Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 68 տարեկան
16 Օգոստոս 2024
Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 68-ամյակը:
Ներկայացնում ենք հատվածներ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքից։
***
90-ականների սկզբին` մինչեւ պառակտումը, հայկական ընդդիմությունն առաջարկեց Սահմանադրության` լավ մտածված ու պրոֆեսիոնալ մշակված համատեղ նախագիծ, որի վերաբերյալ բանավեճերը դարձան անկախության առաջին տարիների քաղաքական գործընթացի հենքը: Իսկ այդ գործընթացի խորապատկերը Ղարաբաղում ազգային-ազատագրական պատերազմն էր, մարդկային կորուստները, դեռեւս անսովոր շրջափակումը, մութ, ցուրտ, սոված օրերն ու գիշերները, բնակչության զանգվածային ելքը երկրից եւ բարձր հովանավորներ ունեցող, օրըստօրե լկտիացող գողականները, որոնք առաջնորդվում էին անարժանորեն մոռացված Վանիկ Սմբատի Սիրադեղյանի կարգախոսով` մեր դեմ խաղ չկա:
1994 թվականի վերջին իշխանությունների համար պարզ դարձավ, որ ժողովրդական վրդովմունքն այնքան ուժեղ է, որ նույնիսկ պառակտված ընդդիմությունն ի վիճակի է իրենց լուրջ պարտության մատնել խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ ժամանակ իշխանությունը, իր արտասահմանյան տերերի օգնությամբ, բոլոր ուժերը կենտրոնացրեց ավելի մեծ հեղինակություն վայելող եւ վտանգ ներկայացնող հակառակորդի` Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ: Ես արդեն հիշատակել եմ դաշնակցականներին թուլացնելու նախորդ փորձերի մասին` Հայաստանում եւ արտասահմանում արհեստականորեն զուգահեռ կառույցներ ստեղծելու միջոցով: Գործի դրվեց ցանկացած քարոզչություն` խորհրդային «մաշված» առասպելները «համաշխարհային իմպերիալիզմի շների ու խոշոր բուրժուազիայի վարձկանների» մասին, ծիծաշարժ կինեմատոգրաֆիական կլիշեներ (դրանք հիմա էլ են կիրառվում), կուսակցության` նախկինում թույլ տված սխալները, արտաքին հարաբերությունների ոչ այնքան թափանցիկ դրվագներ ու դրանց հետեւանքները, պատմության վիճելի փաստեր եւ, իհարկե, հիմնական սարսափազդու հնարքը` ահաբեկչության մեջ մեղադրելը: Ի դեպ, վերջինն այնքան էլ չէր վնասում Դաշնակցության համբավին, քանի որ հայ ժողովուրդը ե’ւ Սփյուռքում, ե’ւ Հայաստանում, ե’ւ Արցախում հարգում եւ գնահատում էր այդ կուսակցությանը ոչ թե բոլշեւիկների, հնչակների կամ ռամկավարների հետ գաղափարական վեճերում համոզիչ լինելու, այլ հենց հարվածին հարվածով պատասխանելու ունակության եւ պայքարի զինված մեթոդներին տիրապետելու համար: Ու թեեւ դաշնակցականները երբեք չեն կորցրել իրենց գլուխն ու զենքի դիմել սեփական երկրում (համենայն դեպս, ոչ մի հետաքննություն եւ ոչ մի դատարան նման բան ապացուցել չկարողացան), Դաշնակցության դեմ 1994 -ից սկսված բռնությունները հիմնված էին հենց այդպիսի մեղադրանքների վրա` ահաբեկչություն, զինված հեղաշրջման նախապատրաստում եւ այլն:
Սակայն մի կողմ թողնենք տերպետրոսյանական վարչակարգի ու դաշնակցականների բախումը, դա առանձին թեմա է` հին նախապատմությամբ, եւ դրա վերջակետը դեռ չի դրված: Կգա ժամանակը, եւ Դաշնակցության` Հայաստանում 20-րդ դարի վերջին քառորդի գործունեության, ի դեպ, նաեւ այլ կուսակցությունների պատմությունը կգրվի անկողմնակալ պատմաբանների կողմից (թեեւ, մյուս կողմից, որտեղի՞ց այդպիսիք):
Սակայն եթե փորձենք բացահայտել այն ժամանակվա իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը, պարզ կդառնա, որ Դաշնակցության առաջնորդների ձերբակալությունները եւ կուսակցության արգելումը նախերգանքն էին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական (1995թ.) եւ երկրորդ նախագահական (1996թ.) ընտրությունների, որոնք դրեցին ընտրակեղծիքների հիմքը, եւ այդ կեղծիքների կատարելագործումն աներեւակայելի հնարամտությամբ շարունակվում է մինչ օրս: Այդ ժամանակներից էլ հայկական քաղաքական լեքսիկոնում հայտնվեց «ամոթալի ընտրություններ»բառակապակցությունը, որով արդեն քանի տարի անընդհատ խարանվում են նմանատիպ բոլոր միջոցառումները: Իսկ այն, որ 1998 թվականին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, պարզապես նախապես չկանխատեսված, բայց լավ օգտագործված տարր էր անթափանցելի համակարգի եւ իշխանության անփոփոխ կազմի վերջնական ձեւավորման գործընթացում: Բոլորը` ե’ւ Հայաստանում, ե’ւ արտասահմանում, տեսան, որ աղքատացած ժողովրդի ատելությամբ սնուցվող հզոր հանրահավաքները իշխանության կողմից զիջումների, առավել եւս` նախագահի հրաժարականին չհանգեցրին. հանգստի (այն էլ` ոչ վերջնական) նա գնաց միայն իր իսկ ստեղծած հանցավոր խմբի ճնշման տակ:
Ճիշտ է, այն ժամանակ ոչ երկարատեւ իրական շանս ստեղծվեց` կառուցել կառավարման` եթե ոչ իդեալական, ապա գոնե առողջ համակարգ` բարդ իրողություններին ու ապագայի մարտահրավերներին համապատասխան: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ, շանսը բաց թողնվեց, քանի որ հենց այդ ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր գլխավոր ու ճակատագրական սխալը: «Գլխավոր սխալ» ասվածն այս համատեքստում չի նշանակում ամենանկատելի, կամ` որ դրա ստվերում մյուս սխալները չեն երեւում: Բանն այն է, որ Քոչարյանը ռիսկի չդիմեց` իշխանությունը արմատապես փոփոխելու համար. ընտրվելուց հետո նա չլուծարեց ՀՀՇ-ական խորհրդարանը` 1995-ի ամոթալի ընտրությունների ծնունդը (թեեւ նրան համառորեն խորհուրդ էին տալիս): Նա չցանկացավ իր իրական հենարանը դարձնել անկախ քաղաքական ուժերին, որոնք իրենց չէին արատավորել տերպետրոսյանական վարչակարգի հետ համագործակցությամբ: Իսկ անմիջապես նախագահականից հետո` 1998-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաղթանակ կբերեին հենց այդ ուժերին, եւ Հայաստանի զարգացումը բոլորովին այլ ուղղությամբ կընթանար:
Դա տեղի չունեցավ, շանսը, կրկնում եմ, բաց թողնվեց, քանի որ ապագա նախագահ Քոչարյանին հրամցրեցին բարձրագոչ, ինչպես թմբուկը, նույնքան էլ դատարկ կարգախոս` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», որը նրան վարպետորեն զրկում էր իրական քաղաքական աջակցությունից: Արդյունքում` նախկին ՀՀՇ-ականներից շատերը եւ նրանց արբանյակները, մինչ այդ մի գիշերվա մեջ դարձած «երկրապահ», շունչ առնելու ժամանակ ունեցան եւ արագ կերպարանափոխվեցին հանրապետականների, քանի որ իրեն գլխավոր հանրապետական էր հռչակել այն ժամանակ ամենազոր Վազգեն Սարգսյանը: Այդպիսով` նրանք պահպանեցին քաղաքական եւ տնտեսական գերիշխող դիրքը հասարակության մեջ, ինչը եւ դարձավ դրան հաջորդած եւ մինչ օրս շարունակվող դեգրադացիայի հիմնական պատճառը:
Ի դեպ, այն ժամանակներից սկսած` այդպես էլ շարունակվում է` Հանրապետական կուսակցությունն իրեն առաջնորդ է կարգում կուսակցական գործունեությունից` ընդհանրապես, եւ ցեղակրոն-հանրապետական գաղափարախոսությունից` մասնավորապես, հեռու հասարակական կամ ծառայողական բարձր դիրք զբաղեցրած կողմնակի անձանց: Ամբողջ աշխարհում հաջողակ կուսակցությունների առաջնորդները, ընտրություններում հաղթելով, դառնում են պետության ղեկավարներ: Հայաստանում հակառակն է` պետության ղեկավարները նախ քարշակի դեր են կատարում իշխող նշանակված կուսակցության համար, իսկ հետո գրոհում են այդ «նավը»` իրենց հռչակելով դրա նավապետ: Այդ ամենը, անշուշտ, տեղի է ունենում կուսակցական ենթարկվող վերնախավի բուռն, չդադարող ծափահարությունների ուղեկցությամբ:
Այսպես, երկրորդ նախագահի գործունեության սկզբում, նրա աչքի առաջ, իշխող կուսակցության էստաֆետը ՀՀՇ-ից ընդունեց Հանրապետական կուսակցությունը: Ընդ որում` ժողովուրդը լռում էր, ինչպես «Բորիս Գոդունով» ողբերգության վերջին արարում: Երկրում հաստատվեց «իշխանության փոփոխությունը իշխանությունների բացառիկ իրավունքն ու գործն է» քաղաքական բանաձեւի վրա հիմնված համակարգ: Ժողովուրդը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական միությունները այդ բանաձեւում ոչ մի կերպ չեն տեղավորվում եւ որոշումներ կայացնելու գործընթացի հետ որեւէ կապ չունեն: Նրանք ընդամենը հասարակական ակտիվության, քաղաքական գործընթացի պատրանքային ֆոն են ստեղծում: Իմ` մի շատ խելացի ծանոթի բնորոշմամբ` իշխանությունը տեղափոխվել է կաֆկայական ամրոց` պատնեշվելով հասարակությունից համարյա անթափանց պատով եւ ժողովրդին, որպես զվարճալիք, թողնելով միայն անպտուղ պոռթկումները:
Ինչո՞ւ երկրորդ նախագահը, ում հետ այդքան հույս էր կապվում, թույլ տվեց դա: Որովհետեւ արդեն 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրան ըմբռնելի ձեւով բացատրեցին` նախագահի ընտրության մեխանիզմները ոչ մի ընդհանուր բան չունեն անձնական հեղինակության եւ ժողովրդի կողմից այդ հեղինակության ճանաչման հետ: Հայաստանում սա անխախտելի կանոն է, եթե դրան չես հետեւում, նշանակում է տեղ չունես իշխանության մեջ, չես էլ կարող մնալ այնտեղ: Պարզապես զարմանալի է, թե ինչպիսի հետեւողականությամբ էին կանխվում հասարակության` իր ճակատագրի ընթացքին միջամտելու փորձերը: Ահա ցայտուն օրինակ` 2003-ի նախագահական ընտրությունները: Առաջին փուլում միայն վարչական ռեսուրսի շնորհիվ հաղթանակի հասնել չհաջողվեց, իսկ երկրորդ փուլում գործն իրենց ձեռքը վերցրեցին Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը: Նրանք ճիգ գործադրեցին եւ հասան հաջողության` իրենց թեկնածուի համար ապահովելով համեստ, բայց ամուր ու հուսալի գերակշռություն: Լուրջ վտանգ առաջացավ (իսկ ժողովրդի համար` հույս), որ նախագահը կընտրվի առանց վիրտուոզ խարդախությունների եւ տարատեսակ կիսաքրեական ղեկավարների նյութական ավանդի` առանց գողականների, ուժային կառույցների, ԿԸՀ-ական խորամանկ խարդախների, գավառական ցեղական առաջնորդների ու նրանց շքախմբերի, այլ հիմնականում քաղաքական ակտիվիստների ուժերով ու քաղաքական մեթոդներով: Վերեւներում իրենց «կաշվով» զգացին այդ վտանգը: Ի՜նչ իրարանցում սկսվեց: Մինչ ընտրատեղամասերը փակելը` վերջին ժամերին, թե ի՜նչ էր կատարվում: Մկանների անտեղի խաղ, արձանագրություններում անտեղի լրացումներ, քվեաթերթիկների անտեղի լցոնում, անտեղի լարվածություն ու վազվզոց: Թքելով երկրի հեղինակության ու շահերի, անգամ` հենց իշխանության վրա, ծառայում էին ուժերի գերլարումով` ապականելով ու փչացնելով համեստ, բայց ազնիվ հաղթանակը, այն վերածելով հերթական ամոթալի իրադարձության: Եվ այդ ամենը` մի նպատակի համար` որպեսզի ծնունդ առնող քաղաքացիական հասարակության մտքով չանցնի մտնել «տիրելու» գործերի մեջ, իսկ «տնօրենի» (այսպես են երկրի ղեկավարության կիսագողական շրջանակներում անվանում նախագահին) գլխում հանկարծ չծնվի այն ըմբոստ միտքը, թե ընտրվել կարելի է նաեւ ժողովրդի կամքով: Աստված մի արասցե, որ ժողովրդական զվարճալիքը` ժողովրդավարությունը, ինչ-որ մեկը լուրջ ընդունի:
Սակայն շուտով պարզ դարձավ, որ ժողովրդական զվարճալիքից իշխանությունները կարող են օգուտ քաղել: Մի մոռացեք` սկսվել էր 21-րդ դարը, Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին էր, եւ առանց ուրախ, ժողովրդավարական երագներով ներկված ճակատի դժվար կլիներ: Եվ այստեղ հայկական իշխանություններին օգնության հասավ արեւելաեվրոպական կոմունիստական երկրների` նախորդ մասում նկարագրված «բազմակուսակցական» փորձը, որը կարելի էր քողարկել «անցումային շրջանի բազմակարծությամբ»: Իշխող կուսակցության անփոփոխության մոդելը` առաջատարի նրա դերը չվիճարկող այլ կուսակցությունների առկայության պայմաններում, Հայաստանում դարձավ իշխող: Ով ընդունում է դա, դառնում է համակարգի մաս եւ կարող է կաֆկայական ամրոցում հայտնվելու հույս փայփայել, կամ` գոնե դրա մատույցներում: Իսկ ով չի ընդունո՞ւմ: Նրանց եւ մյուսների մասին շուտով կխոսենք:
***
Եվ այսպես` մեր քաղաքական մոդելը, այլ կերպ ասած` հայկական իշխանությունը հայ ժողովրդից բաժանած երկաթբետոնե ամրոցը վերջնականապես պնդացավ մեր անկախության առաջին տասնամյակում: Պատերի ներսում Համակարգն է` հիմնականում փոխառված խորհրդային անցյալից` իհարկե, գաղափարական վեկտորի փոփոխությամբ` ծայրահեղ ձախից (կոմունիստական) ծայրահեղ աջ (ոչ ճիշտ ընկալված նեոլիբերալ):
Կաֆկայական ամրոցի ներքին կառուցվածքին մենք դեռ կվերադառնանք, իսկ մինչ այդ դիտարկենք այն քաղաքական ուժերն ու ֆիգուրները, որոնք մնացին պատից այն կողմ` հասարակության ծոցում: Նրանցից շատերն այնքան թույլ էին ու աննշան, որ սկզբում պարզապես իշխանության ուշադրությունը չէին գրավում: Նրանք աղմկում էին եւ այսօր էլ աղմկում են` ժամանակ առ ժամանակ հռչակելով ճիշտ ու խիզախ կարծիքներ եւ մոտեցումներ` շատ հաճախ կրկնօրինակելով աշխարհին հայտնի գաղափարական սխեմաները եւ առաջարկելով գործնական լուծումներ, որոնք իրենք ի վիճակի չեն իրագործել: Այդօրինակ փոքր կազմակերպությունները, որ ծնունդ առան վերակառուցման տարիներին եւ հետվերակառուցման կամայականությունների պայմաններում, բնավորությամբ շատ նյարդային, կասկածամիտ, խանդոտ եւ ինքնահավան առաջնորդներով, հասարակության ուշադրությունը շեղեցին իրական այլընտրանքներից եւ իշխանությանը հուշեցին մի շատ վնասատու գաղափար, որը մենք կքննարկենք մեր հոդվածաշարի հաջորդ մասում:
Համակարգից դուրս գործող նմանօրինակ ոչ մեծ խմբերից բացի, 20-21-րդ դարերի սահմանագծին առանձնանում էին երկու ուժեղ եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններ` ձախ Դաշնակցությունը եւ աջ Ազգային ժողովրդավարական միությունը: Դրանք բավականին արդյունավետ մրցակցում եւ համագործակցում էին միմյանց հետ` չնայած լիովին տարբեր ծագումներին: Դրանց միավորում էր այն, որ երկու կուսակցությունում էլ գերակշռում էին իդեալիստները: Այնպես չէ, որ հանրապետականների շրջանում իդեալիստներ չկային, ընդհակառակը` 90-ականների սկզբին Աշոտ Նավասարդյանի կերպարը` որպես մարդու, ով հանուն իր գաղափարների ընդունակ է տառապելու, խորհրդանշական էր: Սակայն, վերջ ի վերջո, Հանրապետական կուսակցությունում գերակշռեցին, այսպես կոչված` «պրագմատիկները» եւ կուսակցության ներսում նրանց «հաղթանակի» արդյունքները թե’ նրանց կուսակցությունը, թե’ ամբողջ հանրությունը դեռ երկար ժամանակ չեն կարողանա մարսել…
ՀՅԴ-ում եւ ԱԺՄ-ում ամեն ինչ այլ կերպ էր, սակայն այդ կուսակցություններն էլ 2000-ականների սկզբին հասկացան` իշխանության անխոցելի ամրությունների վրա հեծելազորային ինքնասպան, անմիտ գրոհների ժամանակներն անցել են: Հարկավոր է նոր ռազմավարություն: Այդ կուսակցությունները, հավանորեն միմյանցից անկախ, որոշեցին իշխանության բնույթը փոխել ներսից: Նշանակում է` անհրաժեշտ էր ներթափանցել կաֆկայական ամրոց: Սակայն այդ կուսակցությունները տարբեր մարտավարություն ընտրեցին` յուրաքանչյուրն իրեն բնորոշ: Իշխանությունների հետ փոխգործակցության նոր մոդելի որոնումն էլ ընթանում էր տարբեր ձեւով:
ԱԺՄ-ի` իշխանությունը գրոհելու, հետո` ամբողջ կուսակցությամբ իշխանության մեջ մտնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, ավելին` երկարատեւ պայքարի լարվածությունը եւ սթրեսները քայքայեցին այն: Երիտասարդ, ավելի շատ համախոհների ակումբ հիշեցնող, կազմակերպական առումով չձեւավորված կուսակցությունը` ղեկավարության մեջ մի քանի ոչ սովորական, հավակնոտ անձնավորություններով, բոլորովին վերջերս ընձյուղված տերպետրոսյանական ՀՀՇ-ից, պարզապես կազմալուծվեց (կամ գիտակցաբար բաժանվեց) մի քանի խմբերի` նման անուններով, նմանօրինակ քաղաքական հայեցակարգերով, սակայն տարբեր բնավորությամբ առաջնորդներով: Այդ խմբերից յուրաքանչյուրը, իսկ ավելի հաճախ պարզապես ԱԺՄ-ական առանձին ղեկավարներ կամ ակտիվիստներ մտան իշխանության մեջ իրենց ճանապարհով` ոմանք պտուտաձեւ ու երկար, ոմանք` անմիջապես: Դա, եթե կարելի է այսպես անվանել, «ատոմացված» ինտեգրում էր: ԱԺՄ նախկին առաջնորդները դարձան փոխնախարարներ, տարբեր ոլորտների խոշորագույն վարչությունների ղեկավարներ` ոմանք նախագահականում, վերահսկիչ մարմիններում, ոմանք ԱԳՆ-ում, ոմանք Կենտրոնական բանկում, որպեսզի հետո հասունանան վարչապետի պաշտոնի համար, իսկ ոմանք բավարարվեցին Հանրային պալատով` նախագահի ականջներին մոտ լինելու հնարավորությամբ: Արդյո՞ք դա ներթափանցելու եւ ազդեցություն ունենալու մտածված մարտավարություն էր, թե՞ պարզապես այդպես ստացվեց` ապագա սերունդները հնարավոր է իմանան Վազգեն Մանուկյանի եւ նրա նախկին (?) համախոհների հուշերից: Ինչ էլ լինի, տասնամյա ջանքերի արդյունքը բավականին հակասական է` իրենց ու իրենց գաղափարները ԱԺՄ-ականները իշխանությանը հասցրեցին, սակայն իրականացնել չկարողացան: Նրանց կարելի է համեմատել ատլետների հետ, որոնց հանձնարարված էր օլիմպիական կրակն անցկացնել արգելափակոցներով. նրանք ջահը առանձին մարխերի բաժանեցին` աննկատ անցնելու համար: Արգելափակոցները նրանք հաջողությամբ հաղթահարեցին, սակայն մարխերը քամին մարեց:
Ի տարբերություն ԱԺՄ-ի իրենց գործընկեր-հակառակորդների, ավելի դիմացկուն, երկարատեւ, ուժասպառ անող պայքարի սովոր դաշնակցականներն այլ մարտավարություն կիրառեցին. նրանք գնացին ինչպես կարող էին` ոչ թե գաղտագողի, այլ կուսակցական ամբողջ փաղանգով` մարտական կանոններով: Կոալիցիա կազմեցին Հանրապետական կուսակցության հետ, կնքեցին կոալիցիոն հուշագիրը, զբաղեցրին նախարարական եւ խորհրդարանական պաշտոններ, մի խոսքով` մտան կաֆկայական ամրոց` ոչ թե անհատապես, այլ միասին, սեփական դրոշներով: Եվ ի՞նչ տեսան այնտեղ` ամրոցի ներսում. ճշգրիտ գծագրված արահետներ ու միջանցքներ հետաքրքրությունների ոլորտներով սահմանափակված ֆինանսական ու ցեղախմբային միավորումների միջեւ: Պետական շահերի ոլորտն առանձնապես ոչ մեկի կողմից չի պաշտպանվում, կարելի է նաեւ անթաքույց մի կտոր «կսմթել»: Սակայն մասնավոր եւ խմբակային շահերի դեպքում հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել` քայլ դեպի աջ, քայլ դեպի ձախ, եւ քեզ ճիշտ չեն հասկանա, գողական կանոնները կխախտես:
Շատ արագ դաշնակցականները հասկացան, որ իշխանությունը ներսից փոխելու գունագեղ հույսերն այնքան էլ արդարացված չեն: Իհարկե, ինքնին հարցադրումը որեւէ անհնար բան չէր ենթադրում: Պատմությունը տալիս է իշխանության` դրա մեջ թափանցած բարեփոխիչ ուժերի եւ անձերի ազդեցության տակ վերափոխվելու օրինակներ: Այդ մասին բավականին համոզիչ վկայում են պիրենեյան եւ լատինաամերիկյան պետությունների օրինակները: Սակայն էվոլյուցիոն բնույթի ձեւափոխությունները բավականին դանդաղ են կատարվում եւ պահանջում են նվիրված բարեփոխիչների կրիտիկական զանգվածի առկայություն, գոնե` որ զբաղեցնեն մի քանի կարեւոր պաշտոններ եւ ունենան կարեւորագույն որոշումներ կայացնելու գործընթացի վրա ազդելու մեխանիզմներ: Դա դաշնակցականները չկարողացան ապահովել. հենարան չունեին: Այդ պատճառով նրանց` իշխանության կազմում հայտնվելը ո’չ հասարակությանը, ո’չ հենց դաշնակցականներին սպասված արդյունքները չտվեց, ավելին` հասարակության շրջանում, նաեւ կուսակցության ներսում հիասթափություն առաջացրեց: (Նույնիսկ հիմա` տարիներ անց, դա դեռեւս նկատելի է: Դրա մասին են վկայում իմ հոդվածների վերաբերյալ հիստերիկ մեկնաբանությունները, որոնց հեղինակների հոգեբանական վիճակին խոստանում եմ առանձին հոդվածով անդրադառնալ):
Իհարկե, 2000-ականներին բարեփոխումներ իրականացվեցին, եւ Դաշնակցականների դերը դրանցում զգալի էր, սակայն ո’չ բարեփոխումները, ո’չ Դաշնակցության ազդեցությունը, դրանց արդյունավետության առումով, այնքան էլ ակնառու չեղան հասարակության համար, որպեսզի երկիրը դուրս բերեին լճացումից եւ Դաշնակցությանը ապահովեին նոր լծակներով որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու, իշխանության մեջ կուսակցության դիրքերը ուժեղացնելու եւ հասարակության շրջանում հեղինակությունը մեծացնելու համար: Իհարկե, հարկավոր է հաշվի առնել, որ իր ցանկացած գործընկերոջ իշխանությունը պատրաստ է տրամադրել միայն շատ սահմանափակ իրավունքներ: Գիտե՞ք` ինչպես են ձեւակերպվում Անգլիայի թագուհու լիազորությունները. նա իրավունք ունի խորհրդատվության, նախազգուշացնելու եւ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ տալու: Ոչ մի այլ իրավունք: Մոտավորապես նույն դերը, չնայած որեւէ կոալիցիոն համաձայնագրի, նախատեսված էր (եւ այսօր էլ նախատեսվում է) ցանկացած գործընկերոջ համար` կոշտ նախագահական կառավարման պայմաններում: Դրա հետ դաշնակցականները չցանկացան հաշտվել: Նրանք սկսեցին ամրոցի ներսում սեփական ամրոցը պատնեշել, որպեսզի գոնե պահպանեն ինքնուրույնությունը, որոշակի հեռավորություն պահեն երկրում իրականացվող անօրինակություններից եւ չդառնան բյուրոկրատական ապարատի կցորդը, ինչպես եղավ ուրիշների դեպքում: Թեեւ, ըստ երեւույթին, նաեւ մեր կուսակցության մեջ կային այնպիսիք, որ նախընտրեցին «շանը շան կողքին կապես` կա’մ կծել կսովորի, կա’մ հաչել» ձեւակերպումը:
Սակայն, այդուհանդերձ, երբ երկարատեւ դիրքային պայքարից հետո 21-րդ դարի առաջին տասնամյակի վերջին վերջնականապես պարզ դարձավ, որ Դաշնակցության ազդեցությունը պետական կարեւոր որոշումներ կայացնելու գործընթացում անընդհատ նվազում է, կուսակցությունը ուժ գտավ` նահանջի որոշում կայացնելու: Կաֆկայական ամրոցը դաշնակցականները լքում էին այնպես, ինչպես մտել էին` շարքով եւ մարտական դրոշների տակ: Սակայն նրանց կորուստները ծանր էին: Հաջորդ իսկ խորհրդարանական ընտրություններում (2012 թ. մայիսի 6) Դաշնակցությունը բարձր գին վճարեց: Ընտրազանգվածը` մի քանի անգամ գիտակից քաղաքացիներին գերազանցող, ընդդիմադիր հույսերին ու հեռանկարներին նախընտրեց ոչ մեծ, բայց բավականին շոշափելի փողը: Դրա մասին շատ է գրվել: Դաշնակցության կազմակերպչական ուժը, որը հիմնվում է ստորին կառույցների կարգապահության եւ հավատարմության վրա, խաթարվեց իշխանության հետ համագործակցության պատճառով:
Իսկ իշխանությունը դաշնակցականներից վրեժ լուծեց Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի ալիք բարձրացրած հայ-թուրքական արձանագրությունների «նախաձեռնողական»դիվանագիտությանը կատաղի դիմադրելու եւ ներիշխանական կանոններին չենթարկվելու համար: Սակայն դաշնակցականներն իրենց ճկուն եւ ամուր կառուցվածքով ու ժամանակին չենթարկվող ավանդույթներով, ինչպես միշտ, կանգուն կմնան:
***
Միշտ ոգևորվում եմ, երբ իմ հոդվածներին ի պատասխան ագրեսիվ, թունոտ մեկնաբանություններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, մյուսները լի են մաղձով, չարությամբ, որոնց հեղինակները անգամ ինտելեկտուալ ձևանալով, ի զորու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ` դո՞ւր են գալիս ինձ դրանք, թե՞ ոչ: Ես, ինչպես մեկնաբանությունների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հավատում են ինձ առանձին անհատներ, թե` ոչ, ինձ համար, ներեցեք, միևնույնն է… Խոսքի ազատության սկզբունքը ոչ միայն ցանկացածիդ ասելու իրավունքն է, այլև չլսելու: Իսկ ոգևորում է ինձ այն, որ մեկնաբանողների վրդովված գրառումներում, նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ լավ չեն հասկացել հոդվածի իմաստը, զգում եմ շփոթմունք և ամոթի զգացողություն…
Նրանցից շատերը երևի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները բարիկադներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) և բանտ նստում հանուն իրենց ազատության, իրենք լռում էին և թաքցնում գլուխները ոտքերի արանքում: Բայց չէ ՞ որ այն ժամանակ էլ կար խոսքի ազատություն, և կարելի էր չլռել: Եվ բանտ էլ նստում էին հենց նրանք, ում մեկնաբանությունների քաջ և անանուն հեղինակներն անվանում են դավաճան: Ընդհանրապես, «դավաճան» բառը պետք է զգուշորեն գործածել: Քանի որ ու ՞մ կարելի է դավաճանել: Նրան, որ քո հավատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թե ընտրակաշառքների թակարդն է ընկել, և ում չեն շեղել կեղծ այլընտրանքների`սիրամարգի պոչի նման գույնզգույն խոստումները: Իսկ քանի ՞ նման կայուն և հավատարիմ մարդ է եղել մեր հասարակությունում: Արդյո ՞ք նրանք շատ են այժմ: Ցավոք, ոչ: Մեր հասարակությունը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկության, որը կգա առանց իր անմիջական մասնակցության: Դրա օրինակները շատ են: Եվ միշտ արդյունքը հիասթափությունն է եղել: Վերցնենք մեր ոչ վաղ անցյալը, որ հիմնական լեյտմոտիվը փրկչի փնտրտուքն է: Միայն հաշվեք, թե քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում:
De mortuis nil nisi bonum` հանգուցյալների մասին կա’մ լավը, կա’մ ոչինչ, իհարկե, սակայն հիշեք 90-ականների վերջը, երբ փրկչի փնտրտուքը առաջին անգամ երևան հանեց մեր հասարակության` վաղուց հեռացած քաղաքական դեմքերին հարություն տալու բացառիկ կարողությունը:
Իսկ երկուհազարականնե՞րը….
Մոսկովյան մեսսիա Արկադի Վարդանյանը իր բուռն բազմամարդ հանրահավաքներով, որոնց հետևեց նահանջը և հույսերի տապալումը: Հետո արդեն տեղական հերոսների շքերթը` Արամ Կարապետյան, Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Արթուր Բաղդասարյան, Տիգրան Կարապետիչ, կոնգրեսական առաջնորդները` ԼՏՊ-ի գլխավորությամբ և վերջապես` համահայկական ղեկավարության ձգտող էքստրավագանտ հավակնորդը, որը զարմացրեց բոլորին քաղաքական հացադուլը նախազատիկյան պասի վերածելու կարողությամբ:
Բոլորը խոստանում էին պարզապես մետաքսյա-բամբակյա հեղափոխություններ, սակայն արդյունքում` կրկին նահանջ, երբեմն սրտխառնոց առաջացնող նահանջողականություն, և նորից հույսերի փլուզում…
Բայց դաշնակցականներին այս աստղաբույլի հետ մի խառնեք: Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, մեզնից մի’ դժգոհեք, մենք չենք դավաճանել ձեր հույսերը, քանի որ դուք մեզ հետ ոչ մի հույս չէիք էլ կապել: Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը, կամ այլ խոսքերով` որ ձեզ հիմարի տեղ դնեն: Եվ արդյունքում ունեք այն, ինչին արժանի եք: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ Դաշնակցությունը միակ կուսակցությունն է հայ իրականության մեջ, որը բացեիբաց ընդունում է իր սխալները և բաց քննադատության է արժանացնում սեփական անցյալը և սեփական ղեկավարությանը:
ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ ՆԱՅԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ:
Նույնը, ցավոք, վերաբերում է մեր հասարակությանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ արհամարհական և Դաշնակցությանը ազգի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրող գրառումները թողնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ մեր կյանքում ինչ-որ բան սխալ է, բայց սեփական մեղքը տեսնել չեն ուզում: Սովոր չեն:
Դուք չե՞ք նկատել` ովքեր են ամենից շատ և հաճախ բողոքում և դժգոհում կյանքի և աշխարհի անարդարությունից: Նրանք, ովքեր երբեք և ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մեկը կամ մյուսը: Ցավով ստիպված ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակության մեջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են հատուկ ուսումնասիրություն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ և բազմագործոն երևույթ է: Գելլափի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հարցվածների մեկ երրորդից ավելին համարում է իրենց տառապյալ:
Թվում է, թե դա պետք է բավական լինի, որպեսզի ընտրություններին իշխող կոալիցիայի` կրկին հարմարավետ իշխանական աթոռը զբաղեցնելու հույսերը տապալվեն: Սակայն հենց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիորեն ցածր, հանուն սեփական երկրի, սեփական երեխաների ավելի լավ ապագայի պայքարելու պատրաստակամությունը: Հենց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամությամբ ենթարկվում են իշխանամետ նախընտրական շտաբերի լկտի կատարածուներին: Այդ «հնազանդների» մտքով անգամ չի անցնում գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հավաքողներին և դառնալ ազատ` հարկադրանքից և ընտրակաշառքներից: Վաղուց է հայտնի, որ ստրուկը ոչ թե ազատություն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպես Ցիցերոնն է ասել և չի սխալվել: Միգուցե նրա ծանոթների մեջ հայե՞ր են եղել: Սակայն, թերևս, դա համընդհանուր կանոն է, և միայն մեզ չի վերաբերում:
Մարդկությունը, ընդհանուր առմամբ, ինչպես և առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհավասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում պրոգրեսը, նրանք, ովքեր ակտիվ դիմադրում են դրան, և նրանք, ովքեր պասիվ սպասում են այդ գործընթացի արդյունքներին` «ճանապարհին գցած գերանի» կարգավիճակում:
Եվ նույնիսկ այնքան կարևոր չէ, թե նշված կատեգորիաներից որն է ավելի շատ շահում սոցիալական, քաղաքական, տնտեսական ռեֆորմներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կտանի կասկածների արահետով` մոլորակն ապականող մեր քաղաքակրթության նպատակահարմարության (Աստվածային մտահղացման) և կենսունակության տեսակետից: Կարևորն այն է, որ պրոգրեսի համար անհրաժեշտ է, այսպես կոչված, պատվիրատու, շահագրգռված սոցիալական խումբ, որը ճիշտ, թե սխալ, բայցևայնպես գիտակցաբար տեսնում և զգում է իր շահը պրոգրեսից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նյութական, չնայած դա նույնպես շատ կարևոր է, բայց հոգեկան բավարարվածություն (օրինակ` հպարտություն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր հաղթանակի զգացողություն) անպայման պետք է բերի:
Իհարկե, գերադասելի է, որպեսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հենց իշխանությունը: Հայաստանում այն, ցավոք, ի տարբերություն սոցիալիստական ճամբարի ավերակներ վրա առաջացած շատ պետությունների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ ավելի կարևոր է «երրորդ շերտի»` պատվիրատուի առկայությունը: Եվ հենց այստեղ է բացվում իրոք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դեռևս չկա սոցիալական շերտ, որը շահագրգռված լինի բարեփոխումներով: Կամ հնարավոր է` արդեն չկա: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականորեն ասած, վերածվել է մեր հասարակության բեռի, շատ բարձր է: Պառակտումը, իներտությունը և կամազրկությունը հասել են այնպիսի վտանգավոր սահմանի, որ արդեն կասեցնում են ազգի վերարտադրվելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը: Դրա օրինակները մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտվում ենք պարտության հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրեցօր: Կա’մ զարթոնքի թարմ քամի և քայլ դեպի ապագա, կա’մ մակաբուծություն սեփական պատմության վրա. ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպես որ, հարգելի’ ընկերներ, մի’ շեղվեք դեպի անիմաստ բանավեճեր սուր մեկնաբանություններ թողնող հեղինակների հետ. թող գրեն` ինչ ուզում են: Կարևորն այն է, որ կարդում են, և ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշտ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նյարդայնանում են: Բայց նրանք նույնպես մեր հարազատն են, մեր հայրենակիցները, և եթե նրանք ճշմարտություն են փնտրում, մենք չենք թողնի նրանց մենակության և անորոշության մեջ: