«Զաքար Եօլեան «Անցեալի յուշեր»» գիրքը
15 Օգոստոս 2024
Այս գիրքը կազմել են Աղասի Ազիզեանը եւ Աշոտ Սիմոնեանը: Գիրքը գրախօսել է՝ պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Յակոբեանը: Թերթելով գրքի առաջին մեկ-երկու էջերը նաեւ իմանում ենք, որ վերջինիս հրատարակութեան հովանաւորներն են Էլսիկ եւ Աղասի Ազիզեանները: «Լուսակն» հրատարակչութեան կողմից գիրքը լույս է տեսել Երեւանում՝ 2023 թւականի վերջերին:
Գրքում տեղ են գտել ՀՅԴ անդամ, հայ ազգային-ազատագրական պայքարի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ազգային-պետական գործիչ Զաքար Եօլեանի (1882-1975) կենսագրութիւնը, նրա հրատարակած յօդւածներն ու թղթակցութիւնները, որոնք ժամանակին տպագրւել են ՀՅԴ մամուլում։
Զաքար Եօլեանը ծնւել է Գորիսում, նահապետական ընտանիքում: Երիտասարդ տարիքից նա աշխատել է Բաքւի արդիւնաբերական ոլորտում, որտեղ գործուն մասնակցութիւն է ունեցել բանւորական կեանքում: Ռուսաստանի յեղափոխութեան օրերին Բաքւում գործող կուսակցութիւնների եւ խմբակցութիւնների մասնակցութեամբ կազմւում է Բանւորական Խորհուրդ: Դաշնակցութիւնը մասնակից կուսակցութիւններից մէկն էր, որի գլխաւոր ներկայացուցիչներից էր Եօլեանը: Նա իր պատասխանատու դիրքի բերումով սերտ կապեր է ունեցել ոչ միայն Բաքւի ու Զանգեզուրի ՀՅԴ ղեկավար գործիչների, այլեւ բոլշեւիկ եւ այլ հոսանքների ղեկավարների հետ:
Հայ- թաթարական ընդհարումների ժամանակ Եօլեանը ակտիւօրէն մասնակցել է Բաքւի նաւթաշրջանի Զինւորական մարմնի աշխատանքներին: Այս մարմինն է կազմակերպել նաւթաշրջանից հայ բանւորութեան ապահով հեռանալը։ Հայաստանի Առաջին Հանրապետութեան շրջանում Զաքար Եօլեանը ընտրւում է խորհրդարանի պատգամաւոր եւ գործուղւում Գորիս: Հայաստանի խորհրդայնացման ժամանակ Եօլեանը Երեւանում էր, 1921 թ. Փետրւարեան ապստամբութեան պարտութիւնից յետոյ նա եւս պարտադրւած հեռանում է Հայաստանից, հաստատւելով Իրանում, նախ՝ Թաւրիզում, որից յետոյ՝ Թեհրանում, մինչեւ իր մահը։
Եօլեանն աշխատակցել է ժամանակի հայկական մամուլին։ Գրքում ներառւել են նրա գրւածքները հրատարակւած հետեւեալ պարբերականներում՝ «Արեւ» (Բաքու), «Ալիք» (Թեհրան), «Գրոհ» (Բաքու), «Ժամանակ» (Թիֆլիս), «Հայրենիք» (Բոստոն), «Սիւնիք» (Գորիս), ՀՅԴ օրգան «Դրօշակ» եւ «Յեղափոխական Ալբոմ» (Բէյրութ):
Գրքում ներառւել են արխիւային նիւթեր եւ անտիպ յօդւածներ Հայաստանի Ազգային Արխիւից, Եօլեանի ընտանիքի եւ Եղիշէ Իշխանեանի ընտանեկան արխիւներից:
Նա իր գրութիւնները ստորագրել է հետեւեալ ծածկանուններով՝ Զ.Ե., Զ. Եօլեանց, Զ. Աշխատունի, Ալ. Աշխատունի, Ա. Աշ-նի, Բագուեցի, իսկ մեծ մասամբ՝ Ա. Աշխատունի:
Գիրքը բաղկացած է հինգ մասից։ Առաջին մասն ընդգրկում է ՀՅԴ ականաւոր գործիչ Աբրահամ Գիւլխանդանեանի (1875-1946) վկայութիւնը Եօլեանի մասին, գրքի կազմողներ Աղասի Ազիզյանի՝ Երկու Խօսքը, Աշոտ Սիմոնեանի՝ Նախաբանը եւ Զաքար Եօլեանի համառօտ կենսագրութիւնը՝ իր տղայի Աշոտ Եօլեանի գրչով:
Երկրորդ մասի առաջին բաժինն ընդգրկում է Եօլեանի 1907-1919 թւականներին լոյս տեսած յօդւածները Թիֆլիսի, Բաքւի եւ Գորիսի հայկական թերթերում: Երկրորդ բաժինը, «Անցած Օրերի Յուշեր» խորագրով՝ 1960-ականներին լոյս տեսած թւով քսանմէկ թղթակցութիւններն են, որոնցից մէկը` «ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ ԲԱՔՒԻ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆէՈՒԹԵԱՆ»-ը առաջին անգամ է լոյս տեսնում: Անցած օրերի Յուշերի շարանը յետադարձ հայեացքով պարզ լեզւով եւ մանրամասնութեամբ ականատեսի անունից վերապատմում է իրադարձութիւնները:
Երրորդ մասը՝ «ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՕՔ», որտեղ հետաքրքիր տեղեկութիւններ է ներկայացնում Հայաստանի Առաջին Հանրապետութեան շրջանի իրադարձութիւնների վերաբերյալ, ինչպէս՝ համաճարակը, ազատութեան համար պայքարը, Զանգեզուրի, Նախիջեւանի եւ Փետրւարի 18ի իրադարձութիւնները:
Չորրորդ մասը՝ «ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ », ընդգրկում է աւելի քան քառասունհինգ կենսագրութիւններ, որոնց մեծ մասը գրի է առել նրանց մահւան առիթով: Այս բաժինը կարեւոր է այն առումով, որ Եօլեանը յայտնի կամ խոնարհ եւ մոռացւած ազգային գործիչներին ներկայացնում է իր հետ ունեցած աշխատանքային յարաբերութեան փորձառութիւնից ելնելով, նկարագրելով նաեւ ժամանակի պատմական նշանակութիւն ունեցող դէպքերը:
«ՅԱՒԵԼՒԱԾՆԵՐ» խորագրով գրքի հինգերորդ մասում ներկայացւած է Զաքար Եօլեանի գրած, կամ իր մասին պաշտօնական գրութիւնները, որոնք լոյս են տեսել հայկական հրատարակութիւններում:
Գիրքը նախատեսւած է եղել աւարտել իր ընտանիքի մասին տեղեկութիւններով, սակայն գրքի կազմողները գրքի հիմնական մասը տպագրելուց յետոյ, յայտնաբերել են «Իրերի Դրութիւնը Զանգեզուրում» թղթակցութիւնը Երեւանում լոյս տեսնող «Յառաջ» օրաթերթի 1919 թ. հոկտեմբերի 4-ի համարում, ուստի խախտել են գրքի նիւթերի դասաւորութիւնը եւ այս յօդւածով էլ աւարտել են գիրքը:
Գիրքն ունի անձնանունների եւ տեղանունների առանձին ցանկեր, որոնք մեծապէս դիւրացնում են գրքի ընկալումը։
Զաքար Եօլեանն իր ժամանակի դէմքերն ու դէպքերը մատուցում է պարզ լեզւով, իսկ գրքի հարուստ ծանօթագրութիւնների (շուրջ 350) շնորհիւ այն դառնում է առաւել ընդգրկուն, եւ հասկանալի:
Եօլեանի պարզ թղթակցութիւնները կարեւոր աղբիւր են 1900-ականների Բաքւի հայկական համայնքի կեանքի մասին, ինչպէս՝ տեղեկութիւնները նաւթային ընկերութիւնում աշխատողների աշխատավարձերի աւելացման, մշակութային ձեռնարկների, հասարակական կազմակերպութիւնների մասին եւ այլն:
Յատկանշական են այն թղթակցութիւնները, որոնցում նկարագրւում են Ռուսական մեծ յեղափոխութեան արդիւնքը, Կովկասում հայ-թաթարական ընդհարումները, եւ Կովկասի հայկական շրջանակների հայալքումը այդ տարիներին: «Բաքւի Գաղթականութիւնը Պարսկաստանում» յօդւածում մանրամասնութեամբ նկարագրւում է Բաքուի գրաւումը 1918-ի սեպտեմբերի15-ին, հայերի նահանջը դէպի Պարսկաստանի Էնզելի նաւահանգիստը եւ ՀՅԴ-ի դերակատարութիւնը գաղթականներին սովից փրկելու գործում: Հետաքրքիր դրւագ է ներկայացնում ՀՅԴ եւ Մ. Քիւչիւք Խանի հանդիպման մասին: Այստեղ նկարագրում է նաեւ ՀՅԴ հիմնադիր Ռոստոմի մարդկային նւիրուած նկարագիրը եւ ներկայութիւնը այդ օրերի իրադարձությունների շրջագծում:
Ինչպէս Ա. Ազիզեանն ընդգծում է «ԵՐԿՈՒ ԽՕՍՔ-ում», Եօլեանը լինելով ժամանակի կարեւոր քաղաքական անցուդարձերի ականատեսը, երրորդ դէմքով հաւաստիութեամբ է նկարագրում իրադարձութիւնները: Այս ոճն արտացոլում է Եօլեանի նւիրւած եւ համեստ նկարագիրը:
Այս աշխատութիւնը նոր լոյս է սփռում Բաքուի, Գորիսի եւ ընդհանրապէս Սիւնիքի 1900-1919 թթ. դէպքերի անյայտ կամ մոռացութեան մատնւած իրադարձութիւնների եւ դէմքերի վրայ: Եօլեանը լինելով ՀՅԴ գործիչ, բոլոր ճակատագրական դէպքերի ընթացքում ստանձնել է պատասխանատու պարտականութիւններ: Որպէս ականատես անաչառօրէն նկարագրում, պարզաբանում եւ հասկանալի է դարձնում իր ժամանակի իրադարձութիւնները: Նա կարեւոր տեղեկութիւններ է հաղորդում Բաքւի հայ համայնքի մասին: Ուշագրաւ են նրա վկայութիւնները Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ բոլշեւիկների ազգադաւ գործունէութեան վերաբերեալ: Պատմաբանների համար սա կարելի է համարել եզակի գրականութիւն վերարժեւորելու համար Խորհրդային պատմաբանների կողմից խեղաթիւրած եւ պատւէրով գրւած պատմութեան էջերը:
Դրանով հանդերձ, որ գիրքը ներկայացնում է 1907-1920-ականները, բայց արդիական է այն առումով, որ այն լոյս է տեսել պատմական այնպիսի ժամանակահատւածում, երբ ականատես ենք քառասունչորսօրեայ պատերազմի հետեւանքներին, Արցախի հայաթափման եւ Սիւնիքի լինել-չլինելու ճակատագրական իրադարձութիւններին:
Զաքար Եօլեանը, պարտադրւած լինելով իր կեանքի մեծ մասը անցկացնել հայրենիքից հեռու, տարագրութեան մէջ, շարունակեց իր պայքարը՝ պատմութեանը յանձնելով պատմագրական կարեւոր էջեր:
Ողջունելի է «Զաքար Եօլեան ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒՇԵՐ» գրքի լոյս ընծայումը, որը նոր հաւաստի աղբիւրագիտական հիմք է պատմաբանների համար, ինչպէս եւ հետաքրքրութեամբ կընթերցւի պարզ ընթերցողի կողմից:
Անի Բաբայեան