեծ տարածվածություն է ձեռք բերում Ադրբեջանի Հանրապետության հանրային քննարկումներում, ինչը ևս մեկ խթան է երկուստեք լարվածության և բանակցությունների տապալման համար։
2023 թվականի հետպատերազմյան զարգացումները մեծապես պայմանավորված կլինեն հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ և դրա արդյունավետությամբ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնմանը և հաշտեցմանը նպաստելու ջանքերով։ Ինչ գին կվճարի դրա դիմաց Հայաստանը։
Երկրները կարո՞ղ են արդյոք դիվանագիտական ջանքեր գործադրել՝ լուծելու առկա խնդիրները և աշխատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: 2023 թվականի նրանց հարաբերությունների կոնկրետ հետագիծը կախված կլինի տարբեր գործոններից և զարգացումներից, որոնք այս պահին հնարավոր չէ որոշակիորեն կանխատեսել։ Ակնհայտ է այն, որ հերթական հաղթանակներից ու ձեռքբերումներից հետո Բաքվի իշխանությունների ախորժակն ավելի է բացվում։ Մյուս կողմից՝ շարունակվում է թուրք-ադրբեջանական բազմակողմանի և մշտական ճնշումը Հայաստանի վրա՝ սեփական հավակնությունները Հայաստանին պարտադրելու պահանջով։
Նարե Գևորգյան