Անհնազանդության գործողություններ Երեւանում եւ մարզերում. կարմիրբերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել մասնակիցներին
27 Մայիս 2024
Այսօր վաղ առավոտից Երևանում ու մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ: Փակվել են բազմաթիվ փողոցներ, պողոտաներ, խաչմերուկներ։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։ Երիտասարդներն իրազկման ակցիա են իրականացրել մետրոյում: Անհնազանդության գործողություններին են միացել նաեւ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր մեքենայով միտումնավոր ԱՊՊԱ պատահար է գրանցել Սայաթ Նովա – Աբովյան խաչմերուկում։ Նրա մեքենան հետընթաց կատարելիս բախվել է հետեւում կայանած «Մերսեդես» մակնիշի մեքենային: Աբովյան փողոցը այդ հատվածում փակվել է: Կարմիր բերետավորները փորձել են «բերման ենթարկել» Բագրատ Սրբազանի մեքենան:
Երեւանի Խանջյան փողոցում վիճաբանություն է սկսվել կարմիրբերետավորների եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջեւ, որն ի վերջո հարթվել է:
Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարվել է, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու անհնազանդության գործողություններ իրականացնող մասնակիցների միջև, որի արդյունքում տասնյակ քաղաքացիներ բռնի ուժով բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժիններ:
Բերման ենթարկվածների թվում են զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը:
Վիճակը լարվել է Հանրապետության փողոցում. կարմիրբերետավորները փորձել են ներխուժել (տեսանյութն՝ այստեղ) ՀՅԴ ԳՄ շենք եւ անհամաչափ ուժի գործադրմամբ բերման ենթարկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։
Նշենք, որ դեպքի առիթով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է նախաձեռնվել։ Նրանք Նաև հավաստիացրել են, թե ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման չեն ենթարկել, այլ «հեռացրել են տարածքից»։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադառնալով ոստիկանական բռնություններին, Panorama.am-ի հետ զրույցում ասել է. «Սա պսևդո իշխանություն է, որի հենարանը միայն ուժայիններն են, զոռբայությունը, բիրտ ուժը, կեղծիքը: Այն վայրենաբարո վարքը, որ ցուցաբերում է ոստիկանությունը, ուղղակի խայտառակություն է: Նրանք թքած ունեն միջազգային կառույցների գնահատականի վրա, քանի որ միջազգային մի քանի կառույցների զեկույցներ հստակ մատնանաշում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, ոստիկանական բռնությունների ու անհամաչափ ուժի կիրառման մասին։ Սակայն խոսքն այլևս ոչ թե անհամաչափ ուժի կիրառման մասին է, այլ բորենիների ոհմակով հարձակման»:
Նշենք, որ վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են տեղի ունեցել նաև Շիրակի մարզում։ Մեծ թվով քաղաքացիներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Թորոսի կամրջի հատվածը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» վանկարկում էին նրանք։