Ֆրանսիայի համար Արցախի հարցը փակված չէ
20 Հունվար 2024
Ֆրանսիայի Սենատի համար Արցախի հարցը փակված չէ, Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է դա ու խրախուսում, որ Հայաստանն էլ նկատի հարցի փակված չլինելը․ ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ,Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Շատ տարօրինակ է, որ Ֆրանսիայի պես երկիրը ավելի հեռուն է գնում, քան ՀՀ կառավարությունը։ Այս բանաձևը շատ դրական է։ Գիտենք, որ ՀՀ իշխանությունները բանակցում են Ադրբեջանի հետ, բայց արդյունքը շատ վատ է, որովհետև Ադրբեջանը, իմանալով, որ Փաշինյանի քաղաքականությունը շատ թույլ է, շարունակում է ճնշում բանեցնել և օգտվել առիթից։ Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղություն չի ուզում, բայց ուզում է իշխել Հայաստանի վրա»,-ասել է նա։
Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին, որով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է համարում, Փափազյանը նշեց, որ Հայաստան դրան պետք է կոշտ արձագանքի՝ անհրաժեշտության դեպքում էլ դիմելով միջազգային հանրությանը։
«Հայաստանի պատասխանն Ադրբեջանին պետք է կոշտ լինի, կոչ անի միջազգային ընտանիքին, որ Ադրբեջանին հասկացնի՝ պատերազմական ոճն անընդունելի է; Հայաստանը պետք է իր շուրջը կարողանա կենտրոնացնել ժողովրդավարական ուժեր, երկրներ, պետություններ, որ Հայաստանին համակրում են, բայց երբ ՀՀ վարչապետը թույլ է ու չի պաշտպանում Հայաստանի շահերը, թույլ քաղաքականություն է վարում, թույլ է բանակցությունների մեջ, դա չի քաջալերում Հայաստանի բարեկամ երկրներին, որ աջակցեն Հայաստանին։ Բացի Ֆրանսիայից, որովհետև Մակրոնը մեզ մի քանի անգամ ասել է, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է Փաշինյանն այդքան թույլ և այդքան քիչ է պաշտպանում Հայաստանի շահերը՝ դիվանագիտական հանդիպումների ընթացքում»,- ասել էնա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ադրբեջանի ու Ֆրանիայի հարաբերություններն այսօր վատ են միայն ու միայն Հայաստանի ու Արցախի պատճառով։
«Ֆրանսիան միջազգային ատյաններում պաշտպանում է Հայաստանն ու Արցախը, ինչն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Ֆրանսիան դուրս գա բանակցություններից»,-ասել է Փափազյանը՝ հավելելով, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի ու Արցախի կողքին։